«ԱՄՆ-ում բիզնես ունեմ». Մենչը` ԱՄՆ-ում գործունեության և «Հարս չկա»-ի շարունակության մասին
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է։ Tert.am Life-ի հետ զրույցում նա հայտնել է ԱՄՆ-ում բիզնես սկսելու և «Հարս չկա» նախագծի շարունակության մասին։
Մենչը նկատեց, որ կարանտինային այս օրերին իր գլխավոր զբաղմունքը դեպի Հայաստան ինքնաթիռի տոմսերի օրերը փոփոխելն է, քանի որ այս շրջանում պատրաստվում է գալ Հայաստան, սակայն ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս հստակ ծրագրեր կազմել։
Դերասանից հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ-ում կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում` հաշվի առնելով փաստը, որ երկար ժամանակ է այնտեղ։
«Այստեղ նկարահանումներ ընդհանրապես չեմ իրականացնում։ Այն, ինչ կապված է նկարահանումների և հեռուստատեսային գործունեության հետ, արվում է Հայաստանում։ Իսկ ԱՄՆ-ում ունեմ բիզնես, որը կապ չունի հեռուստատեսության հետ»,- ասաց նա։
Մենչը սովոր է ակտիվ կենսակերպի, միշտ վազքի մեջ է եղել։ Նա նկատեց, որ մեկուսացման այս շրջանը նպաստել է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուն։
«Այս ժամանակահատվածն անսովոր էր ինձ համար։ Պասիվ էր, բայց փորձեցի մաքսիմալ արդյունավետ անցկացնել։ Վերջապես ճանաչեցի տանեցիներին։),- կատակեց նա ու հավելեց,- կային գործեր, որոնց պետք էր նախապատսրաստվել։ Այս ժամանակն օգտագործեցի դրանց համար»։
Թեև Արմենը Հայաստանում չէ, հենց նա է զբաղվում «Հարս չկա» հումորային նախագծի պրոդյուսինգով։ Մենչից հետաքրրվեցինք, թե ինչպես է գնահատում նախագծի հաջողությունն առաջին եթերաշրջանի ավարտին։
«Հարս չկա»-ն ունի հեռուստատեսային բարձր վարկանիշ, շատ մեծ դիտողականություն Youtube-ում։ Իմ անձնական փորձից ելնելով` վստահ եմ, որ ունենալու է շատ մեծ պահանջարկ, արդեն իսկ ունի։ Այս պահին եթեր գնացող բոլոր հումորային նախագծերից միայն «Հարս չկա»-ն կունենա երկրորդ եթերաշրջան, ինչը ևս վկայում է նախագծի ստացված լինելու մասին»,- ընդգծեց պրոդյուսերը։








