Ես ինքս չհասկացա, թե ինչ պատահեց. Շարլիզ Թերոնն առաջին անգամ մեկնաբանել է իր ու Շոն Փենի բաժանումը
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնը Շոն Փենից բաժանվելուց հետո առաջին անգամ մեկնաբանություն է տվել այդ թեմայի շուրջ:
Ինչպես նշում է Tatler-ը, բարեկազմ շիկահերը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենց սիրային հարաբերություններն ամենևին էլ դրամատիկ կամ սենսացիոն ավարտ չեն ունեցել:
«Մարդիկ միշտ սենսացիաներ են փնտրում: Օրինակ` եթե սիրավեպն ավարտվում է, ուրեմն անպայման պետք է դրամա կամ որևէ խենթ ու խելառ պատմություն լինի: Բայց մեր պարագայում նման ոչ մի բան չի եղել: Ես ինքս մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Մենք հարաբերությունների մեջ էինք, բայց մի պահ հասկացանք, որ դրանք այլևս բանի պետք չեն: Եվ մենք որոշեցինք բաժանվել»,-ասել է Թերոնը:
Նա նաև հերքել է ԶԼՄ-ների կողմից ակտիվորեն շրջանառվող այն լուրը, թե իբր Փենը որդեգրել է իր որդեգիր 2 երեխաներին:
«Մենք հանդիպել ենք ընդամենը 18 ամիս, իսկ դա չափազանց կարճ ժամանակ է նման բնույթի կարևոր որոշում կայացնելու համար: Երկու դեպքում էլ ես ձևակերպված եմ որպես միայնակ մայր. Շոնն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել»,- մանրամասնել է հոլիվուդյան գեղեցկուհին:














