Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել

12:59 • 05.05.16

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:

 

Շանթին երեկ ենք վիրահատել,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը,- կատարվել է ծայրատի ռեամպուտացիա…

 

Սովորական բառերով ասած` 20-ամյա զինվորը զրկվել է ոտքից:

 

-Կկարողանա՞ խոսել,- հարցնում եմ բժշկին:

 

-Իհարկե,- պատասխանում է համոզված,- ամուր տղա է: Վերքը լավանալուց հետո կգնա պրոթեզավորման:

 

«Իսկ եթե տրամադրություն չունենա,- մտածում եմ հիվանդասենյակ գնալու ճանապարհին: Ռեամպուտացիա… պրոթեզավորում: Նա ընդամենը 20 տարեկան է…»:

 

Շանթը բարձրահասակ է, թիկնեղ, աթլետիկ կազմվածքով:

 

-Կկարողանա՞ս խոսել,- հարցնում եմ անվստահ:

 

-Ինչո՞ւ պիտի չկարողանամ,- պատասխանում է լայն ժպտալով:

 

Հետո տեղ է բացում ինձ համար:

 

-Նստեք այստեղ, հարմար տեղավորվեք,- ասում է քաղաքավարի, հոգատար:

 

Ես չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը, ինչ հարցնեմ, որ չխռովվի նրա հոգու փխրուն անդորրը, որ հրեշավոր պատկերները չգան ու չխռնվեն գլխի մեջ, աչքերի առաջ, չցավեցնեն սիրտը…

 

-Ադրբեջանցիներն ո՞նց էին կռվում,- ես հեռվից եմ գալիս:

 

-Շատ վատ,- պատասխանում է ինքնավստահ,- նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են: Շատ-շատ են: Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով: Բայց հենց մի քանի զոհ են տալիս, ինչ թափով որ եկել են, նույն թափով փախչում են` զինակից ընկերների մարմինները թողնելով մարտադաշտում: Թշնամուն պիտի վախեցնես: Ես շատ եմ զրուցել Արցախյան պատերազմի ֆիդայիների հետ, ու երբ նրանք ասում էին, որ ադրբեջանցիները շատ վախկոտ են, չէի հավատում, մտածում էի` պարծենում են: Մինչև որ ինքս չհամոզվեցի: Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:

 

Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու: Երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել տղային:

 

-Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ ետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ,- զինվորը նորից ժպտում է:

 

Որտեղի՞ց է ուժ գտնում, երբ է այդպես կոփել սեփական հոգին, ինչ ակունքից է սնվում վանաձորցի հասարակ տղայի կամքն ու արիությունը` մտածում եմ:

 

-Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից:

 

Հետո Շանթը խոսում էր ապագայի մասին, իր ծրագրերի, երազանքների: Նրա աչքերն ասում են` մի տխրիր, ես հաղթելու եմ, բոլոր դժվարությունները թողնելու եմ ետևում:

 

-Մայրիկիդ կանչիր՝ միասին նկարվեք,- ասում է լուսանկարիչ Արեգը Շանթին՝ մատնացույց անելով հիվանդասենյակում ներսուդուրս անող կանանց:

 

-Իմ մայրն այստեղ չէ,- պատասխանում է Շանթը:

 

-Ես նկարվեմ մայրիկիդ փոխարեն,- կատակում եմ` շեշտելով փոխարեն բառը:

 

Լայնաշուրթ ժպտում է` իհարկե:

 

Ու երբ գրկում են ուսերը, գլուխը հարմար տեղավորում է ուսիս: Մի անսահման գորով է թրթռում իմ հոգում. նա իմ զինվորն է, իմ պաշտպանը, իմ հարազատը: Մերն է: Բոլորինս:

 

hayzinvor.am

Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել