Նկարիչ, քանդակագործ Արմինե Աղայանցի աշխատանքները կցուցադրվեն «Նյու Յորք Արտ Էքսպո 2023»-ի շրջանակում:

15:26 • 16.01.23

Նկարիչ, քանդակագործ Արմինե Աղայանցի աշխատանքները կցուցադրվեն «Նյու Յորք Արտ Էքսպո 2023»-ի շրջանակում: Tert.am life-ը զրուցել է նկարչի հետ սպասվող ցուցահանդեսի և նրա ստեղծագործական նորությունների մասին:

 -Խնդրում եմ մի խոսել ցուցահանդեսից. Ե՞րբ է սպասվում։

-Անկեղծ ասած՝ այս պահին չէի ցանկանա մանրամասներ ներկայացնել ցուցահանդեսից: Կարծում եմ նպատակահարմար է պոստ ֆակտում խոսել նրա մասին: Միայն կնշեմ, որ հրավեր ունեմ «Նյու Յորք Արտ Էքսպո 2023»-ից, որին մասնակցել եմ նաև 2017-ին, նաև պլաններում կան ցուցահանդեսններ Իտալիայում  և Ֆրանսիայում։

 

-Սա Ձեր ո՞րերորդ ցուցահանդեսն է:

-Մասնակցել  եմ բազմաթիվ հայրենական և արտասահմանյան  ցուցահանդեսների՝ թե՛ ցուցահանդես-մրցույթների, թե՛ որպես թեմատիկ, բարեգործական կամ վարպետության դասերի ձևով (Փարիզում) և այլն: Իհարկե, ունեցել եմ նաև  անհատական ցուցահանդեսներ, որոնք իրականացվում են ամեն անգամ, երբ աշխատանքներիս կեսից ավելին նորացված են, քանզի տեսանելի և թարմացված են ասելիքներս, նորամուծություններն ու ստեղծագործական աճը:

 

-Նյու Յորքում ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու։ Ի՞նչ ոճում են լինելու։ Ներկայացնելու եք միայն նկարնե՞ր, թե՞ նաև քանդակներ:

-Առհասարակ ցուցահանդեսներին ներկայացնում եմ գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներ, ինչպես նաև քանդակային և դիզայներական աշխատանքներ։ Ոճերը տարբեր կլինեն: Մասնավորապես գեղանկարչության մեջ այժմ ավելի հետաքրքրված եմ նոր նյութերի տեխնիկաներով՝ դեկորատիվ  էլեմենտներով և ասիմետրիկ ֆորմաներով, ձգտում եմ նաև մոտենալ նորաձև կիրառական արվեստին, քանզի նաև պահանջարկն է այդպիսին:  Քանդակներս նույնպես պահանջարկված են և հիմնականում տարբեր առանձնատների  ու հասարակական շինությունների ինտերիերային միջավայրերի ձևավորման նպատակով են: Բավականին լուրջ ուշադրություն եմ դարձնում լուսանկարներիս, չնայած՝ այն ավելի շատ հոբի եմ դիտարկում: Դրանք այժմ ավելի սև ու սպիտակ  ֆորմատի մեջ են։

 

-Ստեղծագործական ինչ պլաններ ունեք այս ցուցահանդեսից հետո։

- Մտահղացումներս բազմապիսի են, պլաններս էլ՝  շատ:  Նոր լիցքերով եմ տարին սկսել և  առաջիկա ցուցահանդեսներից հետո (նաև ցուցադրությունների միջակայքում) ուզում եմ սկսել նաև կավե հարթաքանդակների հետ աշխատանքս, ինչն ինձ շատ է հոգեհարազատ: Ցավոք, մի կողմ էի թողել այն, հիմա մի տեսակ կարոտել եմ և համոզված եմ, որ միանգամայն նոր էներգիա եմ ստանալու։ Այս նպատակով արված բազմաթիվ էսքիզներ ունեմ:

 

-Արմինե, մի փոքր խոսենք առհասարակ Ձեր ստեղծագործական ուղուց: Քանի տարեկանից եք սկսել ստեղծագործել։ Կա որևէ մեկը ով Ձեզ ուղորդել է:

-Մեր ընտանիքը, կարելի է ասել, միշտ էլ արվեստի ձգողական ուժի ներքո է եղել: Հայրս մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի  գրաֆիկ նկարներ, գծանկարներ և բազմաթիվ քանդակներ տարբեր նյութերից՝ փայտից, պղնձից, կավից... հրաշալի աշխատանքներ ունի: Մայրս նույնպես շնորհալի է՝ հատկապես հետաքրքիր ասեղնագործության, շյուղագործության ու մաքրոմեի աշխատանքներ ունի՝ ազգային մանրանկարչության տարրերով: Մենք շատ հետաքրքիր մանկություն ենք ունեցել:  Մեր ընտանեկան տիկնիկային թատրոնը Հայաստանի Տիկնիկային Գործիչների միության կողմից կազմակերպված փառատոնների մասնակից թատրոն էր և ուներ բազմաթիվ մրցանակներ: Տիկնիկային պիեսից, երաժշտական ձևավորումից, խաղարկային տարբեր տիկնիկների պատրաստումից մինչև բեմի ձևավորման ու ատաղձագործական աշխատանքներ. ամենը կատարվում էին մեր ընտանիքի ուժերով... ի դեպ, ստվերների տիկնիներով հիանում էին նաև մեծահասակները...  ներկայացումների դերակատարները նույնպես մենք էինք  ծնողներս, քույրս,եղբայրս և ես: 4-րդ դասարանից սկսեցի հաճախել Կոջոյանի անվան արվեստի դպրոց. ուղղակի սիրում էի նկարել,  այնուհետև ակադեմիական արվեստանոց,  հետո Գեղարվեստի ակադեմիա, որտեղ անցա մեր ժամանակի ամենահեղինակավոր գեղանկարիչների հզոր դպրոցը: Տեսնելով իմ մեջ սերն ու  հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ և ամնեակարևորը իմ մեծ ցանկությունը՝ ծնողներս ճիշտ խորհուրդներ ու ճիշտ ուղղություն ցույց տվեցին ինձ: Իհարկե, շնորհակալ եմ նաև Գեղարվեստի Ակադեմիայի ամբողջ դասախոսական կազմին, ովքեր ջանք չեն խնայում արվեստի ոլորտում հայկական դպրոցի զարգացման ու նաև հանրահռչակման համար:

-Ինչպե՞ս որոշեցիք որ տաղանդը պետք է դառնա հիմնական մասնագիտություն:

-Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իր աշխատանքը և միայն այդպես հաջողություն կունենա և երջանիկ կլինի, երբ կատարում ես սիրածդ աշխատանքը, այն չես էլ ընկալում որպես աշխատանք,  դու ուղղակի հաճույք ես ստանում այդ պրոցեսից։ Արվեստի ուժը շատ հզոր է, իսկ բնագավառը՝ շատ ճկուն: Իմ մասնագիտության մեջ անընդհատ կարողանում եմ  փնտրտուքներիս հագուրդ տալ՝ սկսած ինտերիեր-էքստերիեր դիզայնից՝ մինչև նկարչություն ու քանդակագործություն, հարթաքանդակային կավագործություն, ինկրուստացիա… նույնիսկ երբեմն ուզում եմ մի քանի բան միաժամանակ անել և մեծ բավականություն եմ ստանում հենց բուն պրոցեսից։ Շատ երջանիկ եմ, որ հենց այս մասնագիտությունը ունեմ և զբաղվում եմ սիրածս գործով՝ հատկապես, երբ տեսնում եմ ավարտուն աշխատանքիս արդյունքը։

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նոր աշխատանքներ ստեղծել:

-Ամենից առաջ մեր բնաշխարհը: Գիտե՞ք, թե որքան գեղեցիկ է Տիեզերքը, Երկիր մոլորակը և նրա ամեն մի անկյունը, ամեն մի դետալը, գույնը, բնության զմայլելի երաժշտությունը: Ես կարող եմ օգեշնչվել դասական երաժշտությունով, ինչ-որ երգով, գեղարվեստական լավագույն ֆիլմերով, նույնիսկ փողոցում լսած որևէ մտքով, խոսակցությունով, որոնք իմ առջև բացում են մարդկային բնավորության՝ խարակտերի շերտերը, որից առաջացած գաղափարից արդեն մտքումս տեսնում եմ ապագա աշխատանքը: Երբեմն երազում եմ տեսնում այն պատկերները, որոնք դառնում են գեղարվեստական աշխատանքներ, բայց ինձ ամենից շատ ոգեշնչում են յուրաքանչյուր աշխատանքի ծննդից առաջ ստեղծվող ճեպանկարները՝ հատկապես առաջինը: Հենց այս փուլն է, որ մտահղացումդ ֆիքսում է և հենց այդ էսքիզներն են, որոնք հետագայում հանձնվում են կտավին ու հետո էլ հանդիսատեսին: Այս պահին ունեմ մի քանի ալբոմ, որոնք լցված են ճեպանկարներով ու սպասում են իրենց ավարտուն ստեղծման ժամանակին:

 

 

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

 

Նկարիչ, քանդակագործ Արմինե Աղայանցի աշխատանքները կցուցադրվեն «Նյու Յորք Արտ Էքսպո 2023»-ի շրջանակում: