Ինչո՞ւ են Սամվել Թադևոսյանին հեռացրել Թատերական ինստիտուտից և ո՞ւմ է նա առանձնահատուկ ձևով կարոտում բանակում
Հայկական ֆիլմարտադրության մեջ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց: Այն սիրվեց շատերի կողմից և վերջերս «Pan Armenian Entertainment Awards 2016»-ում արժանացավ «Տարվա լավագույն ֆիլմ» տիտղոսին:
Tert.am Life-ը շատ անգամներ է անդրադարձել ֆիլմին և պատմել մանրամասների մասին: Այս անգամ ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանի բացահայտեցինք այլ տեսանկյունից:
Սամվելը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բակալավրիատը գերազանց ավարտելուն պես նա շարունակել է ուսումը մագիստրատուրայում, բայց նրան հեռացրել են ինստիտուտից:
««Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումները համընկան քննություններիս հետ: Եվ քանի որ չկարողացա մասնակցել, հեռացրին ինձ: Հետո առաջարկեցին վերականգնել, բայց ես հրաժարվեցի, որովհետև անիմաստ էր. չեմ կարող հասկանալ այն, որ դերասանին հեռացնում են՝ ֆիլմում նկարահանվելու համար»,- ասաց Սամվելը:

Նախքան ֆիլմում նկարահանվելը, Սամվելին կարող էինք տեսնել թատրոնում: Նա խաղացել է տարբեր ներկայացումներում և բեմադրել «Էգոիստ» ներկայացումը:
Դերասանը «Արտավազդ մրցանակաբաշխությանը» արժանացել է «լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, իսկ «Արտ ֆեստ» փառատոնին՝ «լավագույն դերասան», բայց մինչ «Կյանք ու կռիվ»-ը քչերը գիտեին նրա մասին:
«Ֆիլմն ավելի մասսայական է, իսկ թատրոնը այլ աշխարհ է: Պատճառը դա է, որ շատ քչերը գիտեին իմ մասին: «Կյանք ու կռիվ»-ն ինձ համար մեծ այցեքարտ էր՝ մուտք գործելու կինոարվեստ և կարող եմ ասել, որ սա իմ կարիերայի նոր սկիզբն է: Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունեմ՝ լինի թատրոնում, թե կինոյում»,- նշեց նա:

Հիմա Սամվելն անցել է զինվորական ծառայության: «Երբ անցա ծառայության, ոչ ոք չգիտեր իմ մասին, մինչև սկսեցին գովազդել ֆիլմը: Իմ բանակային ընկերները նույնպես ներկա են եղել ֆիլմի պրեմիերային և բավականին տպավորված էին: Նրանք ունիկալ ձևով էին ընկալել ֆիլմը»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպես է նա ընկալել ֆիլմը և ինչ է սովորել, դերասանը պատասխանեց. «Ֆիլմում ներկայացված են 90-ականները, այն նկատելիորեն տարբերվում է մերօրյա իրականությունից: Ես այլ մտածելակերպ ունեմ, ֆիլմի հերոսը՝ այլ: Ֆիլմում թոռան և պապու հարաբերություններն են ինձ առավել հարազատ, քանի որ ես նույնպես իմ պապու հետ շատ մոտ եմ: Երբ սցենարը կարդացի, ինձ մոտ այն զգացողությունն էր, կարծես իմ մասին գրված լիներ: Բանակում ինձ օգնեց միայն կրակելը: Նկարահանումների համար հատուկ դասընթացների էի գնացել: Երբ զորամասում գնացինք կրակային, զարմացել էին, թե ինչպես եմ լավ կրակում»:

Մեր զրույցի ընթացքում, պարզեցինք, որ Սամվելն առանձնահատուկ ձևով է կարոտում ինչ-որ մեկին, որին նա չցանկացավ ներկայացնել:
«Կա այն մեկը, որին առանձնահատուկ ձևով եմ կարոտում: Չեմ կարող ասել՝ արդյոք սիրտս զբաղված է, թե ոչ, որովհետև չգիտեմ սերը սրտում է, թե գլխում: Դեռ չեմ պարզել՝ ինչ է սերը, բայց այն, որ կապվածություն կա, դա հաստատ է»,- եզրափակեց նա:
Լիլիթ Բոշյան







