Նոր բացահայտումներ «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմից (լուսանկարներ)
Նոյեմբերի 5-ից Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան «Արմենիա Պրեմիում» ալիքով դիտելու առաջին բազմասերիանոց պատմական հեռուստաֆիլմը՝ «Հին արքաները», որի մասին արդեն տեղեկացրել էինք:
Tert.am Life-ն այս անգամ զրուցել է բազմասերիանոց ֆիլմի մյուս գլխավոր դերակատարների՝ Մուրադ Ջանիբեկյանի, Շաքե Թուխմանյանի և Շողեր Թովմասյանի հետ:
Մուրադ Ջանիբեկյանը մարմնավորում է գլխավոր հերոսներից Վռամի կերպարը, որը ցանկանում է ամեն գնով նստել գահին:

««Հին արքաներ» գեղարվեստական բազմասերիանոց նովելը շատ մոտ է ֆիլմի ձևաչափին: Կարծում եմ, արդեն ժամանակն էր, որ նման լուրջ աշխատանքներ ներկայացնենք, հատկապես, պատմական: Իմ կերպարը բացասական է, բայց ես փորձում ու ձգտում եմ մեծ սիրով կերտել դերս, հասկանալ ու սիրել այն, որպեսզի հիշվի հեռուստադիտողի կողմից: Եթե ցանկանում ես դերդ ստացված համարել, պետք ուղղակի չխաղաս»,- ասաց Մուրադ Ջանիբեկյանը:

Շաքե Թուխմանյանը մարմնավորում է Արտաշես արքայի դստեր կերպարը, որը ցանկանում է արդարություն տիրի և, վերջապես, արտաշեսյան հին երկիր կանգնի ոտքի ու բարգավաճի:
«Կերպարս բնութագրում է հայ կնոջ տեսակը, թե ինչպես է նա պայքարում իր ընտանիքի ամրության համար, որ որդին գա և տիրի գահին, որն ի վերուստ նրան է տրված հոր կողմից: Շատ դավաճանություններ են լինում իմ կերպարի շուրջ, բայց նա շարունակում է բարոյական խրատներ տալ այդ մարդկանց»,- պատմեց Շաքեն:

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը մարմնավորում է բացասական կերպար: Նա Նռանեն է՝ հազարապետի դուստրը:
«Կերպարս շատ սիրեցի, քանի որ երբեք չեմ խաղացել բացասական դերում: Կուզեմ այնպես կերտեմ, որ մարդիկ հավատան և ասեն՝ ինչ վատն էր: Նման մեծ նախագծում նկարահանվելն ինձ համար առաջին փորձերից էր, պատասխանատվության զգացողությունը մեծ էր: Այստեղ հավաքվել են լավագույնները, որոնցից միշտ կարող ես նոր մի բան սովորել»,- նշեց Շողերը:

Հիշեցնենք, որ բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:
Ֆիլմում հերոսների կերպարները մարմնավորել են մի շարք տաղանդավոր դերասաններ՝ Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Լիկա Սալմանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ:














Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի և Մելինե Տոնոյանի







