Ամեն անգամ բեմից ցանկանում եմ փախչել, որ ոչ ոք ինձ չտեսնի. Մարջան Ավետիսյան
Բեմ բարձրանալը տարիների փորձ ունեցող դերասանի համար էլ կարող է ուղեկցվել լարվածությամբ ու վախով։ Մարջան Ավետիսյանը խոստովանում է՝ որքան էլ փորձառու լինի, բեմ դուրս գալուց առաջ երբեմն ցանկանում է պարզապես փախչել ու թաքնվել։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է դերասանի մասնագիտության բարդությունների, հանդիսատեսի արձագանքից կախված լինելու, նոր կերպարներ ստեղծելու և խաղընկերների հետ աշխատանքի մասին։

Մարջան Ավետիսյանի խոսքով՝ մարդկանց ծիծաղեցնելն ու ուրախացնելը երբեմն ավելի դժվար է, քան նրանց հուզելը։ Դրա համար, ըստ նրա, դերասանից հատուկ վարպետություն է պահանջվում։
«Մարդկանց ուրախացնելն ավելի բարդ է։ Այստեղ կոնկրետ վարպետություն է պետք՝ մարդկանց ուրախացնելու, ամեն ինչ անելու համար, որ բեմը չդառնա փողոց։ Ինձ համար այդ ամենը կարևոր է»,- ասել է նա։
Դերասանուհին խոստովանում է՝ բեմական սթրեսը տարիների ընթացքում չի անհետացել։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր ներկայացումից առաջ այն նորից իրեն զգացնել է տալիս։
«Այսօր բեմ մտնելուց առաջ ինքս ինձ ասում էի՝ այդ ինչ աստիճան խեղված պիտի լինես, որ այս մասնագիտությունն ընտրես։ Բեմ մտնելու սթրեսը չափազանց բարդ բան է։ Ամեն անգամ ինձ չի լքում այն ցանկությունը, որ ուզում եմ փախչել տուն, գնալ մի տեղ թաքնվել, որ ինձ ոչ ոք չտեսնի։ Շատ դժվար է դա հաղթահարելը»,- պատմել է Մարջան Ավետիսյանը։
Նրա համար բեմական աշխատանքի կարևորագույն մասը նաև հանդիսատեսի հետ կապն է։ Դերասանուհին չի թաքցնում՝ բեմից ստացվող արձագանքը անմիջականորեն ազդում է իր խաղի վրա։
«Դու կախված ես մարդկանց ուշադրությունից, թեկուզ հենց այդ պահին՝ ծափերից, նրանց հիանալուց։ Դա էներգիա տալու և ստանալու արվեստ է։ Երբ հանդիսատեսը ուշադիր չէ, ու դահլիճից ռեակցիա չես ստանում, այսպես ասած՝ փոսն ես ընկնում։ Անշուշտ, կախվածություն կա այդ ամենից»,- նշել է նա։

Մարջան Ավետիսյանի համար յուրաքանչյուր նոր կերպար նոր փորձություն է։ Դերասանուհին ասում է՝ նոր դերում իրեն գրավում է հենց նոր բան փորձելու հնարավորությունը։
Մարջան Ավետիսյանը կարևորել է նաև խաղընկերների հետ փոխադարձ վստահությունը։ Նրա խոսքով՝ բեմում երբեմն հենց գործընկերներն են օգնում հաղթահարել լարվածությունն ու չկորցնել կենտրոնացումը։
Դերասանուհին նաև խոստովանել է, որ դեռ չի ստեղծել այն կերպարը, որի մասին կարող է ասել՝ հենց սա է իր ամենասիրելի դերը։ Նրա համոզմամբ՝ այդ կերպարը դեռ առջևում է։
Մարջան Ավետիսյանը անդրադարձել է նաև «Մեր բակը 2»-ի նկարահանումներին, սակայն նշել է, որ այս պահին իր մասնակցության վերաբերյալ մանրամասներ հրապարակելու իրավունք չունի։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան







