«Ջազզվե քիդս» ընկերությունը «Երևան մոլի» հետ համատեղ հյուրընկալել էր Մարի Իզմիրլյանի անվան գիշերօթիկի սաներին
«Ջազզվե քիդս» ընկերությունը «Երևան մոլի» հետ համատեղ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ հյուրընկալել էր Երևանի Մարի Իզմիրլյանի անվան գիշերօթիկի սաներին։
Կենտրոնի շուրջ 35 երեխաներ հնարավորություն ունեցան խաղալ «Նավապետ Քիդի գանձերի կղզում», որից հետո ճաշեցին «Ջազզվե քիդս» սրճարանում: Նախաձեռնությանը միացել էր նաև «Մեգա թոյզ» խաղալիքների խանութ սրահը, որը փոքրիկ հյուրերի համար պատրաստել էր անակնալ նվերներ:
«Երեխաներն ունեն հնարավորություն մասնակից դառնալ գեղեցիկ մանկական միջոցառմանը և հյուրասիրությանը։ Մենք վստահ ենք, որ սա «Երևան Մոլ»-ում կլինի շարունակական, և դեռ շատ խոշոր ընկերություններ կմիանան բարեգործական նախագծին»,- Tert.am Youth-ի հետ զրույցում նշեց «Ջազզվե քիդս» նախագծի ղեկավար Սիլվա Ղամբարյանը։
«Մեր նպատակը մեկն է՝ երեխաներին մի քանի ժամով կտրել մանկատան պատերից և պարգևել ժպիտներ։ Հուսով ենք՝ այս գաղափարը շարունակական բնույթ կկրի, և այս օրինակով այլ խոշոր ընկերություններ ևս կկազմակերպեն ակցիաներ ոչ միայն մանկատան սաներին, այլ ընդհանրապես օգնության կարիք ունեցող երեխաներին աջակցելու համար»,-ասաց «Երևան մոլի»-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշան Ավագիմյանը։
«Երեխաների և հաստատության աշխատակիցների անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել սաներին երջանիկ պահեր պարգևելու համար։ Ուրախ ենք, որ հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրները ուշադրության կենտրոնում են։ Դաունիզմով, աուտիզմով, նյարդային համակարգի խանգարումներով և մի շարք այլ առողջական խնդիրներով գիշերօթիկի սաները հնարավորություն ունեցան մի քանի ժամով կտրվել իրականությունից»,- եզրափակեց Մարի Իզմիրլյանի անվան գիշերօթիկի սոցիալական աշխատակից Լիանա Մանվելյանը։
Պատրաստեց՝ Լենա Մինասյանը
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







