«Ինձ Ռուբենին ուղղված նամակի սքրին ուղարկեցին, որտեղ նրան խնդրել էին ինձ դիտարկել որպես Մելսի դերակատար». Ավետ Զոհրաբյանը՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի հերոսներից է
«Արդեն 2 տարի է ֆիլմը ստեղծման փուլում է: Քասթինգի ընթացքում Ռուբեն Եսայանն ինձ զանգահարեց, հանդիպեցինք, քննարկեցինք, հետո գիրքը կարդացի, բավականին հետաքրքիր էր: Գիրքը կարդալուց հետո ժանրը սկսեց հետաքրքրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Ավետ Զոհրաբյանն, ով «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմում մարմնավորելու է Մելսի կերպարը:
Դերասանը պատմեց, որ երկրպագուներից շատերն են իրեն տեսել այդ կերպարում և այդ հարցով դիմել գրքի հեղինակ Ռուբեն Եսայանին:
«Վերջերս ինձ Ռուբենին ուղղված նամակի սքրին ուղարկեցին, որտեղ նրան խնդրել էին ինձ դիտարկել որպես Մելսի դերակատար»,- նշեց Ավետն ու խոստովանեց, որ ֆիլմի սյուժեն շատ հետաքրքիր է:

«Շատ յուրահատուկ թիմ է աշխատում ֆիլմի վրա: Իմ կերպարը մի քիչ առանձնանում է մյուս կերպարներից, որովհետև այլ ընտանիքում մեծացած ու այլ վարքի տեր մարդ է: Մեկնում է ճամփորդության ընկերուհու հետ ու իրադարձությունները հետաքրքիր զարգացում են ստանում: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, որ դիտողին հետաքրքիր լինի:
Երկար նախապատրստական փուլից հետո նկարահանումներն այսօր սկսվում են: Մեզ բարի ընթացք եմ մաղթում, իսկ դիտողին ասեմ, որ շատ հետաքրքիր ու յուրահատուկ, էմոցիոնալ ֆիլմ է լինելու»,- պատմեց Ավետ Զոհրաբյանը:

Դերասանը նշեց, որ ստեղծագործական թիմի նպատակն է եղել ֆիլմում ընդգրկել ոչ միայն հայտնի դերասանների, այլև հնարավորություն տալ սկսնակ ուսանողներին:
«Վստահ եմ նրանցից շատերին շատ լավ ապագա է սպավում ու մոտ ապագայում նրանց անունները բոլորին ճանաչելի կլինեն»,- ամփոփեց դերասանը:

Հիշեցնենք, որ Ֆիլմում հերոսներին մարմնավորելու են Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը, Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը, Ավետ Զոհրաբյանը, Էլեն Սաֆարյանը, Լիլիթ Սարգսյանը և այլք:
Ֆիլմի ռեժիսորը Գևորգ Շարամբեյանն է:
Ավելի վաղ՝ Tert.am Life-ը ֆիլմի մասին զրուցել էր Ռուբեն Եսայանի հետ, ում խոսքով՝ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է տարեվերջին:
Հիշեցնենք՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը ամենաշատ վաճառվածն էր 2023-ին, այն առաջին հայկական գիրքն է սարսափ-թրիլլեր ժանրում:












