«Ճերմակ արագիլներ». ապրիլյան պատերազմի մասին ներկայացում Կամերային թատրոնում (ֆոտոռեպորտաժ)

11:38 • 26.05.16

Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Ճերմակ արագիլներ»-ի անդրանիկ ներկայացումը։ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մասին պատմող պիեսը նվիրված է Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների վառ հիշատակին:

 


Գլխավոր դերերը մարմնավորում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը,Վահե Զիրոյանը, Մխիթար Ավետիսյանը։ Երաժշտական ղեկավարը Վահե Գրիգորյանն է, պիեսի հեղինակը և բեմադրիչը՝ Արա Երնջակյանը:

 


Հանդիսատեսը ներկայացման ողջ ընթացքում քարացած հետևում էր ընթացքին։ Շատերը հուզված արտասվում էին, իսկ վերջում հոտնկայս ծափահարությունները տևական ժամանակ չէին դադարում։ Ներկայացման ընթացքում դերասանները արտասանեցին բոլոր զոհերի անունները։ Հնչեցին նաև մեղադրանքներ միջազգային հանրության և իշխանությունների հասցեին, ովքեր այդ օրերին անտարբեր մնացին։

 

 

«Կամերային թատրոնն իր ստեղծման օրվանից միշտ անդրադարձել է այն բոլոր իրադարձություններին, որ տեղի են ունեցել մեր հանրապետությունում։ Այսինքն` երբեք չեզոք կեցվածք չենք ունեցել, և բնական էր, որ ապրիլյան պատերազմը պետք է արտացոլվեր մեր խաղացանկում։ Ընդամենը մեկ ամսվա մեջ բեմադրվեց այս ներկայացումը։ Գուցե մի քիչ դաժան տեսք ունի, բայց կարծում եմ, որ խոսել այդ դեպքերի մասին, որտեղ կորցրեցինք մեր մատաղ սերնդին, մենք պարտավոր էինք։ Այս ներկայացման ամբողջ հասույթը մենք մտադիր ենք ուղարկել զոհված հերոս տղաների ծնողներին...Մի փոքր բանով գոնե աջակցենք իրենց...»,-իր խոսքում նշեց Արա Երնջակյանը։

 

Նա նշեց, որ իրենց հաճախ են ասում՝ «այ դուք էլ գնայիք, կռվեիք սահմանին»։

 

«Ուզում եմ ասել, որ սա էլ է կռիվ, սա էլ է պայքար անարդար աշխարհի դեմ։ Բեմն էլ է ինչ-որ տեղ զենք։ Սա այն ներկայացումն է, որ յուրաքանչյուրը պետք է դիտի, սա մեր բողոքն է, մեր ձայնը ողջ առաջադեմ աշխարհին։ Այս ներկայացումով կամերային թատրոնը շուտով մեկնելու է հյուրախաղերի, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս էլ խոսենք մի բանի մասին, որը հուզում է ամբողջ ազգիս»,-Tert.am Youth-ի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը։

 

 

«Ես ներկայացման ընթացքում զուգահեռներ էի տանում. 90-ականներին մի այսպիսի պիես էր բեմադրվել։ Աստվա՛ծ իմ, մի՞թե պատմությունը կրկնվեց... Հիմա ուրիշ է դարձել թշնամին, և եթե այն ժամանակ խոսում էինք արդարությունից, ապա հիմա պետք է արյանը արյունով պատասխանել։ Եվ հաղթելու ենք.....»,-ներկայացման ավարտին ասաց դահլիճում գտնվող Շուշան Պետրոսյանը։

Հարցին թե արդյոք վտանգավոր չէ՞ նման սուր քաղաքական ենթատեքստերով ներկայացում բեմադրելը, Արա Երնջակյանը պատասխանեց. «Երեսունհինգ տարի է՝ դրանով ենք զբաղվում, եթե վախենայինք, սիրված թատրոն չէինք լինի։ Շատ են հարցնում լրագրողները, թե ո՞ւր են մտավորականները... Ահա պատասխանը՝ նրանք բեմում իրենց գործն են անում։ Ես չեմ գնում տրիբունաներից գոռում, բայց իմ ասելիքները ասում եմ բեմից»։

 

Լենա Մինասյան

«Ճերմակ արագիլներ». ապրիլյան պատերազմի մասին ներկայացում Կամերային թատրոնում (ֆոտոռեպորտաժ)