«Հորս մահից հետո մեջքս կոտրվեց, ինձ անտեր էի զգում». Շպռոտը՝ հորն Արցախյան գոյամարտում կորցնելու համար երկար ժամանակ ներել չկարողանալու ու նոր պատերազմի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը դեկտեմբերի 3-ից կրկին Հայաստանում է: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկ ամսով եկել է ընտանիքի կողքին լինելու, զինվորներին այցելելու համար:
«Եռաբլուր դեռ չեմ հասցրել գնալ, հիվանդանոց եմ գնացել՝ մեր հերոսների մոտ: Ես Հայաստանում էի, երբ սկսվեց պատերազմը, բայց երկրորդ օրը մեկնեցի: Գնում էի, բայց սիրտս հայրենիքում էր: Ինքս ինձ ասում էի՝ ինչպե՞ս ես գնում այս պահին, երկու կեսի էի բաժանվել, հիմա էլ նույն իրավիճակում եմ: Սկզբում ինձ թվում էր՝ պատերազմը երկրորդ օրը կավարտվի, հետո հասկացա, որ շատ լուրջ է: Ինչպես բոլորը, ես էլ քունս կորցրել էի, օդից կախված, անօգնական վիճակում էի: Իմ հարազատներից էլ կային առաջնագծում թե՛ կամավորներ, թե՛ ժամկետային զինծառայողներ»,- ասաց նա:
Պատերազմի թեման երգչուհուն հատկապես մոտ է, քանի որ հայրը՝ Աշոտ Թովմասյանը, Արցախյան ազատամարտի ժամանակ որպես կամավոր մեկնել է պատերազմ և զոհվել Վարդենիսում:

«Այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էի: Այս թեման ինձ համար անձնական է, քանի որ հայրս Արցախյան գոյամարտին է զոհվել, ամփոփված է Եռաբլուրում: Հայրս կամավոր էր մեկնել, ամբողջ ընտանիքով պայքարում էինք, որ չգնա, բայց չլսեց մեզ: Հիշում եմ, թե ինչպես էի իմ սենյակի պատին փակցված սրբապատկերի մոտ ամեն գիշեր աղոթում, որ հայրս չզոհվի, բայց մի օր, երբ քնած էի, մորաքույրս արթնացրեց ու ասաց, որ հայրս զոհվել է: Այդ պահին գնացի ու սրբապատկերը հանեցի պատից, քանի որ շատ նեղված էի, որոշ ժամանակ անց կրկին փակցրի ու ներողություն խնդրեցի Աստծուց իրենից նեղանալու համար»,- հիշեց երգչուհին:
Շպռոտի խոսքով՝ շատ կապված էր հոր հետ, ով շատ ընկերասեր էր, նման չէր հայ հայրիկների ավանդական կերպարին: «Նրա մահից հետո մեջքս կոտրվեց, ինձ անտեր էի զգում, ագրեսիվ էի,անընդհատ թվում էր՝ ինձ ուզում են նեղացնել, պաշտպանվում էի: Հետո սկսեցի աշխատել, որ մորս օգնեմ: Հորս մահից հետո ամեն օր խնդրում էի Աստծուն, որ հրաշք կատարվի, նա հետ գա: Երազումս էի տեսնում հորս ու նեղսրտած արթնանում: Ես շատ եմ մեղադրել նրան մեր կյանքից գնալու համար: Կար ընթացք, երբ արցախցիներին չէի սիրում, հետո ներելու մասին մի գիրք կարդացի, հասկացա, որ եթե չներեմ հորս, կանացի հիվանդություն ձեռք կբերեմ: Մի օր սկսեցի խոսել հորս հետ, ասացի այն, ինչ զգում էի, ասացի, որ ներում եմ նրան ինձ թողնելու համար, ասացի, որ նա գնաց, իսկ ես ավելի ուժեղ դարձա: Ես հպարտանում եմ, որ նման հայր եմ ունեցել, նա մեր տան հերոսն էր, մորս իդեալը: Շատ եմ տանջվել, բայց ժամանակը բթացրել է ցավս: Հիմա լինում է, երբ դժվար պահերին առանց ցավի զրուցում եմ իր հետ ու հանգստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրեն նաև Աստվածաշունչն է օգնել:

Խոսելով Արցախում զոհված զինվորների երեխաների մասին՝ Շպռոտն ասաց, որ նրանք պետք է ուժեղ լինեն ու հաղթահարեն ցավը: «Ծանր է շատ, բայց նրանք բոլորն ուժեղ մարդիկ կդառնան: Կարևոր է, որ իրենք իրենց չխղճան, չչարանան, առաջ գնան, օգնեն մայրիկներին, աշխատեն ու հոգ տանեն նրանց մասին: Մենք երկրաշարժ, սով, պատերազմներ տեսանք և շարունակեցինք ապրել: Քիչ-քիչ ոտքի կկանգնենք և ավելի ուժեղ կլինենք: Կապ չունի, թե քաղաքական ինչ հայացքներ ունենք, մենք պետք է սիրենք միմյանց, ընդունենք դիմացինին այնպիսին, ինչպիսին կա: Պատերազմը կարող ես պարտվել, բայց մարդկային հարաբերություններում պետք է հաղթես»,- ասաց նա:
Երգչուհին նաև ընդգծեց, որ կարևոր է չչարանալը: «Եթե չարանանք ու մնանք դժգոհ իրավիճակում, ոչինչ չի փոխվի: Ասում են, որ առաջին քրիստոնյա ազգն են, բայց աղոթելու հետ մեկտեղ անիծում են, ումի՞ց են դժգոհ՝ իրենցի՞ց, եղանակի՞ց, հարևանի՞ց, ղեկավարի՞ց: Մարդը կարող է ցավից չարանալ, բայց պետք է գիտակցի ու արագ հետ գա: Պետք է ինքնուրույն մաքրել մտքերն ամեն օր: Պետք չէ սպասել, որ քեզ կառաջնորդի մայրդ, հայրդ, քահանան: Ներքին ուժ ես դաստիարակում քո մեջ՝ ներելով, սիրելով չսիրվողին»,- եզրափակեց Շպռոտը:

Մարիամ Խաչատրյան







