Կյանք, կորուստ և ներման ճանապարհ․ «Ուրիշի ընտանիքը»՝ Ա-թիվիի եթերում

11:49 • 29.10.25

Հոկտեմբերի 20-ից Ա-թիվի հեռուստաընկերության եթերում սկսել է ցուցադրվել նոր հեռուստասերիալը՝ «Ուրիշի ընտանիքը»։ Սա բազամասերիանոց նախագիծ է, որը խոսում է մարդկային հարաբերությունների, ցավալի որոշումների և ներելու ուժի մասին։

Սյուժեն սկսվում է մի կնոջ պատմությամբ, ով կանգնած է կյանքի ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։ Մի կողմում նրա արդեն մեծացած երեխաներն են, իսկ մյուս կողմում՝ նոր կյանք, որը դեռ պետք է ծնվի։ Փորձելով պահպանել երկուսին էլ՝ կինը կորցնում է ամեն ինչ։ Տարիներ անց նրա երեխաներն էլ են կանգնում նույն ընտրության առաջ՝ ներել, թե շարունակել անցյալի ցավը։ 

Ֆիլմի հիմնական գաղափարը պարզ, բայց խորն է՝ մենք պիտի կարողանանք ներել, որովհետև մի օր ամեն մեկս էլ ներման կարիք կունենանք։ Կյանքը հաճախ երկրորդ հնարավորություն չի տալիս։

Հեռուստասերիալում հանդես են գալիս ինչպես նոր անուններ, այնպես էլ արդեն սիրված դերասաններ՝ Վահագն Ղազինյան, Էդգար Իգիթյան, Ադրինե Աճեմյան, Էլլադա Հակոբյան, Սիրանույշ Եսայան, Վիկտորյա Շամիրյան և Նվեր Սուքիասյան։ 

Նախագծում կան կերպարներ, որոնք հեռուստադիտողին արդեն ծանոթ են նախորդ նախագծերից, սակայն այս անգամ նրանք բացահայտվելու են նոր երանգներով։  Ստեղծագործական խումբը վստահ է, որ և՛ դերասանների խաղը, և՛ պատմության խորքային ասելիքը կգտնեն իրենց արձագանքը հանդիսատեսի սրտում։