Էլեն Սաֆարյանը՝ նոր կերպարի, Արսեն Սաֆարյանի դստեր ընկալումից դուրս գալու, սիրելիի աջակցության մասին
Էլեն Սաֆարյանը շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարով՝ «Ակադեմիա» նախագծում։ Նախագծի հիմքում միստիկ պատմություն է, փակ և առանձնահատուկ աշխարհ, որտեղ տարբեր կերպարներ հայտնվում են մի միջավայրում, որը սովորական իրականությունից տարբերվում է։ Էլենը նախագծում մարմնավորում է Վիկային՝ բարդ և խորքային պատմություն ունեցող կերպարի։

Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է ստացել առաջարկը, ինչու է Վիկան իրենից ամբողջությամբ տարբերվում, ինչ է զգացել կերպարը մարմնավորելու առաջին նկարահանումից հետո, ինչպես նաև խոսել է դերասանական տարբեր ժանրերում իրեն փորձելու, Արսեն Սաֆարյանի դստեր ընկալումից դուրս գալու և սիրելիի աջակցության մասին։
Էլենը պատմել է, որ նախագծի առաջարկը ստացել է ինստագրամով։ Նախագծի հեղինակներից Գևորգը նախկինում տեսել էր նրա մասնակցությամբ ներկայացման գովազդային հոլովակը և հավանել էր դերասանուհու խաղը։
«Գևորգն ինձ գրել էր ինստագրամով։ Մինչ այդ տեսել էր իմ մասնակցությամբ ներկայացման գովազդային հոլովակը, հավանել էր իմ խաղը և այդպես կապվել ինձ հետ։ Երբ լսեցի առաջարկի ու կերպարի մասին, շատ ոգևորվեցի։ Նախագիծը պետք է ավելի շուտ սկսեր նկարահանվել, և երկար ժամանակ չգիտեինք՝ ի վերջո կնկարահանվի՞, թե՞ ոչ, բայց մեր պայմանավորվածությունը ուժի մեջ մնաց մինչև վերջ»։
Դերասանուհին դեռ մեկ օր է նկարահանվել, սակայն արդեն հասցրել է կերպարի և թիմի հետ կապված մեծ էմոցիաներ ստանալ։
«Մինչև նկարահանումները ռեժիսորի՝ Տիգրանի հետ երկար զրուցել ենք, որպեսզի ճիշտ հասկանամ կերպարի հոգեբանությունը։ Վիկան շատ խորն ու հետաքրքիր կերպար է։ Հասկացել եմ, որ նրան մարմնավորելիս մեծ պատասխանատվություն կա, որովհետև շատ զգույշ պետք է մոտենալ Վիկային։ Երեկ երեք տեսարան ենք նկարել։ Ամբողջ թիմը շատ հոգատար է, և աշխատանքային գործընթացը շատ հաճելի ու կրեատիվ է։ Բոլորը մեծ ցանկությամբ աշխատում են, որպեսզի գեղեցիկ բան ստանանք։ Հույս ունեմ՝ հեռուստադիտողն էլ կգնահատի»։
Առաջին իսկ նկարահանումներից հետո Էլենը խոստովանում է՝ Վիկան իր վրա մեծ ազդեցություն է թողել։
«Երեք տեսարանից հետո արդեն զգացի, որ Վիկան հետք է թողել։ Խաղալուց հետո դատարկություն զգացի և նույնիսկ ուզում էի, որ Վիկան իրականում լիներ, որ կարողանայի գտնել, շփվել ու գրկել նրան։ Շատ ցավ եմ ապրում Վիկայի համար։ Խաղալիս նրան շատ խորն եմ զգում»։
Էլենի խոսքով՝ Վիկան իր բնավորության, ապրելակերպի և անցած ճանապարհի հետ գրեթե ոչ մի ընդհանրություն չունի։ Կերպարի ընտանեկան խնդիրները և անցած տրավմաները դերասանուհուն հատկապես օտար են։
«Կերպարը բացարձակապես տարբեր է ինձնից՝ թե՛ իր ապրելակերպով, թե՛ ընտանեկան խնդիրներով։ Նա կոնֆլիկտ ունի ծնողների հետ և շատ խորը տրավմաներ։ Ինձ համար դրանք շատ օտար են, որովհետև ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ միշտ սիրված եմ եղել և ստացել եմ այդ սերը, հոգատարությունը։ Վիկան նաև խնդիր ունի թմրանյութերի հետ։ Երբ կարդում եմ սցենարը, հասկանում եմ, թե որքան տրավմատիկ է կերպարը և որքան զգույշ պետք է նրան մոտենալ»։
Դերասանուհին ընդգծում է՝ հենց կերպարի՝ իրենից տարբեր լինելն է այն պատճառներից մեկը, որի համար առավել ոգևորված է։

«Ես սիրում եմ, երբ կերպարն ընդհանրապես ինձ նման չի լինում։ Այդ դեպքում նրան մարմնավորելը շատ ավելի հետաքրքիր է՝ հասկանալը, փորձել ստանալը, ճիշտ ձևով հեռուստադիտողին ցույց տալը։ Շատ ուրախ եմ, որ Վիկայի հետ ընդհանուր բան չունեմ, որովհետև սա նոր մարտահրավեր է։ Բայց երեկ, երբ խաղացի այդ երեք տեսարանը, հասկացա, որ արդեն կապված եմ Վիկայի հետ։ Նույնիսկ այնպիսի զգացողություն ունեի, որ ուզում եմ նրան պաշտպանել բոլորից»։
Էլենը չի վախենում, որ կերպարի չափազանց բնական ներկայացման դեպքում հեռուստադիտողը կարող է Վիկային նույնացնել հենց իր հետ։ Նրա խոսքով՝ դերասանի և կերպարի տարբերությունը սովորաբար հանդիսատեսը կարողանում է հասկանալ։
«Կարծում եմ՝ հեռուստադիտողը, երբ կապվում է կերպարի հետ, շատ լավ կարողանում է տարբերել դերասանին կերպարից։ Ես դեռ նման խնդիր չեմ ունեցել։ Վիկայի դեպքում ուզում եմ այնպես մարմնավորել նրան, որ բոլորը հասկանան՝ սա լրիվ ուրիշ պատմություն է և Էլենի հետ կապ չունի։ Ես պարզապես խաղի միջոցով ցույց եմ տալիս Վիկային, նրա խնդիրներն ու պատմությունը»։
Դերասանուհու համար հատկապես կարևոր է, որ կերպարի պատմությունը ճիշտ ընկալեն նաև դեռահասները։
«Ես միայն ուրախ կլինեմ, եթե կարողանամ բնական ու ճիշտ ցույց տալ այն ամենը, ինչի միջով անցնում է Վիկան։ Ինձ համար կարևոր է, որ հեռուստադիտողը, հատկապես դեռահասները, հասկանան՝ որքան վատ կողմեր ունի այդ ամենը։ Ուզում եմ, որ նույնիսկ վատ զգան Վիկայի համար, ապրումակցեն նրա ցավը»։
Էլենը շարունակում է ակտիվ դերասանական գործունեությունը նաև թատրոնում։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում դերասանության հանդեպ սերը ոչ թե նվազել, այլ ավելի է ուժեղացել։
«Սերը միայն ավելի է ուժեղացել այս մասնագիտության հանդեպ։ Ինձ մոտ միշտ նպատակ է եղել տարբեր տեսակի դերեր խաղալ։ «Շունչ» թատրոնում բեմը լրիվ ուրիշ փորձառություն է։ Հիմա նորից սկսել ենք խաղալ մարզերում ու Երևանում, և ես նույնքան, նույնիսկ ավելի մեծ հաճույք եմ ստանում կերպարը մարմնավորելուց»։
Դերասանուհին վերջերս իրեն փորձել է նաև սիթքոմի ժանրում, որտեղ մարմնավորել է Գրետիկին։
«Վախենում էի ինձ փորձել այդ ժանրում, բայց այնպես ստացվեց, որ Գրետիկը շատ սիրվեց։ Ես այնքան ուրախացա, որ իմ ջանքերն ու վախերը մի կողմ քաշվեցին, որովհետև հասկացա՝ հեռուստադիտողը ինձ նաև այդ ժանրում ընդունեց։ Ինձ համար շատ հետաքրքիր է Գրետիկին մարմնավորելուց հետո անցնել Վիկային։ Ամեն կերպար ունի իր պատմությունը, և այդ հակադրությունն ինձ շատ է հետաքրքրում։ Տարբեր կերպարների փորձը շատ բան է սովորեցնում, որպես դերասան քեզ կոփում է և քո մեջ բացահայտում երանգներ, որոնց մասին նախկինում չգիտեիր»։
Tert.am Life-ի հարցին՝ նկատո՞ւմ է արդյոք, որ վերջին շրջանում մարդիկ ավելի հաճախ են իրեն ու հայրիկին՝ Արսեն Սաֆարյանին, ընկալում որպես երկու առանձին արտիստների, Էլենը համաձայնեց՝ նշելով, որ մարդկանց վերաբերմունքն իսկապես փոխվել է։ Նրա խոսքով՝ այսօր հանդիսատեսն ավելի շատ ուշադրություն է դարձնում իր աշխատանքին և իրեն գնահատում հենց որպես Էլեն։
«Ես էլ արդեն նկատել եմ, որ ինձ լիովին առանձին են ընկալում որպես Էլեն։ Դա ինձ համար շատ հաճելի է, որովհետև հեռուստադիտողը սկսել է գնահատել իմ աշխատանքը՝ անկախ այն փաստից, որ ես Արսեն Սաֆարյանի դուստրն եմ։ Ինձ համար դա միշտ կարևոր է եղել։ Ես գիտեմ՝ ինչքան ջանք եմ դնում յուրաքանչյուր կերպար խաղալիս, ինչքան եմ ուզում, որ ամեն ինչ լավ ստացվի և ինչքան եմ սիրում իմ մասնագիտությունը։ Շատ գնահատելի է, որ մարդիկ արդեն առանձին են խոսում իմ աշխատանքի մասին»։
Էլենը նշում է, որ հաճելի է նաև այն, երբ մարդիկ շարունակում են խոսել իր հայրիկի մասին, սակայն արդեն իրեն ընկալում են որպես առանձին ստեղծագործողի։
«Շատ հաճելի է, որ նույնիսկ առանձին սիրում են ինձ, բայց նաև հայրիկիս են շատ սիրում։ Այդ մեծ փոփոխությունն արդեն կա։ Նույնիսկ երբ ինձ հետ խոսում են հայրիկիս մասին, անպայման նաև իմ մասին առանձին են խոսում՝ իմ աշխատանքից»։

Զրույցի ընթացքում Էլենն անդրադարձել է նաև սիրելիի՝ Էրիկի աջակցությանը։ Նրա խոսքով՝ իրենց հարաբերությունները հակասում են այն կարծրատիպին, թե անձնական հարաբերությունները կարող են խանգարել ստեղծագործական կարիերային։
«Ես շատ ցանկանում էի այս թեմայի շուրջ խոսել։ Կարծում եմ՝ այդ կարծրատիպը կարելի է կոտրել։ Իմ փորձով կարող եմ դա ասել։ Էրիկն ընդհանրապես իմ ոլորտի հետ կապ չունի, բայց նրա աջակցությունն ու սերն այնքան մեծ են։ Նա ոչ միայն ասում է, այլ նաև ցույց է տալիս։ Ցանկացած նոր նախագծի նկարահանումների գոնե սկզբում կամ ընթացքում կողքիս է լինում, ապրումակցում է, աջակցող խոսքեր ասում, կողքից նայում է, ինձ հետ լարվում և ուրախանում է։ Նա շատ է հարգում իմ ընտրած մասնագիտությունը և հասկանում է՝ ինձ համար որքան կարևոր է այս ամենը։ Ինձ համար երազանք է եղել, որ կողակիցս այնպիսի մարդ լինի, որը կհասկանա իմ աշխարհը, նույնիսկ եթե ինքն ուրիշ աշխարհից է, և կկարողանա կողքիս լինել ու աջակցել։ Էրիկը այդ բոլոր հատկանիշներն ունի»։
Էլենի խոսքով՝ «Ակադեմիա»-ի առաջին նկարահանման օրը ևս Էրիկն իր կողքին է եղել՝ նկարահանել է նրա սթորիների համար տեսանյութերը, հետևել նկարահանումներին և յուրաքանչյուր տեսարանից հետո իր կարծիքը հայտնել։
«Նույնիսկ երեկ առաջին օրը նա կողքիս էր։ Ինքն էր նկարում այն հոլովակները, որոնք ես հետո սթորի էի անում։ Յուրաքանչյուր տեսարանից հետո մեկնաբանում էր՝ ինչպես էր, ինչ էր։ Նույնիսկ իմ հետ լարվում էր։ Այս բարդ կերպարը տեսնելիս կողքից լարված նայում էր։ Նրա աջակցությունն ինձ համար շատ կարևոր է, և ես դա ունեմ»։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան







