#KarabakhNow. Տղերքը, որ հերոսացան
newmag-ը ներկայացնում է մեր զինվորների ու հասարակ քաղաքացիների աննախադեպ սխրանքները:
Արցախյան արյունոտ այս օրերին բոլորը` զինվորից մինչև հովիվ, խախտեցին ռազմի պատմության գրեթե բոլոր օրինաչափությունները: Նույնիսկ ավանդական դարձած հերոսությունները արեցին ոչ այնքան ավանդական եղանակով:
Հովվի որսը
Մարտակերտի դիրքերի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը խոցել է մի հովիվ, որի անունը դեռ չի հրապարակվում: Տեսնելով ԱԹՍ, անմիջապես կռահել է, որ հայկականը մեր դիրքերի վրայով չէր թռչի, և որսորդական հրացանով անմիջապես ոչնչացրել Իսրայելում արտադրված գերժամանակակակից մարտական ԱԹՍ-ն:
Համեստ հերոսը
Աննախադեպերի շարքից էր նաև Նարեկ Մալխասյանի սխրանքը: Հակառակորդի ուղղաթիռը խոցել է բնավ ոչ հակաօդային պաշտպանության համար նախատեսված զենքով, այլ նռնակականետով (РПГ-7), որը նախատեսված է տանկերի, թեթև զրահատեխնիկայի ու հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար, բայց ոչ ուղղաթիռի:

Ուղղաթիռը դիրքերին մոտեցել է այն ժամանակ երբ Նարեկի հանգստի ժամն էր: Ձայնը լսելուն պես դուրս է եկել և առանց հապաղելու կրակել ուղղաթիռի վրա: Նրա խոսքն էլ դարձել էր թևավոր խոսք. հենց այսպես` պարզ, համեստ ու հզոր:
«Տեսա գալիս ա, կրակում ա մեր վրա, ես էլ իրա վրա կրակեցի»:
Եվս մեկ ուղղաթիռ
Նույն ապրիլի երկուսին խոցվեց թշնամական ևս մեկ ուղղաթիռ: Այս մեկի ճանապարհն էլ կտրել էր շարքային Գևորգ Մանուկյանը:

Եղբայրական թուջե գերեզման

Զորամասերից մեկի զրահատանկային ծառայության պետ, մայոր Հովսեփ Մայիլյանն ինքն անձամբ էր նստել տանկ և նետվել թշնամու տանկերին ընդառաջ: Թե քանի տանկ խոցեց դեռ հայտնի չէ, ինքն էլ չհասցրեց իմանալ: Հակառակորդը խոցեց նրա տանկը: Մայոր Մայիլյանին ճանաչողները հիշում են, որ ՊԲ-ում լավագույններից մեկն էր: Տանկի ձայնից արդեն հասկանում էր, թե ինչ խնդիր ունի, ու միշտ կրկնում էր.
«Երեխաներիցս շատ զինվորներիս եմ սիրում, զինվորներիցս էլ շատ էս տանկերին»:
Նռնակի պաշտամունք

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն չկարողացավ հաշտվել գերի ընկնելու մտքի հետ: Իր դիրքի վրա հարձակումից հետո զինվորներին հետ է ուղարկում ու միայնակ շարունակում պայքարել թշնական մեծաքանակ խմբի դեմ: Այդ ընթացքում հասցնում է հակառակորդի մեկ տանկ խոցել ու բազում մարդկային կորուստներ պատճառել: Հակառակորդը , սակայն կարողանում է նեղացնել շրջափակման օղակը և կապիտան Ուրֆանյանը վերջին նռնակով պայթեցնում է ինքն իրեն` իր հետ միասին ոչնչացնելով նաև հակառակորդի զինցորներին: Նրա ծառայակիցները հիշում են հերոս կապիտանի հորդորը.
«Ձեր նռնակներին լավ նայեք, եթե հարձակվեն դիրքի վրա, ձեր փրկությունը հենց նռնակն է լինելու»:
Նրանք պարզ հերոսներից մի քանիսն էին: Հերոսաբար գործել են բոլորը, դա են վկայում հակառակորդի բազմաթիվ կորուստները:
Աղբյուրը՝ newmag








