Զառա Ջյանը՝ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անգլիական և ամերիկյան պրեմիերաների, Կաննի կինոփառատոնին մասնակցելու և հայկական զարդերի հաջողության մասին

15:46 • 04.08.25

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը նոր հաջողություններ է գրանցում միջազգային հարթակներում՝ ներկայացնելով ոչ միայն Փարաջանովի ժառանգությունը, այլև ժամանակակից հայ կինոյի ստեղծագործական ուղին։

Ֆիլմի հեղինակ Զառա Ջյանի հետ զրուցեցինք միջազգային փառատոնային հաջողությունների, առաջիկա նախագծերի և հայկական մշակույթի յուրօրինակ ներկայացման մասին։

«Ֆիլմի «ճանապարհորդությունը» շարունակվում է․ այն ընտրվել է և ներկայացվելու է «Chichester International Film Festival»-ում, որի շրջանակում օգոստոսի 15-ին Անգլիայում կկայանա պրեմիերան։ Մենք այնտեղ կլինենք բեմադրող նկարիչ Աստղիկ Սամվելյանի հետ։ Պրեմիերայից հետո նախատեսված է նաև հարց ու պատասխան՝ BBC-ի լրագրողի հետ։

Սեպտեմբերի 14-ին կունենանք ամերիկյան պրեմիերա՝ «New Jersey Film Festival»-ի մրցութային ծրագրում: Այս Ֆիլմի աշխարհագրությունը, առհասարակ, շատ միջազգային է: Համաշխարհային պրեմիերան կայացել էր Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Classics» մրցութային ծրագրում՝ նշանավորելով Հայաստանի պետական մասնակցության վերադարձը 40 տարի անց։ Այնուհետև ցուցադրվել է Բելգիայի «Film Fest Gent»-ում, Սերբիայի «Belgrade Auteur’s Film Festival»-ում, ինչպես նաև Արգենտինայի «Mar del Plata International Film Festival»-ում։

Վերջինիս մասնակցությունը հատկապես նշանավոր էր. 1965 թվականին Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը հաղթել էր այդ փառատոնում։ 59 տարի անց Փարաջանովը «վերադարձել» էր Արգենտինայի մեծ էկրան՝ այս անգամ՝ իմ ֆիլմով»,-Tert.am.life-ին ասաց ռեժիսոր Զառա Ջյանը:

Նրա խոսքով՝ այլ միջոցառումներ առաջիկայում ևս նախատեսված են: «Աշխատում ենք ամերիկյան ևս մեկ հեղինակավոր փառատոնի հետ՝ ֆիլմին և ընդհանրապես հայ մշակույթին նվիրված հատուկ ծրագրի շուրջ։ Սա մեծ ձեռքբերում է, քանի որ կինոն այստեղ նաև մեր արժեքների, պատմական հիշողության և ինքնության բարձրաձայնման միջոց է: Շուտով այդ մասին մանրամասներ կներկայացնեմ»,-նշեց Զառա Ջյանը:

Զրույցում ռեժիսորը պատմեց նաև, որ վերջերս էր վերադարձել Կաննի կինոփառատոնից, որին արդեն յոթ տարի է, ինչ մասնակցում է։ «Այս տարի Աստղիկ Սամվելյանի հետ էինք՝ Լուսիկ Ագուլեցու դուստրն ու նրա թանգարանի տնօրենն է։ Նոր նախագծիս առանցքում հենց Լուսիկ Ագուլեցու կերպարն է։ Այն դեռ սցենարային զարգացման փուլում է, սակայն արդեն ընտրվել էր CNC-ի կողմից՝ մասնակցելու pitching-ին (ներկայացմանը): Արդեն ավելի քան 20 միջազգային պրոդյուսերների հետ համատեղ արտադրության համար ունենք նախնական պայմանավորվածություններ։ Մեծ հպարտության մեկ այլ առիթ էլ ունեցանք: Աստղիկ Սամվելյանի հեղինակած հայկական ձեռագործ զարդերը, որոնք կրում էինք, շատ մեծ արձագանք ստացան, չնայած դրանք ցուցադրության համար նախատեսված չէին։ Մարդիկ մոտենում էին, հարցնում, ցանկանում էին ձեռք բերել։ Դա ևս մի կարևոր հաղթանակ էր՝ մեր մշակույթի հանդեպ հետաքրքրության տեսանկյունից։ Այդ զարդերը պատմություն են կրում՝ դարաշրջանների խորհրդով, և հիանալի միջոց են մեզ որպես ստեղծագործող ազգ ներկայացնելու համար»,-ամփոփեց Զառա Ջյանը։

Հիշեցնենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել էր 2025 թվականի հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում և Սերբիայում։ Հերոսների թվում են միջազգային ճանաչում ունեցող մշակութային գործիչներ՝ Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգհ, Էմիր Կուստուրիցա, Չուլպան Խամատովա, Ջոել Կապրոն, Ալի Խամրաև, Լորա Գուերրա, Լևոն Աբրահամյան, Արտավազդ Փելեշյան և այլք։ Ֆիլմը բաժանված է երեք մասերի՝ ըստ հերոսների։ Նրանք են՝ հետխորհրդային մշակույթի ներկայացուցիչներ, Փարաջանովի գործընկերներ և միջազգային մշակութային գործիչներ։ Նրանց բոլորին միավորում է Սերգեյ Փարաջանովի հանդեպ սերը։ Սա դասական ինքնակենսագրական չէ․ ավելի շատ ներհայեցողություն է, վերապրած պատմություն՝ ոգեշնչված Փարաջանովով։

Լուսանկարները (սև և սպիտակ)՝ Մարքո Բորրանի (Marco Borrani)

Զառա Ջյանը՝ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անգլիական և ամերիկյան պրեմիերաների, Կաննի կինոփառատոնին մասնակցելու և հայկական զարդերի հաջողության մասին