Երկու դերասան, մեկ պատմություն․ ինչի՞ մասին է «Ճոճանակ» ներկայացումը (լուսանկարներ)

10:56 • 16.11.26

Երբ բեմում ընդամենը երկու դերասան են, իսկ նրանց առջև՝ մի ամբողջ պատմություն՝ իր հակասություններով, հույզերով ու անսպասելի բացահայտումներով, հանդիսատեսի ուշադրությունը պահելը դառնում է առանձնահատուկ մարտահրավեր։ Հենց այսպիսի բեմադրություն է «Ճոճանակը», որը ֆրանսիացի դրամատուրգ, սցենարիստ և կինոռեժիսոր Էրիկ Ասուսի պիեսի հիման վրա բեմադրել է ռեժիսոր Նարինե Մալյանը։ Պիեսը 2004 թվականին բեմադրվել է նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի մասնակցությամբ։

Ներկայացման գլխավոր առանձնահատկություններից մեկը դերակատարների փոքրաթիվ կազմն է․ բեմում ընդամենը երկու դերասան են՝ Գուրգեն Սարգսյանն ու Լիլի Էլբակյանը։ Սակայն կերպարների և զգացմունքային անցումների բազմազանությունը թույլ չի տալիս բեմադրությունը սահմանափակել միայն երկխոսությամբ։

Գուրգեն Սարգսյանի խոսքով՝ պիեսին ծանոթանալուց հետո անմիջապես հասկացել է, որ ցանկանում է մարմնավորել այդ պատմությունը։

«Դերը շատ հզոր և ուժեղ դեր է։ Ու հատկապես հետաքրքիր էր, երբ իմացա, որ այս պիեսը գրվել է Ալեն Դելոնի համար։ Սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ ես պետք է խաղամ այն»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է Գուրգեն Սարգսյանը։

«Ես ուզում եմ հանդիսատեսը իմ խաղից հետո տպավորված դուրս գա դահլիճից։ Որ կարողանանք, հանդիսատեսին այնպես ճանապարհել, որ ինքը լիցքավորված գնա տուն։ Հենց սկզբից ես ռեժիսոր Նարինե Մալյանին խնդրել եմ, որ սա լինի երկու դերասանի խաղ»,- հավելել է դերասանը։

Դերասանի համար կարևոր է եղել նաև խաղընկերոջ ընտրությունը։ Սցենարը կարդալուց հետո նա երկար է փնտրել այն դերասանուհուն, որի հետ կկարողանա կյանքի կոչել պիեսը։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ երբ առաջարկել է Լիլի Էլբակյանի թեկնածությունը, պարզվել է, որ վերջինս նույնպես շուրջ մեկ տարի փնտրել է խաղընկերոջ, որի հետ կխաղա հենց այս ստեղծագործությունը։

Լիլի Էլբակյանի համար պիեսը դեռ առաջարկից առաջ էր առանձնահատուկ տեղ զբաղեցրել։ Դերասանուհին այն կարդացել էր և ցանկացել խաղալ՝ համարելով իսկական դերասանական հնարավորություններ բացող ստեղծագործություն։ Նրա ուշադրությունը հատկապես գրավել է մի ներկայացման ընթացքում մի քանի տարբեր կերպարներ մարմնավորելու հնարավորությունը։

«Ինձ համար սա իսկական դերասանուհու երևալու պիես է։ Այդ առումով շատ բարդ և պատասխանատու աշխատանք է։ Ինձ ամենից շատ գրավեց այն, որ մեկ ներկայացման ընթացքում կարող եմ մի քանի կերպար խաղալ՝ կարծես մի յուրահատուկ չելենջ լինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է Լիլի Էլբակյանը։

Նրա խոսքով՝ իր կերպարն անցնում է տարբեր զգացմունքային վիճակների միջով, և հանդիսատեսը մինչև վերջին մենախոսությունը չի կարող ամբողջությամբ հասկանալ՝ իրականում ինչ է ապրում հերոսուհին։ Հենց վերջաբանում հնչող խոսքերն են բացահայտում կերպարի ներաշխարհի կարևոր շերտերից մեկը։

«Ինչպե՞ս կարելի է մոռանալ և ապրել այդպես հաշտ ու խաղաղ»․ այս նախադասության մեջ, դերասանուհու համոզմամբ, թաքնված է ներկայացման կարևոր մտքերից մեկը։

Լիլի Էլբակյանը ցանկանում է, որ հանդիսատեսը ներկայացման ընթացքում ոչ միայն լավ ծիծաղի, այլև փորձի հասկանալ իր մարմնավորած աղջկան և ինքն իրեն հարց տա՝ իսկ ի՞նչ կանեի ես նրա փոխարեն։

«Ճոճանակը» միաժամանակ հումորի և լուրջ զգացմունքների համադրություն է, որտեղ երկու դերասանի խաղի միջոցով բացահայտվում են մարդկային հարաբերությունների տարբեր կողմերը։ Իսկ ներկայացումից հետո, թերևս, հանդիսատեսին մնում է ոչ միայն տեսածի տպավորությունը, այլև մի հարց, որի պատասխանը յուրաքանչյուրն իր ներսում պիտի փնտրի։