Հոկտեմբերի 6-ին մեծ էկրաններ կբարձրանա «Մի խելագարի պատմություն» գեղարվեստական ֆիլմը
Ռոբեր Գետիկյանը և իր կինը՝ դերասանուհի Արիան Ասկարիդը Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ են նկարել, որը կոչվում է «Մի խելագարի պատմություն»։ Նշենք, որ ֆիլմի աշխատանքներին աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Tert.am Life-ի հետ զրույցում ֆիլմի գործադիր պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը պատմեց ֆիլմի մասին։
« «Մի խելագարի պատմությունը» գեղարվեստական ֆիլմ է, որի մեջ կա փաստագրական տարրեր։ Ֆիլմը ժամանակային և տարածական մեծ ընդգրկում ունի: Գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ֆիլմը սկսվում է Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան հայտնի կրակոցի տեսարանով։ Իրադարձությունների հետագա զարգացումները կատարվում են պատմական անցյալի և ներկայի գործողություններով՝ XX–րդ դարասկիզբու 80-ականներ, Եվրոպա, Հայաստանու Մերձավոր Արևելք»,- ասաց ԹագուհիԿարապետյանը։

Ֆիլմը հայ ընտանիքի պատմություն է։ Գլխավոր հերոսը՝ Արամը, իր հայկական ինքնության գիտակցության ու արդարության ձգտման ճանապարհին անցնում է բոլոր հնարավոր փորձությունները։
Փարիզ 1981թ., Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի մեքենան՝ բավական լուրջ վնաս հասցնելով երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսսիեին, ով այդ պահին անցնում էր փողոցով: Փախուստի մեջ Արամը միանում է Բեյրութի Ազատագրական բանակին՝ 80-ականների միջազգային հեղափոխական օղակին: Արամի մայրը` Անուշն այցելում է Ժիլին հիվանդանոցում, որպեսզի նրանից կատարվածի համար ներողություն խնդրի և խոստովանում է, որ իր որդին է պայթեցրել մեքենան:

Արամի և նրա Բեյրութի ընկերների միջև առաջանում են տարաձայնություններ: Վերջինս որոշում է անձամբ հանդիպել Ժիլին և պատմել կատարվածի մասին:
«Ֆիլմի նպատակն է ցույց տալ սերունդների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության մասին, և այն պահանջը, որ ի վերջո Թուրքիան ճանաչի իր կատարած ոճրագործությունը»,- նշեց գործադիր պրոդյուսերը։

Նշենք, որ նկարահանումները տևել են 45-50 օր։ Եզրափակիչ տեսարանը նկարահանվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Ֆիլմում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ մի շարք ֆրանսիացի դերասաններ՝ Սիմոն Աբգարյան, Արիան Ասկարիդ, Գրեգուար Լեպրենս-ռինգե, Սիրյուս Շահիդի և այլք։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում ֆիլմը ներառվել է «Կինո աշուն» փառատոնին։
«Փառատոնի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում ֆիլմը կցուցադրվի անվճար։ Դպրոցականները, ուսանողները, զինվորականները հնարավորություն կունենան դիտելու այս հիանալի ֆիլմը»,- ասաց նա։

Ֆիլմը թարգմանվել է 4 լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն։ Տևողությունը 135 րոպե է։
Գևորգ Գևորգյանի խոսքով, «Մի խելագարի պատմություն» ֆիլմին կինոկենտրոնը հովանավորել է չնչին գումարով։

«25 մլն դրամով ենք օգնել, բայց իրականում կարևորն այն է, որ ստացել ենք այն, ինչ մենք ցանկանում էինք»,- եզրափակեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն։
Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 6-ին։




Բոշյան Լիլիթ







