Կուլիսներում մնացած բացթողումներն ու կայացած «Ոսկե Ծիրան» 2025-ը. Կարեն Ավետիսյանն ամփոփեց բարդ, բայց հաջողակ ուղին

10:59 • 21.07.25

Երևանի միջազգային կինոփառատոն «Ոսկե Ծիրան»-ի 22-րդ թողարկումն ավարտվեց մշակութային մեծ աշխուժությամբ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ամփոփելով այս տարվա «Ոսկե ծիրան»-ը, խոստովանեց՝ այս տարի ևս շարունակվեց փառատոնի ամենաբարդ, բայց արժեքավոր ճանապարհը՝ հեղինակային արվեստին նվիրվածությունը։

«Մենք պատվավոր հյուր էինք բերել մի մեծ արվեստագետի, ով լայն հանրությանը հայտնի չէր՝ Ամիր Նադերի։ Բայց փառատոնի ընթացքում նրա հետահայաց ցուցադրությունները լիքն էին, մարդիկ բացահայտեցին նրա արվեստը՝ կարծես մեկ շաբաթում ճանաչեցին նրան։ Սա հաստատում է, որ կարելի է մեծ արվեստ ներկայացնել նույնիսկ առանց զանգվածային ճանաչման», – ասաց Ավետիսյանը։

Նա ընդգծեց նաև իրանցի վավերագրական կինոյի նշանավոր անուն Ջաֆար Փանահու մասնակցությունը՝ որպես փառատոնի հյուր։ Ավետիսյանի խոսքով՝ Փանահին այսօր ապրող հեղինակային կինոյի ամենաթոփ ռեժիսորներից է, և նրա ներկայությունը ամրապնդեց փառատոնի միջազգային հեղինակությունը։

Փառատոնն այս տարի աչքի ընկավ ոչ միայն արտասահմանյան, այլև հայաստանյան ֆիլմերի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։ «Հայկական ֆիլմերը հանդիպեցին իրենց տեղացի հանդիսատեսին, ինչը հաճախ չէ, որ տեղի է ունենում։ Դա շատ կարևոր է. մեր առաքելությունն է ոչ միայն համաշխարհային կինոն ներկայացնել հայ հանդիսատեսին, այլ նաև՝ հայ կինոն՝ հենց իր երկրում», – ասաց նա։

Անդրադառնալով կազմակերպչական ընթացքին՝ Ավետիսյանն անկեղծացավ. «Բացթողումները միշտ կան, գրեթե ամեն օր, բայց անում ենք ամեն ինչ, որ դրանք մնան կուլիսներում։ Դրանք տեսանելի չեն դառնում հանդիսատեսին, ինչը հաջողության նշան է»։

Ամփոփելով փառատոնը՝ գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց. «Մենք հիմա քաղում ենք այն պտուղները, որոնք ցանվել են 22 տարի շարունակ, և միաժամանակ շարունակում ենք սերմանել այն գաղափարները, որոնք ապագայում կդառնան նոր արվեստի, նոր ստեղծագործողների, նոր կապերի և մշակութային հաջողությունների հիմք»։

Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան»-ի փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։

«Ծիրանի կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան)։ Արծաթե ծիրանի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան)։ Հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։

FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրան մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։

Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։ Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։

Փառատոնի մեկ այլ հատուկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց  հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարավեց Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան էին ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը ներկայացրին կինոսերներին։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Ժյուրիի անդամների ցանկում էին Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։ Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։ Մյուս անդամը Ադա Սոլոմոնն էր՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն էր Ամիր Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիրը, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Կուլիսներում մնացած բացթողումներն ու կայացած «Ոսկե Ծիրան» 2025-ը. Կարեն Ավետիսյանն ամփոփեց բարդ, բայց հաջողակ ուղին