«Կոնֆետ ու պեչենի մի ուղարկեք էլ սահման, փոխարենը՝ «նաչնոյ վիդենիա» ուղարկեք». Հախվերդյանը փոխանցեց ազատամարտիկի պահանջը
Հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանը հրավիրված ասուլիսին փոխանցեց առաջին գծում գտնվող ընկերոջ՝ ազատամարտիկ Վարդան Գևորգյանի պահանջը, թե ճակատում ինչի կարիք կա: Նա նշեց, թե իրեն ասել են, որ օլիգարխներին փոխանի, որ այլևս« կոնֆետ ու պեչենի մի ուղարկեք, պետք չի, դրա փոխարեն ուղարկեք «նաչնոյ վիդենիա» և «տեպլովիզոր»»:
Այնուհետև նա անձամբ ասուլիսի ժամանակ զանգեց ազատամարտիկ ընկերոջը, ով նույնը կրկնեց: Ազատամարտիկը նաև ասաց, որ առաջին գծում են, զինվորների կողքին ու բոլորի «դուխն էլ տեղն» է: Նա ասաց, թե 2500-ից ավելի հակառակորդ են խփել այս օրերին ու 35 տանկ : «Էդ օլիգարխիկները թող տեղներից շարժվեն ու հերիքա, կոնֆետ ու պեչենի թող չուղարկեն»,- կրկնեց նա:
Այնուհետև երգիչն իր կարծիքը հայտնեց, թե այս քառօրյա պատերազմը ռուսական ծրագիր էր: «Չեմ ուզում ասել, որ նույն պլանը կիրառում են հիմա, բայց ռուսների համար Հայաստանը միշտ էլ եղել է այն, որ Армения без армян լինի»,- ասաց նա:
Հախվերդյանը նշեց, թե Ադրբեջանը բոլորովին չէր սպասում, որ այսպիսի հակահարված կստանա, իսկ ռուսների համար ըստ նրա՝ «լրիվ միևնույն էր»: «Իրանք միշտ ուշացումով որպես ազատարար զորք գալիս են, բայց պետք չեն նրանք, թող իրենց Ուկրաինայի մասին մտածեն»,- ասաց նա:
Նա նշեց, թե չգիտի միջազգային հանրությունն ինչ կանի, բայց որ Թուրքիան էլ մասնակցություն ունի այս ամենում` ակնհայտ է, որոնց հետևին էլ, ըստ երգչի, Ամերիկան է կանգնած:







