«Երեխաները միևնույն ժամանակ և՛ կծիծաղեն, և՛ կսովորեն». նոր գիտքոմ՝ Արմենիա TV-ի եթերում. փակ դիտումն ու հայտնի հյուրերը
Արմենիա հեռուստաընկերությունը հայկական հեռուստաեթերում առաջին անգամ ներկայացնում է նոր ձևաչափ: Երեկ՝ օգոստոսի 28-ին, Կինոպարկում կայացավ «Գիտունոիդ» առաջին հայկական գիտքոմի փակ ցուցադրությունը, որին ներկա էր Tert.am Life-ը:
Նոր նախագիծն՝ ըստ ստեղծագործական թիմի, կդառնա դպրոցականների հեռուստաընկերն ու երեխաներին կտեղափոխի անիմացիոն աշխարհ:
Դերասանական կազմում են Անահիտ Կիրակոսյանը, Իշխան Ղարիբյանը, Լիլիթ Թոխատյանը, Մհեր Գրիգորյանը, Վահագն Գասպարյանը և այլք:
«Արտեմի կերպարն եմ մարմնավորում, շատ հետաքրքիր ու արկածային նախագիծ է լինելու: Լևոնյանների ընտանիքում մի դեպք է տեղի ունենում, չակերտները չեմ ուզում բացել, որից հետո մենք հայտնվում ենք արկածների մեջ ու տեղափոխվում անիմացիոն մուլտֆիլմ: Կերպարս միամիտ ու հումորով է, ինձ հետ ընդհանուր գծեր ունի: Նկարահանումների ընթացքը շատ լավ է անցել: Դժվարություն չի եղել, քանի որ սա իմ առաջին փորձը չէ»,- պատմեց գլխավոր հերոսին մարմանվորող Մհեր Գրիգորյանը: 
Դերասանուհի Լիլիթ Թոխատյանն էլ նշեց, որ վաղուց չէր նկարահանվել և հաճույքով է միացել նախագծին:
«Շատ պատասխանատու էր այս նախագծում նկարվելը: Էմոցիաների խառնուրդ է՝ և՛ հուզիչ է, և՛ ծիծաղելի, և՛ շոկային: Շատ ուրախ եմ, որ ինձ են ընտրել Գիսանեի կերպարի համար: Գիսանեն բլոգեր է, ով փորձում է իր բլոգում ոչ թե խոսել առօրյա թեմաներից, այլ՝ ճիշտ և օգտակար ինֆորմացիա տալ իր հետևորդներին»,- պատմեց դերասանուհին ու նշեց, որ իր ծնողները մեծ ոգևորությամբ փորձել եմ օգնել իրեն:
«Ամեն օր, նկարահանումից հետո նրանց պատմում էի, թե ինչպես է անցել, ինչ ենք արել, նրանց օգնությամբ տեքստերն էի սովորում: Իմ այս ոլորտում լինելը նրանց շնորհիվ է, նրանց խորհուրդների և օգնության»,- անկեղծացավ Լիլիթ Թոխատյանը:
Նախագծի պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրելով հայկական հեռուստաեթերը հասկացան, որ երկար ժամանակ է՝ մանկական նախագիծ չկա և փորձեցին այդ դժվար քայլն առաջինն անել:
«Փորձեցինք ստանալ ժամանցային և ուսուցողական նախագիծ երեխաների համար, որ միևնույն ժամանակ և՛ ծիծաղեն, և՛ սովորեն: Պետք չէ շատ խիստ դատել, որովհետև սա սկիզբն է: Մենք հորինել ենք նոր բառ, կոչվում է գիտքոմ՝ գիտական քոմեդի: Նոր ժանրի ֆիլմ, որը պատմում է 2 երեխաների մասին: Քույր և եղբայր՝ Արտեմն ու Գիսանեն հանդիպում են այլմոլորակայինի, որը այլ երկրից գալիս է Հայաստան ու նրա հետ բացահայտում են շատ տարբեր ու հետաքրքիր բաներ: Հայաստանում նորություն է, որ սիթքոմ ժանրի մեջ կա անիմացիոն կտոր»,- նշեց պրոդյուսերն, ում կարծիքով՝ նախագիծն իր նորարարությամբ ու յուրահատկությամբ անտարբեր չի թողնի երեխաներին:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը պատմեց, որ առաջարկը սիրով է ընդունել, քանի որ ֆիլմի գաղափարը միանգամից գրավել է իրեն:
«Տարբերվող է, ուսուցողական է, ընտանեկան դիտման համար է: Ես մարմնավորել եմ մայրիկի կերպարը, ունեմ հրաշալի երեխաներ: Երեխաներից մեկը բոլորիս կողմիս սիրված Հրանտի և Լուիզայի դուստրն է՝ Լիլիթը, մյուսը՝ իմ տղայի դասընկերն է՝ Մհերը: Շատ զվարճալի են անցել նկարահանումները: Կարծում եմ, և՛ մեծերին, և՛ երեխաներին դուր կգա այս ֆիլմը»,- ասաց Անահիտ Կիրակոսյանը:
Ֆիլմի սցենարիստներն են Վահան Մովսեսյանը, Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է: Նախագծի գաղափարի հեղինակը և անիմացիոն հատվածի պատասխանատուն «Մեդիա սթրիմ» գործակալությունն ու «L17» անիմացիոն ստուդիան են:
«Հայկական հեռուստատեսությունում այս միքսն անելը բավականին համարձակ քայլ էր, բայց Արմենիա TV-ին գնաց դրան, և մենք ստացանք, այսպես ասած, շատ լավ խառնուրդ: Անիմացիոն հատվածը բարդ էր, որովհետև պետք էր այդ կերպարներին ստանալ, հետո այնպես անել, որ դրանք շատ արագ սիրվեն բոլոր տարիքային խմբերի կողմից: Ծավալուն աշխատանքի արդյունքում նոր ժանր առաջացավ՝ համադրվեց սիթքոմը և անիմացիոն ֆիլմը: Մի քանի օրից արդեն եթերում կլինի, և կարծում եմ՝ բավականին կսիրվի»,- նշեց Անիմացիոն ստուդիայի ղեկավար Կարեն Մաթոսյանը:
Ամենաբարդ կերպարը բաժին է հասել դերասան Վահագն Գասպարյանին, ով գիտքոմում մարմնավորում է այլմոլորակայինի: «Համեստություն չանեմ, ու ասեմ, որ կարողացել եմ պատվով դուրս գալ, ինչի համար շնորհակալ եմ ողջ ստեղծագործական թիմին ու խաղընկերներիս»:
Նշենք, որ նախագիծը Արմենիա հեռուստատեսության եթերում կլինի սեպտեմբերի 3-ից:










Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի







