«Ամենակարևորը առողջ բալիկ ունենալն է՝ հոգեպես ու ֆիզիկապես առողջ ընտանիքում»․ Անահիտ Մսրյանը «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմում մարմնավորում է դիմահարդարի

15:48 • 14.08.25

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմում դիմահարդարի կերպարը մարմնավորում է դերասանուհի Անահիտ Մսրյանը: Tert.am LIfe-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր կերպարի և ֆիլմի կարևոր ուղերձի մասին։

«Կերպարիս հետ կապված չեմ ուզում շատ փակագծեր բացել, դիմահարդարի կերպարն եմ մարմնավորել, ով հաստատ շատերին մտածելու տեղիք է տալու, ստիպելու է մի փոքր այլ կերպ մտածել։

Ուրախ եմ, որ նկարահանվել եմ ֆիլմում և իմ փոքրիկ ներդրումն ունեմ այս շատ կարևոր ասելիքով ֆիլմում։ Ֆիլմը, ցավոք շատ տարածված թեմայի մասին է՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների։ Ֆիլմի պրոդյուսեր Ելենա Արշակյանը և սցենարիստ Անահիտ Մխիթարյանը շատ-շատ կարևոր թեմա են բարձրացրել, և մեծ հույս ունեմ, որ ֆիլմը կօգնի ավելի խորը մտածել ու վերջապես հասկանալ, որ, ինչպես ֆիլմի նշանաբանն է. «սեռը դատավճիռ չէ»։ Ինքս միշտ երազել եմ աղջիկ երեխա ունենալ և շատ եմ ցանկանում, որ բոլորը հասկանան, որ ամենակարևորը առողջ բալիկ ունենալն է՝ հոգեպես ու ֆիզիկապես առողջ ընտանիքում»,- Tert.am LIfe-ի հետ զրույցում ասաց Անահիտ Մսրյանը։

Հիշեցնենք՝ Ելենա Արշակյանի նոր գեղարվետական ֆիլմը՝ «Շնորհավոր, աղջիկ է» կյանքի ու պատահականությունների մասին է:  

Ֆիլմն անդրադառնում է ցավոտ, հուզիչ և բոլորին դիպչող թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդրին։ 

«Դեռ 2021 թվականին ես և Անահիտ Մխիթարյանն ունեինք այս ֆիլմի սցենարը, երբ մտածում էինք դիպլոմային աշխատանքի մասին, սակայն թեման փոխվեց, և ուրիշ ֆիլմ նկարեցինք։ Բայց սցենարը պահպանվել էր։ Տարիներ անց, երբ առաջարկ ստացանք Նիդերլանդների դեսպանատան կողմից՝ նկարահանել ֆիլմ սելեկտիվ աբորտների մասին, մենք մեկ շաբաթ անց արդեն ներկայացրեցինք այն։ Սցենարը հաստատվեց, ու շատ արագ անցանք աշխատանքի։ Այնպիսի տպավորություն էր, որ ֆիլմը մեզ էր սպասում»,- մեզ հետ զրույցում պատմել էր ռեժիսորը:

«Ամենակարևորը առողջ բալիկ ունենալն է՝ հոգեպես ու ֆիզիկապես առողջ ընտանիքում»․ Անահիտ Մսրյանը «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմում մարմնավորում է դիմահարդարի