Հավանական է, որ կհաղթի «Բարսելոնան». armsport.am-ի գլխավոր խմբագիրը կանխատեսում է Էլ Կլասիկոյի արդյունքը
Շաբաթ օրը՝ ապրիլի 2-ին Camp Nou մարզադաշտում կայանալիք «Էլ Կլասիկոյին»՝ «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» դիմակայությանն ընդառաջ Tert.am Youth-ը անցկացրեց հարցում հայ հայտնի ֆուտբոլասերների շրջանում։ Այս անգամ մեր զրուցակիցն է ArmSport.am կայքի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը, ով փորձել է կանխատեսել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կայանալիք «ֆուտբոլային ուիքենդի» կենտրոնական հանդիպման արդյունքը։
-Ի՞նչ կանխատեսում ունեք, ո՞վ կհաղթի։
-Այս թիմերի մասնակցությամբ խաղերում սովորաբար արդյունքն անկանխատեսելի է, և ամեն ինչ հնարավոր է, բայց այս անգամ «Բարսելոնայի» շանսերն ավելի մեծ են թվում, և հավանական է, որ կատալոնացիները կհաղթեն: Ընթացիկ մրցարջանում «Բարսելոնան» շատ ավելի տպավորիչ խաղ է ցուցադրում, իսկ «Ռեալում» խնդիրներ կան, ինչի արդյունքում Ռաֆայել Բենիտեսը պաշտոնանկ արվեց, իսկ ներկայումս Զիդանը փորձում է կարգավորվել «Արքայական ակումբի» խաղը:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ հաշիվ կգրանցվի։
-Զերծ կմնամ ստույգ հաշիվ նշելուց: Հավանական է, որ կհաղթի «Բարսելոնան»:
-Իսկ ո՞ր ակումբի կողմն է Ձեր համակրանքը:
-Ես անգլիական «Լիվերպուլի» երկրպագու եմ, իսկ իսպանական գրանդ ակումբների դեպքում չեզոք մոտեցում ունեմ: Երբ լինում եմ Բարսելոնայում, հաճույքով այցելում եմ «Բարսելոնայի» թանգարան, երբ Մադրիդում եմ լինում, նույն կերպ գնում եմ «Ռեալի» թանգարան և մարզադաշտ: Իմ զույգ տղաները, ովքեր 2.5 տարեկան են, խաղում թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» լոգոյով գնդակներով (ծիծաղում է): Ինչպես նշեցի, ես «Լիվերպուլի» երկրպագու եմ, որտեղ մի քանի տարի փայլել է Լուիս Սուարեսը: Ուրախ կլինեմ, եթե Սուարեսը առաջիկա խաղում արդյունավետ խաղ ցուցադրի:
-Այսօր կան հայտնի հարձակվողական եռյակներ՝ Մեսսի-Սուարես-Նեյմար, Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա, Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ։ Ո՞րն է դրացից լավագույնը։
-Փաստն այն է, որ Մեսսի, Սուարես, Նեյմար եռյակը գործնականում ապահովել է «Բարսելոնայի» չեմպիոնական տիտղոսը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Սրանով ամեն ինչ ասված է: Այլ հարց է, որ հասկանալի պատճառներով մեզանից շատերին հուզում է Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռյակը:
-Ինչի՞ց է կախված խաղի ելքը՝ «Ռեալի» վատ խաղից, թե՞ Մեսսիի լավ խաղից։
-Առաջին շրջանում կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» խաղում հյուրերը հաղթեցին 4 գնդակի տարբերությամբ, երբ Մեսսին հիմնական կազմում չէր և փոխարինման դուրս եկավ 2-րդ խաղակեսում: Այդ պահին «Բարսելոնան» արդեն հաղթում էր 3:0 հաշվով և վճռել էր խաղի ելքը: Սա փաստում է, որ «Բարսելոնայի» խաղը կախված չէ միայն Մեսսից: Նման լարված եւ անզիջում խաղերում կարող է հաղթել այն թիմը, որը 11 խաղացողներն էլ իրենց բարձրության վրա են:
-Այս խաղից առաջ ի՞նչ կմաղթեք «Ռեալի» մոլի երկրպագուներին։
-Ցանկանում եմ, որ անկախ հանդիպման ելքից եւ տեղի ունեցող իրադարձություններից, երկու թիմերի հայ երկրպագուներն էլ կոռեկտություն ցուցաբերեն մեկնաբանություններում: Շատ տգեղ է, որ այս մեծ ակումբների դիմակայությունից հետո սոցկայքերում հիմնականում երիտասարդ հայ ֆուտբոլասերները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են անում: «Էլ Կլասիոն» ֆուտբոլային տոն է, որը պետք է վայելել և միմյանց հանդեպ հարգանք ցուցաբերել, առավել եւս, որ մենք գտնվում ենք այդ դիմակայությունից 4770 կմ հեռավորության վրա…
-Եվ վերջին հարցը։ Ձեր կանխատեսմամբ, ո՞ր հավաքականը կհաղթի գալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում։
-Եվրոպայի առաջնությունը ունի երկու ընդգծված ֆավորիտ՝ Ֆրանիսան և Գերմանիան: Ֆրանսիացիները բավական ուժեղ կազմ ունեն և հանդես են գալու սեփական հարկի տակ, ինչը առավելություն է տալիս, իսկ Գերմանիան աշխարհի գործող չեմպիոնն է, որը կփորձի 20 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնալ ուժեղագույնը Եվրոպայում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կկայանա ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը, որը նաև կարևորագույններից է ամբողջ մրցաշրջանի ընթացքում. առաջատար «Բարսելոնան» կհյուրընկալի «Ռեալին»: «Էլ Կլասիկոն» այս անգամ որոշակիորեն այլ բնույթ ունի, քանի որ կատալոնացիները մադրիդյան թիմից առաջ են 10 միավորով, սակայն կարևորագույն մոտիվացիա է այն հանգամանքը, որ «արքայական» ակումբն այժմ 3-րդն է մրցաշարային աղյուսակում և ձգտելու է շրջանցել «Ատլետիկոյին», հակառակ դեպքում գրեթե ոչինչ չի խանգարի «Բարսելոնային» չեմպիոնությունից:
Հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում, որն առաջիկայում հնարավոր է փոխի անվանումը՝ ի հիշատակ «Բարսելոնայի» և հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրուիֆի:

Հիշեցնենք, որ 1-ին շրջանի խաղում «կապտանռնագույնները» 4 անպատասխան գնդակ են ուղարկել «սերուցքայինների» դարպասը: Այդ առումով ևս առաջիկա հանդիպման նշանակությունը չափազանց մեծ է:
Հեղինակ՝ Լենա Մինասյան
Կարդացեք նաև՝ Մհեր Խաչատրյանի կանխատեսումը







