Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին
Օրեր առաջ թողարկվեց երգչուհի Ռոզա Ֆիլբերգի «Նռան հատիկ» երգի տեսահոլովակը։ Այս երգի խոսքերը գրել է պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը։ Tert.am Life-հետ զրույցում Դիանան նկատեց, որ երգի խոսքեր գրելն իր համար նոր երևույթ չէ։ Դեռ տարիներ առաջ հեղիինակել է Միհրան Ծառուկյանի «Հավատամ» և «Կփրկեմ» երգերի խոսքերը։ Դա իր առաջին փորձն էր։
Ինչպես տարիներ առաջ «Դժվար ապրուստի» դեպքում, այնպես էլ հիմա «Նռան հատիկ» հեռուստանովելի սաունդթրեքը երաժշտություն էր, որը հետո երգ դարձավ։ Դիանայի խոսքով, սերիալի գլխագրում հնչող երաժշտությունը արժանացել է շատերի հավանությանը, և ինքը մտահղացել է այն վերածել երգի։
«Քանի որ ի սկզբանե երաժշտությունը շատերին դուր էր եկել, ինձ բազմիցս հարցնում էին, թե որտեղ կարող են լսել ամբողջական տարբերակը, որոշեցի մեր երաժշտի՝ Արման Պարսամյանի հետ այն երգ դարձնել: Իհարկե, մեծ դժվարությամբ ստացվեց, քանի որ ի սկզբանե նախատեսված չէր մեղեդին երկարացանել ու բայց ցանկությունս մեծ էր և կարողացանք իրագրոծել մեր միտքը: Արմանից երաժշտության որոշակի տարբերակ խնդրեցի, որի շուրջ կկարողանայի ստեղծագործել: Բառերը գրելուց հետո հասկացա, որ երգչուհի փնտրելու կարիք չկա, քանի որմեր գլխավոր հերոսուհին` Ռոզան, երգչուհի է։ Նրա թեկնածությունը միանշանակ էր, քանի որ Ռոզան ֆիլմում նռան հատիկն է, գլխավոր հերոսուհին և պրոֆեսիոնալ երգչուհի: Երաժշտության բառերը սյուժեին համահունչ են գրված՝ ներկայացնում են իր առաջին սիրո կորուստը, երկրորդ սերը և վերջինի համար պայքարելու, այն չկորցնելու կարևորությունը»:

Դիանան պատմեց, որ դեռ 10 տարի առաջ Տիգրան Մանսուրյանի հայտնի երաժշտության` «Կտոր մը երկինք»–ի համար է խոսքեր գրել, սակայն այն մաեստրոից բացի ոչ ոք չի լսել: «Մաեստրոյի կողմից ստացա բարձր գնահատական, ասաց, որ բառերն իսկապես համապատասխան են երաժշտությանը: Ես նույնիսկ ուզում էի կատարել այդ երգը, որովհետև շատ եմ սիրում այդ մեղեդին և, առհասարակ, Մանսուրյանի երաժշտությունը։ Ծանրաբեռնվածությունը քնեցրեց այդ ցանկությունս, չգիտեմ՝ այն նորից կարթնանա՞, թե… ոչ կամ այդ երգը կտրամադրե՞մ արդյոք որևէ երգչուհու»,-ասաց նա:
Սցենարիստը նշեց, որ բազմաթիվ բանաստեղծություններ է գրել, որոնց համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել տարբեր երևույթներ, կյանքի դրվագներ։ Երգի համար բառեր գրելիս, Դիանայի խոսքով, իրեն ոգեշնչում է երաժշտությունը. «Ես շատ բաներից կարող եմ ոգևորվել, բայց երաժշտությունն ավելի սուր ոգեշնչման աղբյուր է։ Եթե երաժշտությունն ինձ շատ է դուր գալիս, խոսքերը միանգամից կարող են ծնվել: Շատ երկար չեմ մտածում, միակ խնդիրը այդ կաղապարն է, որովհետև ասելիքդ շատ է, բայց պիտի տեղավորվես երաժշտության մեջ: Կարծում եմ` բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են կհամաձայնեն ինձ հետ: Պետք է փորձես այնպես անել, որ ասելիքդ ճիշտ լինի, միտքդ չկտրվի ու կարևորը՝ ունկնդիրը զգա քո զգացողությունները, կարողանաս դա իրեն փոխանցել: Դա իսկապես բարդ է»:

Դիանան նշեց, որ այլ երգիչների հետ առայժմ չի համագործակցել զբաղվածության պատճառով, թեև չբացառեց, որ ապագայում կարող է լինել նման բան. «Սա ինձ համար շահույթ հետապնդող գործ չի եղել, ես դա միշտ արել եմ իմ սերիալային գործունեության շրջանակում: Անշուշտ, եթե իմ գործընկերներն ուզեն, սիրով կգրեմ իրենց համար, որովհետև շատ եմ սիրում ստեղծագործական պրոցեսը: Ինձ թվում է՝ իրենց մտքով էլ երբևէ անցած չի լինի, որ ես կարող եմ համաձայնել»:
Դիանան նկատեց, որ իր բանաստեղծություններն առավել հուզական են, երկրային երևույթների ու կյանքի մասին: Նա նշեց, որ դրանք հրապարակելու կամ մեկ ձեռնարկում ամփոփելու մտադրություն առայժմ չունի:
«Եթե դրանք արդեն շատ լինեն և համարձակությունս ների, գուցե հրապարակեմ, բայց դեռևս ժամանակիս մեծ մասը ծախսվում է սերիալում կերպարների և թեմաների ընտրության շուրջ: Տարիներ շարունակ լինելով սերիալային գործունեության մեջ՝ միշտ անդրադարձել եմ այն արատավոր երևույթներին, որոնք հուզում են հանրությանը։ Նման երևույթները շատ են մեր փոքրիկ երկրի համար, զգում ես, որ չես կարող չանդրադառնալ։ Ես միշտ իմ սերիալներում հիմնական շեշտը դրել եմ այդ կերպարների վրա,- ասաց սցենարիստն ու ավելացրեց, որ մշտապես զարմացել է այն կարծիքներից, թե այդ կերպ քարոզում է վատ ու բացասական երևույթներ,- Միշտ զարմացել եմ նման կարծիքներից: Դու ցուցադրում ես վատը, այն, ինչ կարող է արատավորել քո իրականությունը, որպեսզի նմանատիպ մարդիկ տեսնեն ու հասկանան՝ այդպես չի կարելի: Մեզ մոտ միշտ բարին է հաղթում, վատը պատժվում է: Իմ բոլոր սերիալներում անխտիր ես ներկայացրել եմ վառ կերպարներ, արատավոր երևույթներ, նրանք միշտ պատժվել են և չեն հասել իրենց նպատակին»։









