Մորգենշտերնը դեկտեմբերի 19-ին համերգ կտա Երևանում․ ինչն է դժգոհություն առաջացրել
Ռուս ռեփեր Մորգենշտերնը դեկտեմբերի 19-ին համերգով հանդես կգա Երևանում։ «Morgenshtern Fest»-ը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արտիստի խոսքով՝ սա վերջին հինգ տարվա ընթացքում իր առաջին ելույթը կլինի ԱՊՀ-ում։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին։
Երևանյան համերգի հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում քննարկումներ են սկսվել նաև Մորգենշտեռնի շուրջ վերջին տարիներին ձևավորված հակասական վերաբերմունքի վերաբերյալ։ Ռեփերը հաճախ հայտնվում է ոչ միայն երաժշտական, այլև անձնական և հանրային քննարկումների կենտրոնում։
Վերջերս՝ սեպտեմբերի 1-ին, Մորգենշտերնը հարցազրույց է տվել Յուրի Դուդին։ Զրույցում նա պատմել է Ռուսաստանից հեռանալու և երկիր վերադառնալու հնարավորությունների մասին։ Ռեփերի պնդմամբ՝ իրեն առաջարկվել է հրապարակայնորեն աջակցել պատերազմին, այցելել օկուպացված տարածքներ և ներողություն խնդրել՝ Ռուսաստան վերադառնալու հնարավորության դիմաց։
Նա նաև ասել է, որ իրեն առաջարկվել է մեկ միլիոն դոլար վճարել՝ հարցը լուծելու համար։ Մորգենշտեռնի խոսքով՝ ինքը հրաժարվել է այդ տարբերակներից։

Մորգենշտեռնի անձնական կյանքը ևս վերջին ամիսներին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նրա նախկին ընկերուհին՝ Լիզա Վասիլենկոն, 2026 թվականի ապրիլին հրապարակված հարցազրույցում մանրամասներ է պատմել իրենց հարաբերությունների մասին՝ խոսելով վերահսկողության, վիրավորանքների և իր համար ծանր փորձությունների մասին։
Նրանց բաժանման թեմային անդրադարձել է նաև Մորգենշտերնը՝ սեպտեմբերին հրապարակված հարցազրույցում։
Մորգենշտերնը Ռուսաստանից հեռացել է 2021 թվականին։ 2022 թվականի մայիսին ՌԴ արդարադատության նախարարությունը նրան ներառել է օտարերկրյա գործակալների շարքում։
Նրա նկատմամբ Ռուսաստանում հետագայում նաև իրավական գործընթացներ են ընթացել։ Այժմ ռեփերը պատրաստվում է Երևանում մեծ համերգի։ «Morgenshtern Fest»-ի ծրագրում ընդգրկված են նրա տարբեր տարիների բեմական անունները՝ Morgenshtern, Alisher, Israel Yehuda, Mamavirgin և Deenes MC։









