Երիտասարդական նվագախումբը «Ավրորա»-ի հանձնման արարողությանը կկատարի Ազնավուրի երգերից
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ավրորա» մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությանը կկատարի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երգերից մեկը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Նվագախումբը ապրիլի 24-ին կայանալիք արարողությանը կատարելու է հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից։ Մասնավորապես, ներկայացվելու են հատվածներ Ավետ Տերտերյանի 3-րդ, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներից, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի երգերից մեկը և այլն»,-տեղեկացրին մեզ բաժնից:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի և կմասնակցի «Ավրորա» մրցանակի հանձնմանը: «Մեզ համար մեծ պատիվ է լինել բեմում, ներկայացնել մեր արվեստը, երբ դահլիճում նստած է Շառլ Ազնավուրը: Շատ պատասխանատու է»,-մեզ հետ զրույցում ասել էր ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։







