Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմի» մրցանակին
Հյուսթոնի միջազգային 49-րդ կինոփառատոնում կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմի» մրցանակին՝ «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» անվանակարգում։ Ինչպես «Թերթ.am»-ին տեղեկացրին հեղինակները, փառատոնն անցկացվել է ապրիլի 8-17-ը։
«Հյուսթոնի միջազգային կինոփառատոնը համարվում է Միացյալ Նահանգների ամենահին երեք կինոփառատոներից մեկը և առանձնանում է նրանով, որ այստեղ ներկայացված են բացառապես հեղինակային ֆիլմեր՝ աշխարհի ավելի քան 60 երկրներից։ Փառատոնին տարբեր տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են ունեցել այնպիսի հեղինակավոր կինոռեժիսորներ, ինչպիսիք են՝ Սթիվեն Սպիլբերգը, Ջորջ Լուկասը, Դեվիդ Լինչը և այլք»,- նշում են հեղինակները։
Տեղեկացնենք, որ «Ռոմանտիկների» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Գոթենբորգի» 37-րդ միջազգային կինոփառատոնում, որին հաջորդել են մի շարք այլ ՄԿՓ-ներ։ Ֆիլմը նաև արժանացել է «Հայակ» Ազգային կինոմրցանակաբաշխության «Լավագույն Սցենար» մրցանակին։ Գլխավոր դերերը մարմնավորել են՝ Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Քթոյանը, Դեյվիդ Ֆրանցրեբը, Կարեն Խոսրովյանը, Հակոբ Մանուկյանը, Ռոբերտ Դանիելյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթթը։







