Այսօր հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկի` Կիմ Արզումանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 90 տարեկան
Մարտի 31-ը հայ անվանի ռեժիսոր և հայկական հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկի՝ Կիմ Արզումանյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 90 տարեկան:
Թատրոն, հեռուստատեսություն, ռադիո, մանկավարժություն. ահա այն քառուղիները, որոնցով կես դար շարունակ քայլել և գործել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանը:
Կիմ Արզումանյանի կենսագրության ամենավառ էջերից մեկը «Սայաթ-Նովա» գեղարվեստական հեռուստաֆիլմի ստեղծումն էր 1960թ., որը նվիրված էր մեծանուն տաղերգուի ծննդյան 250-ամյակին: Հեռուստատեսային սուղ միջոցներով, հիմնականում 60 քմ տարածքով տաղավարում նկարահանված հեռուստաֆիլմը տասնյակ տարիներ ի վեր իր պատվավոր տեղն է գրավում հայկական էկրանի ոսկե ֆոնդում։
Դիտել ֆիլմը՝
Կիմ Արզումանյանը պատկառելի վաստակ ունի նաև Սունդուկյանի անվան ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պատանի հանդիսատեսի թատրոններում:
1956-1957թթ. Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման տարիներից ի վեր Կիմ Արզումանյանն աշխատել է ժամանակի գրեթե բոլոր հայտնի հայ դերասանների հետ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Կարպ Խաչվանքյան, Բաբկեն Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Մելինե Համամջյան, Արուս Ասրյան և այլն:
Ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց Կ. Արզումանյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:








