«Պատվից առավել» հեռուստասերիալն արժանացել է հեղինակավոր «ՏԷՖԻ» մրցանակի

11:23 • 19.09.19

«Արմենիա» հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստանովելն արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի Մոլդովայում անցկացված փառատոնի ժամանակ։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս մասին առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ին։

Պրոդյուսերը փառատոնին մեկնել էր նախագծի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի հետ։ «Կստեմ, եթե ասեմ, որ իմ ու Անահիտի համար մրցանակը կարևոր չէր»,- ասաց Ելենան ու պատմեց, որ Մոլդովայում հայտնվել են իրենց երկրպագուների շնորհիվ։

«Նրանք ինձ գրել էին, որ մեզ փնտրում են «ՏԷՖԻ»-ի կազմից։ Զարմացել էի, թե ինչու։ Պարզվեց, որ մեր երկրպագուները թարգմանում են «Պատվից առավել»-ը ռուսերեն և տեղադրում տարբեր կայքերում։ «ՏԷՖԻ»-ի ընտրող հանձնաժողովը պատահմամբ տեսել է այն ու մեզ է փնտրում։ Երկրպագուների միջոցով գտան մեզ ու առաջարկեցին մասնակցել փառատոնին»,- ոգևորությամբ պատմեց պրոդյուսերը և հայտնեց, որ երկրպագուները սիրողական թարգմանություն էին արել, սակայն պաշտոնական հրավերը ստանալուց հետո այս մասին հայտնել են «Արմենիա TV»-ի ղեկավարությանը, արել են պրոֆեսիոնալ կրկնօրինակում ռուսերենով և հավուր պատշաճի ներկայացել փառատոնին։

Ելենան խոստովանեց, որ բաղձալի մրցանակը ստանալու հույսն օր օրի մարում էր. «Բավականին մեծ ընկերությունների կողմից արտադրված սերիալներ էին պայքարում, որոնց հետ տեխնիկական առումով չէինք կարող մրցել։ Հասկանում էինք, որ իրենք կինոյին մոտ տեխնիկական որակ են տալիս։ Կստեմ, եթե ասեմ, որ մենք տալիս ենք այդ որակը։ Էլ չեմ խոսում բյուջեի մասին, որի չափը կադրից արդեն հասկանալի էր։ Օրեցօր մեր հույսը մարում էր, որ հենց մենք կստանանք այս հեղինակավոր մրցանակը»։

Ելենան նաև հայտնեց, որ բավականին շատ մասնագիտական գնահատականներ են լսել, որոնցից ոգևորված են։

«Մեր ֆիլմի ցուցադրությունից հետո բավականին զարմացած էինք, որ ժյուրիի անդամները մոտենում էին, սկսում հարցուփորձ անել նախագծից, ընդհուպ շարունակությունն էին ուզում։ Ինձ համար շատ հեղինակավոր կարծիքներ հնչեցին։ Մասնավսրապես, պրոդյուսեր Նատալյա Մոկրիցկայան ֆանտաստիկ ջերմ խոսքեր ասաց։ Ինձ բեմ հրավիրելիս էլ նշեց, որ իր ամենասիրելի հեռուստասերիալն արժանացավ մրցանակի։ Մասնագիտական լավ որակավորումներ ստացանք։
«Տեֆիի» ժողովների ժամանակ Ռոդիոն Պավլյուչուկը ևս բավականին հետաքրքիր կարծիք հայտնեց մեր նախագծի մասին։ Ես ու Անահիտն անչափ շնորհակալ ենք բոլորին, առաջին հերթին «Արմենիա TV»-ին, որ մեզ հնարավորություն տվեց նկարահանելու բավականին հետաքրքիր սերիալ»,- ասաց Ելենան ու մեծ շնորհակալություն հայտնեց նաև երկրպագուներին, որոնց շնորհիվ հասել են Մոլդովա։

«Հայրենիքում հաճախ սերիալարտադրությանն այլ պրիզմայով են նայում, իսկ այստեղ շատ լավ հասկանում ու գնահատում են այն։ Հուսով եմ՝ կգա այն օրը, երբ մենք հայրենիքում ևս կզգանք այն ջերմությունն ու ուշադրությունը, որը զգացինք այստեղ։ Ես շատ կուզեմ, որ Հայաստանում շատ նկարահանվեն որակյալ հեռուստասերիալներ և այլ թիմեր ևս ստանան այս հեղինալավոր մրցանակը։ Ինչու մեր հեռուստադիտողները պետք է նայեն հնդկական, կորեական, մեքսիկական, բրազիլական սերիալներ, եթե կարելի է տալ որակյալ հայկական արտադրանք»,- ընդգծեց ռեժիսորը ու նկատեց, որ Մոլդովայում փառատոնն անցկացվել էր երկրի նախագահի բարձր հովանու ներքո, և նա ներկա էր մրցանակաբաշխությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օտարերկրյա հեռուստասերիալների նույն անվանակարգում ներկայացված էին նաև Առաջին ալիքի «Քաոս» ու «Ժիրայր Գլենց» հեռուստանովելները և հեռուստասերիալներ այլ երկրներից։

Ելենան Մոլդովայից վերադառնում է ոչ թե Հայաստան, այլ Մոսկվա։ Ռեժիսորը ևս մեկ նորություն ունի՝ ուսումը շարունալելու է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ВГИК), բայց խոստանում է այս ընթացքում շարունակել աշխատել։

Նշենք, որ սա Ելենայի երկրորդ միջազգային մրցանակն է։ Առաջինը ստացել էր «Մեր գյուղը» հեռուստասերիալի համար Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում:

«Պատվից առավել» հեռուստասերիալն արժանացել է հեղինակավոր «ՏԷՖԻ» մրցանակի