«Եվրատեսիլ-2016»-ին հաղթեց Ուկրաինան

22:57 • 14.05.16

 

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի մասնակցությունը հոբելյանական է. մեր երկիրը արդեն 10-րդ անգամն է մասնակցում մրցույթին:

 

 


02։42

Ավարտվեց համաեվրոպական երգի մրցույթը։ Հաղթեց  Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան իր «144» երգով։



Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249  էին ու հայտնվեց 7-րդ  հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։



Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ավստալիան՝ 511 միավորով, Ռուսաստանը՝ 491 միավորով հայտնվեց երրորդ հորիզոնականում։

 


02։30


Մեկնարկեց քվեարկության երկրորդ փուլը՝ հեռուստաքվեարկությունը։

 


02:26


Ազգային ժյուրիների քվեարկությունից հետո 320 միավորով առաջատարն է Ավստրալիան։ Նրան 211 միավորով հաջորդում է Ուկրաինան, 148-ով՝ Ֆրանսիան, 137-ով Մալթան, 130-ով Ռուսաստանը։ Հայաստանը 115 միավոր է հավաքել։

 


02։08

Հայաստանն իր հերթական 12 միավորը ստացավ Ռուսաստանից։

 


02։04


Հայաստանը 12 միավոր ստացավ նաև Բուլղարիայից։

 


02։03


Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։

 


01։59


Հայաստանը ստացավ իր առաջին 12 միավորը, այն շնորհեց Իսպանիայի ազգային ժյուրին։

 


01։52


Րոպեներ անց կհայտարարվի ազգային ժյուրիների գնահատականները։ 

 


01։46


Հետհաշվարկով ազդարարվեց քվեարկության ավարտը։


01։31


26 մրցութային կատարումների ավարտից  հետո  սկսվեց  sms հաղորդագրություններով  քվեարկությունը:


Այս ընթացքում կրկին , մասնակիցների համարների ներքո, ցուցադրվեցին կատարումները, ինչպես նաև՝  հատվածներ եվրատեսիլյան  նախորդ տարիների հաղթող  երգերից:


Քվեարկության արդյունքները հայտարարելուց առաջ  հանդիսատեսի համար կատարումով հանդես եկավ  մրցույթի  հյուր՝ 9  «Գրեմմի» մրցանակակիր Ջասթին Թիմբերլեյքը:

 


01։16


Մասնակիցներին ողջունեց ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Ջասթին Թիմբերլեյքը։

 


01։13

«Մենք  «Կանաչ սենյակում» ենք, սպասում ենք 12 միավորներին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է Իվետա Մուկուչյանը։

 


01։06


Արևիկ Սիմոնյանի հեղինակած զգեստով ու «Արտյոմս» ոսկերչական տան զարդերով բեմ բարձրացավ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը։  Երգն ուղղակի հրաշալի կատարեց երգչուհին ու ամփոփեց «Եվրատեսիլ-2016» մրցույթը։


 

00։51


21 համարի ներկայացնող  Ջամալան, ով եվրատեսիլյան հանդիսատեսի առջև հանդես եկավ իր հեղինակած «1944»  երգով,  կիսով չափ  հայուհի է. Ջամալայի մայրն է հայուհի։ Երգչուհու իսկական անունը՝ Սուսաննա է, ազգանունը՝ Ջաբալադինովա:

Ջամալան երգել սկսել է հինգ տարեկանից, սակայն հանդիսատեսին հայտնի դարձավ 2009 «Նոր ալիք» եգի մրցույթին մասնակցելուց հետո: Նա այսօր Ուկրաինայում սիրված երգչուհի է և հասցրել է նկարահանվել երկու գեղարվեստական ֆիլմում:

 

 


00:41

18 համարի ներքո հանդես եկավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը ՝ իր «Դու միակն ես» երգով և ուղեկցող շքեղ շոուով:



Սերգեյ Լազարևը, ով  ինը տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ երգեցողությամբ,  նշում է, որ որպես երգիչ աճել ու ձևավորվել է հանդիսատեսի աչքի առաջ, և հիմա ժամանակն է, որպեսզի եվրոպացի հանդիսատեսը նույնպես ճանաչի իրեն:

 


00:03

«Եվրատեսիլի» հաղորդավարները եվրատեսիլյան իրենց նախընտրած երգերից հատվածներ կատարեցին։ Նրանցից մեկը կատարեց Ինգա և Անուշ Արշակյանների երգը։


23:41



Ստոկհոլմի բնակիչներն ու հյուրերը երկնքում ինքնաթիռ են նկատել` Իվետա Մուկուչյանին և Լեռնային Ղարաբաղին աջակցող գրությամբ պաստառով:


Այս մասին գրում է Life.ru-ն` նշելով, որ ինքնաթիռն անցել է Շվեդիայի  Գլոբ արենա համերգային համալիրի վրայով` ծածանելով «Ղարաբաղ-Իվետա» գրությամբ պաստառը:


Դա տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգի մեկնարկից ժամեր առաջ:

23:20



«Հայեեեեե՜ր խնդրում ենք որքան հնարավոր է շուտ տարածել... Սա վերջնական հաստատված հեռախոսահամարներն են, ամբողջությամբ: Մեկնաբանություններում, կամ նկարի վրա tag արեք Եվրոպայում բնակվող բոլոր ծանոթ, բարեկամ, ընկերներ, գործընկերներին, մի խոսքով ձեր ֆեյսբուքի բոլոր Եվրոպայում բնակվող ընկերներին»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։


 


23:10

Մրցույթի մասնակիցները բեմում են, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ պետք է ելույթ ունենան։ Ու քանի որ Իվետա Մուկուչյանը եզրափակելու է մրցույթը, բեմ բարձրացավ վերջում՝կարմիր շքեղ զգեստով։

Ի դեպ, նշենք, որ առաջին անգամ «Եվրատեսիլը» հեռարձակվում է ԱՄՆ-ում և Չինաստանում։



Հայտնի է, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մինչդեռ բացումն անելու է Բելգիայի ներկայացուցիչը:



Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգան հետևյալ երկրների ներկայացուցիչները` նշված հաջորդականությամբ. 1.Բելգիա, 2.Չեխիա, 3.Նիդեռլանդներ, 4.Ադրբեջան, 5.Հունգարիա, 6.Իտալիա, 7.Իսրայել, 8.Բուլղարիա, 9. Շվեդիա, 10. Գերմանիա, 11. Ֆրանսիա, 12.Հոլանդիա, 13.Ավստրալիա, 14.Կիպրոս, 15. Սերբիա, 16.Լիտվա, 17. Խորվաթիա, 18. Ռուսաստան, 19. Իսպանիա, 20.Լատվիա, 21.Ուկրաինա,  22. Մալթա, 23. Վրաստան, 24. Ավստրիա, 25. Միացյալ Թագավորություն, 26. Հայաստան։



Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության ընթացքում, մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշի կողքին հաղթականորեն ծածանել էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ու իր քայլը մրցույթին հաջորդած մամուլի ասուլիսի  ժամանակ բացատրել էր՝ ասելով, որ ինքն «ուղղակի ուզում է, որ սահմաններին խաղաղություն տիրի»։

 

Հայ պատվիրակի կողմից ԼՂ դրոշի ծածանմանն անդրադարձել էր ներկա եղած մի ադրբեջանցի լրագրող` կոչ անելով մրցույթի հանձնաժողովին լուրջ քայլեր ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ։ Ինչից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել էր, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:

 

Հիշեցնենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել էր «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին, որում մասնավորապես ասված էր. «Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»։

«Եվրատեսիլ-2016»-ին հաղթեց Ուկրաինան