Սոսը, Խորենը և Մկոն մի նախագծում. Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով

13:17 • 04.12.18

 

Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը կներկայացվի հեռուստաֆիլմի ձևով. Առաջին ալիքի եթերում ցուցադրվելիք 16 մասանի հեռուստաֆիլմում կներկայանան՝ Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Ստեփան Ղամբարյանը, Աննա Եգոյանը և այլք:

 

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը Tert.am Life-ին լուսանկարներ է տրամադրել նկարահանման հրապարակից և մանրամասներ ներկայացրել նոր աշխատանքից:

 

Հեռուստաֆիլմի սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, պորդյուսերները՝ Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Ռեժիսորը նշեց, որ «Քաոս» աշխատանքային վերնագրով հեռուստաֆիլմում ի տարբերություն համանուն վեպի, 19-րդ դարի Բաքուն փոխարինվել է 21-րդ դարի Երևանով, իսկ իրադարձություններն ու հերոսները չեն փոխվել: 

 

 

«Ֆիլմը նկարահանված է «Քաոս»-ի մոտիվներով, պարզապես հարմարեցված մեր ժամանակներին և դրանով պայմանավորված՝ առկա են որոշակի փոփոխություններ: Հիմնականում փորձ է արված պահպանել գրական մասը: Քանի որ 16 մասից է բաղկացած, լրացուցիչ, երկարացնող սյուժե ներառված չի լինելու: Այն դասական ստեղծագործություն է ու այնպիսի թեմաներ է արծարծված, որոնք միշտ էլ հետաքրքիր են՝ մարդկային շփումենր, հարաբերություններ, փողի պաճառով մարդկանց ներաշխարհի, բնավորության փոփոխություններ: Ընտանեկան դրաման, քաոսը լրիվ պահպանված է հեռուստաֆիլմում»,-ասաց Հայկը:

 

Ռեժիսորի խոսքով, դերասանական կազմի ընտրության համար բավականին երկար ժամանակ է պահանջվել: Մարկոս աղա Ալիմյանի կերպարում հանդես է գալիս Ռաֆայել Քոթանջյանը, նրա որդիներից՝ Միքայելին մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, իսկ մյուսի՝ Սմբատի դերում ներկայանում է Մկրտիչ Արզումանյանը: Վերջինիս հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի դրամատիկ դերով, ինչը ռեժիսորի դիտարկմամբ, հաճելի բացահայտում կլինի:

 

 

 «Իմ կարծիքով Մկոյի մոտ շատ լավ է ստացվում այդ դերը: Առաջին նախագիծը չէ, որ աշխատում եմ նրա հետ ու միշտ իր մեջ տեսել եմ այդ պոտենցիալը: Նա շատ բազմաժանր դերասան է, պարզապես ստացվել է այնպես, որ միշտ կոմեդիայի ժանրում է ներկայացել: Ֆիլմում ներգրավված են նաև համամացանցում իր ասմունքով հայտնի ռուսաստանաբնակ Աննա Եգոյանը, որը մարմնավորում է Շուշանիկին, Շողեր Գրիգորյանը, որին նույնպես Մոկսվայից ենք հրավիրել: Վերջինս էլ մարմնավորում է Ալիմյանի դստերը՝ Մարթային, իսկ նրա ամուսնու՝ Իսահակի դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը:  Ընդհանուր առմամբ, դերասանների ընտրությունը երկար տևեց, քանի որ փորձում էինք պինդ, ուժեղ դերասանական խումբ հավաքել»,-ասաց նա:

 

Հայկը նկատեց՝ որպես ռեժիսոր դասական գործի հիմքով սցենարի պարագայում աշխատանքն էականորեն հեշտ է. «Քանի որ հիմքը գրական գործ է ու արդեն տարիների ընթացքում ստացված, ընդունված, դա շատ «հեշտացնում է», որպեսզի կերպարներին հասկանաս: Այս պարագայում, հիմքը ինձ համար որպես ռեժիսոր, և նաև դերասանների համար  շատ ամուր է դառնում»,-եզրափակեց նա: