«Բոլոլա» սիթքոմը վերադառնում է նոր եթերաշրջանով. նոր դեմքեր, նոր զարգացումներ, հին ու բարի տրամադրություն
Հայկական սիրված սիթքոմներից մեկը՝ «Բոլոլա»-ն, այս սեպտեմբերից վերադառնում է հինգերորդ եթերաշրջանով։ Սերիալում սպասվում են նոր կերպարներ, անակնկալ զարգացումներ, և ըստ ստեղծագործական թիմի՝ այն իրապես տարբերվելու է նախորդներից։
Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում, զրուցել դերասանների հետ ու բացել բոլոր չակերտները:

«Կան բաներ, որ չենք արել նախորդ չորս եթերաշրջանում». Մենչ
Սիթքոմի դերասան և պրոդյուսեր Մենչը պատմում է, որ 5-րդ եթերաշրջանը, ինչպես նախորդները, ծնվել է հանդիսատեսի բարձր պահանջարկի արդյունքում․
«Եթե չլիներ այդ պահանջը, իմաստ չէր ունենա նոր եթերաշրջան անել։ Բայց մարդիկ գրել են, դիմել են, մենք զգացել ենք այդ սպասումը»։
Նոր եթերաշրջանում ընդգրկվել են նաև երկու նոր կերպար՝ որոնց մարմնավորում են Լիա Զախարյանն ու Զիրոյանը:

«Մենք երկար ենք քննարկել՝ ով կարող է այդ կերպարներն առավել հաջողությամբ խաղալ։ Կանգ առանք Զախարյանի ու Զիրոյանի թեկնածությունների վրա, և արդեն կարող ենք ասել՝ չփոշմանեցինք», – հավելում է Մենչը։
Նոր դերասաններ՝ նոր կոլորիտ
Դերասանուհի Լիա Զախարյանն, ով մարմնավորելու է Սոֆիի կերպարը, նկատում է.
«Սոֆին ռիսկային է, սեփական ամբիցիաներ ունեցող, անկախ աղջիկ, որ հայտնվում է տարաբնույթ կատակային ու ինտրիգային իրավիճակների մեջ։ Կերպարը կապ ունի Վահանի (Զիրոյան) և Կարենի (Աղաս Մանուկյան) հետ։ Մի տեսակ ինտրիգային եռանկյունի է ստացվում»։

Իսկ դերասան Զիրոյանն առաջին անգամ է հայտնվում պավիլիոնային սիթքոմում, բայց իր խոսքերով՝
«Խաղընկերները պրոֆեսիոնալ են, կերպարս՝ բարի, ազնիվ թիկնապահ է, որն ընկնում է զավեշտալի իրավիճակների մեջ։ Ու հենց այդ պահերն են հանդիսատեսին ուրախացնելու»։

Ինտիմ թիմային մթնոլորտ և անկեղծ սիրով արված աշխատանք
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը նշում է, որ նկարահանումները սկսել են մի քանի շաբաթ առաջ, անմիջապես չորրորդ եթերաշրջանի ավարտից հետո։
«Թիմը մի ամբողջություն է դարձել։ Մի ընտանիքի նման ենք՝ առանց ձևականությունների։ Ու հենց դա է պատճառը, որ ամեն անգամ հաճույքով ենք աշխատում։ Տեսարանները երբեմն այնքան զավեշտալի են լինում, որ նույնիսկ նկարահանման ժամանակ չենք կարողանում զսպել ծիծաղը»։

«Բոլոլա 5»-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից, և կունենա 16 սերիա։ Դերասանական կազմից որոշ կերպարներ, որոնց սցենարային գիծը փակվել էր, այլևս չեն լինի։ Նրանց փոխարինել են նոր կերպարները՝ նոր լիցքով և պատմություններով։ Սերիալը շարունակելու է իր ավանդական՝ հումորով, իրավիճակային սրությամբ և հետաքրքիր կերպարներով լի մոտեցումը.
«Այս եթերաշրջանում մեր նպատակը ոչ միայն զարմացնելն է, այլ պահպանելն այն, ինչ սիրվել է։ Բայց վստահ եմ՝ նոր դեմքերն ու զարգացումները նաև ուրախացնելու են հանդիսատեսին»,-եզրափակեց Մենչը։


























