Երբեմն լավ է, որ մենք մեզ կորցնենք, որպեսզի իմանանք ով ենք ու վերածնվենք․ Zaz-ի համերգը Երևանում և հատուկ մոտեցումը հայ հանդիսատեսին (լուսանկարներ)
Երևանը երեկ երեկոյան աստղային էր։ «ՀԱՅԱ» փառատոնը մեկնարկեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ի համերգով, որը տեղի ունեցավ Երևանի «Հրազդան» մարզադաշտում։
Համերգի բացմանը բեմը երիտասարդների տրամադրության տակ էր․ երիտասարդ երաժիշտ Պարգը և «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հանդես եկան կատարումներով, որից հետո հանդիսատեսին հայերեն ողջունելով բեմ բարձրացավ Zaz-ը։
Աշխարհահռչակ երգչուհին խորիմաստ մտքերով ընդհատում էր կատարումները․ նա հատուկ մոտեցում էր ցուցաբերել հայ հանդիսատեսին և հայերեն տեքստեր էր կարդում․«Ինչ կատարվում է աշխարհում մենք հաճախ մեզ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելն ու պարելը մեզ կարող են զվարճացնել, և դա արդեն լավ է»,–ասաց երգչուհին։ Նա հավելեց, որ մեր ապրած ամեն օրը հրաշք է, բայց մարդիկ հաճախ չճեն գիտակցում դա։ Իր համար կյանքը կրակն է, այն կրակը, որն ունի իր ներսում։
Je Veux, La Boheme, Qué vendrá և այլ հայտնի հիթեր էր երգչուհին ներառել երգացանկում, որոնք ուղեկցվում էին բուռն ծափահարություններով ու ձայնակցումներով։
«Օդ, հող, ջուր ու կրակ․ ես պաշտում եմ կրակը, երբ շատ մութ է մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակ, որ ներսս ունեմ»,–հայերեն կարդաց երգչուհին, և իր ներսի կրակոտ տեմպով էլ շարունակեց ողջ երեկոն։
Ազնավուրին Zaz-ը միշտ է հիշում, ասուլիսին նշել էր, որ մեծ պատիվ է լինել ֆրանսիահայ շանսոնյեի հայրենիքում, իսկ համերգի ընթացքում առանձնացրել էր Ազնավուրի երգացանկից La Boheme–ը, որը կատարեց դուդուկահար Կամո Սեյրանյանի դուդուկի հնչյունների համակցությամբ։ Կամո Սեյրանյանը Zaz-ի հետ բեմ բարձրացավ երկու անգամ։
Համերգի ընթացքում հանդիսատեսի էներգիան ու արձագանքն ավելի բուռն էր դառնում, երբ Zaz-ը կարդում էր հայերեն․«Երբեմն լավ է, որ մենք մեզ կորցնենք, որպեսզի իմանանք ով ենք ու վերածնվենք»։
Հանդիսատեսի հետ շփում, էմոցիաներ, տրամադրություն ու չդադարող ծափահարություններ․ բեմում կրակոտ երգչուհին անհոգություն էր տարածել «Հրազդան» մարզադաշտում, Երևանը սիրով էր սպասում Zaz-ին, և այդ սերը հանդիսատեսին հաջողվեց փոխանցել երգչուհուն, վկայությունը նրան բեմից ճանապարհելու կոչերն ու ծափահարություններն էին։
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները նույնպես տեղի կունենան «Հրազդան» մարզադաշտում:

















