Կիրք, դավաճանություն և ինտրիգներ. «Կինոմոսկվա»-ում կայացավ «Բեմը» ֆիլմի պրեմիերան
Կիրք, դավաճանություն, կատարելության անվերջ փնտրտուք՝ բալետի անողոք աշխարհում...
«Կինմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաև Tert.am Lief-ը:
«Բեմ»-ը պատմում է կրքի, ցավի և կատարելության հասնելու ձգտման մասին, իսկ մասնագիտական ու անձնական պայքարները թեժանում են բալետի աշխարհում՝ լի սիրով, դավաճանությամբ ու անդադար ինտրիգներով:
Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, Լաուրա Շլեզինգերը։

Ֆիլմի պրեմիերայից րոպեներ առաջ Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ երկար ու բարդ ճանապարհ անցնելուց հետո վերջապես եկավ երկար սպասված պահը:
«Շատ ուրախ եմ: Սա ուղղակի ֆիլմի արտադրություն չի եղել, սա եղել է ամենաիսկական պատերազմ ու ես երջանիկ եմ, որովհետև մենք բոլոր փուլերով հաղթել ենք:
Ֆիլմը սկսելուց առաջ ես հացադուլ եմ հայտարարել, որի 1-ին պայմանը եղել է կինոյի պետական կառավարման մոդելում արմատական փոփոխություններ անելը: Հիմա այդ փոփոխություններն ընթանում են, ԿԳՄՍ-ն իրականացնում է, մենք ազատվել ենք Կինոկենտրոնից, կինոյի ֆոնդ ենք բացել, 6 տարի անդադար պայքարի մեջ ենք եղել:
Եվ հիմա ֆիլմի ավարտը կարծես լինի «բալը տորթի վրա»,- նշեց Հովհաննես Գալստյանը:

Ռեժիսորի խոսքով՝ 6 տարվա պայքարը շատ վատ է անդրադարձել ֆիլմի վրա:
«Ֆիլմը բազմաթիվ անգամներ փլվել է, հետո փշուրներից հավաքել ենք, դա շատ ծանր ու դաժան բան է: հույս ունեմ, որ մեզ հաջողվել է ամբողջական պատկերը ստանալ և հանդիսատեսը կսիրի, որովհետև այն բարձր արվեստի մասին է: Ֆիլմը չի զվարճացնում, ուղղակի երկխոսում է մարդկանց հետ»,- նշեց ռեժիսորը:

Դերասան Խորեն Լևոնյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի սցենարը կարդացել է և հաճույքով ընդունել առաջարկը, որովհետև նման ֆիլմերը շատ կարևոր են:
«Այն մշակույթի մարդկանց մասին է՝ ռեժիսորների, գեղարվեստական ղեկավարների, արտիստների, և Ֆիլմում շատ քիչ մասն է արտացոլված, այն ամենի ինչ կա մեր երկրում, թե ինչպես են հնից կառչած մարդիկ փորձում մի մարդու վնասազերծել, որն ուզում է ինչ-որ նոր բան անել, լավ ներկայացնել երկիրը:
Որքա՞ն կարելի է 50 տարի նույն ժամկետնանց արվեստը ներկայացնել: Իսկ ֆիլմում իմ հերոսն ուզում է նոր բան ներկայացնել ու ստեղծագործել, և բոլորն ուզում են նրա ճանապարհը փակել, ինչպես մեր երկրում է»,- նշեց Խորեն Լևոնյանը:

Անդրադառնալով գլխավոր հերոսուհու՝ Լիլիթ Հակոբյանի հետ իր համագործակցությանը, դերասանը նշեց, որ պարուհին կարողացել է պատվով դուրս գալ:
«Նկարահանման ընթացքում կարողացել է հաղթահարել ցանկացած տեսարան ու պատվով արել է այն, ինչ իրենից պահանջվել է»,- ընդգծեց Խորեն Լևոնյանը:
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը խոստովանեց, որ դերասանների ճիշտ ընտրությունն իր համար շատ կարևոր էր:
«Ես ունեմ 2 հիմնական մարտահրավեր, որ պետք է հաղթահարեմ, 1-ինը դա սցենարն է, պետք է լինի լավ պատմություն, 2-րդն իմ դերասաններն են: Ես շատ եմ սիրում դերասաններին, ունեմ իմ սիրելի դերասանները, սիրում եմ դերասանների հետ աշխատել: Այս ֆիլմում քիչ եմ աշխատել, քանի որ սերիալի ֆորմատով ենք նկարահանել, շատ քիչ ժամանակ ունեի նրանց հետ աշխատելու համար: Սովորաբար ես շատ երկար եմ աշխատում դերասանների հետ:

Լիլիթ Հակոբյանին հրավիրել եմ Գերմանիայից, նրան գտել եմ համացանցում: Մենք ունենք չտեսնված բալետային դպրոց ու պարուհիներ: Լիլիթն այս ֆիլմի աստղն է, նա այս պահին Հանովերում է, հոյակապ կարիերա է արել այնտեղ, Հանովերի պետական բալետի պրիմա պարուհին է և մեզ համար դա հպարտություն է»,- անկեղծացավ ռեժիսորը:
Հիշեցնենք՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դրամատիկ ֆիլմը՝ «Բեմ»-ը հունվարի 16-ից հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Նշենք, նաև, որ յութուբում հասանելի է 16 մասից բաղկացավ «Թողություն» սերիալը, որի հիման վրա էլ նկարահանվել է «Բեմը» գեղարվեստական ֆիլմը:













Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի











