«Ինձ համար չկան բաց և փակ տեսարաններ, կա կերպար, որի կյանքով դու ապրում ես». Ֆրիդա Յորք

12:19 • 24.01.25

«Պարոն Գալստյանի հետ հանդիպում ունեցա, որի ժամանակ նա այնպես պատմեց Նոռայի մասին, որ չսիրահարվել այդ կերպարին չէր լինի։

Բացի այդ, ինձ գրավեց այն, որ կարող էի բացասական կերպար մարմնավորել։ Փնտրել և դուրս բերել իմ միջից մեկ այլ կնոջ, որին ոչինչ չի կանգնեցնում»,-

Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Բեմ» ֆիլմում իր մարմնավորած կերպարի մասին, պատմեց դերասանուհի Ֆրիդա Յորքը:

Դերասանուհին նշեց, որ կցանկանար, որ նկարահանման հրապարակում ժամանակը սահմանափակ չլիներ և ռեժիսորի հետ աշխատելու ժամանակ շատ ունանար։

«Անչափ կարևոր եմ համարում զրույցներն ու միջավայրը, երբ ստեղծագործ մարդկանց հաջողվում է միմյանց մտքերն ու վերլուծությունները մեկտեղել։

Այդ ժամանակ է, որ կերպարը ծնունդ է առնում։

Ինձ խանգարում էր, որ ժամանակ չկար։

Լիլիթը, ով մարմնավորում էր Ժանեթին ՝ իմ կողմից շատ սիրված մարդ է։

Մենք ճանաչում ենք իրար դեռ պատանեկության տարիներից և շատ մտերիմ ենք։

Սկզբում մտավախություններ ունեի, մտածում էի՝ ինչպես եմ կարողանալու ատելությամբ նայել մի մարդու, ում շատ եմ սիրում, բայց հետո համոզվեցի և հասկացա, որ ավելի հեշտ կարելի է տրվել խաղին, երբ խաղընկերոջդ վստահում և սիրում ես։

Խորեն Լևոնյանի հետ աշխատելը շատ հեշտ է։ Երբ աշխատում ես իր գործին տիրապետող մարդկանց հետ, դա վայելք է»,- պատմեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին և հայ հանդիսատեսի ընկալմանն ու արձագանքին՝ Ֆրիդա Յորքն ընդգծեց, որ իր

համար չկան բաց և փակ տեսարաններ:

«Կա կերպար, որի կյանքով դու ապրում ես և պարտավոր ես պատմել նրա կյանքից դրվագներ, որպեսզի բացահայտես հանդիսատեսին քո կերպարը։

Հայ հանդիսատեսին չեմ ցանկանում թերագնահատել:

Մինչև այսօր չեմ առնչվել որևէ բաց տեսարանի հանդեպ հնչեցրած վատ կարծիքի։

Երբ դերասանը հստակ է պատկերացնում իր կյանքի և ստեղծագործ կյանքի սահմանները, հանդիսատեսը ևս չի խախտում այն»,- անկեղծացավ Ֆրիդան ու հավելեց, որ միակ անհարմարությունն այն էր, որ Ստեփանին մարմնավորող կերպարը դերասան չէր։

Դերասանուհին նաև նշեց, որ ինքնաքադատ է և շատ երկար ժամանակ է պահանջվում, որ ընդունի ինքն իր արած աշխատանքները:

«Երևի այդ պատճառով է, որ շարունակում եմ նկարահանվել: Շատ հարցերի մասին եմ ուզում խոսել այն դերերի միջոցով, որոնց ես այդքան սպասում եմ և որոնք սպասում են ինձ։

Այս պահին մի ներկայացման առաջարկ ունեմ, որի փակագծերը շատ վաղ է բացելը»,- ամփոփեց դերասանուհին։

 

Հեղինակ՝ Անի Մնացականյան