Exclusive. «Եթե չկան կոնֆլիկտներ, ինտրիգներ ու ռիսկեր, ուրեմն ինչ-որ բան չի ստացվել, Եվրատեսիլը հենց դրա մասին է. «Paloma Rumba». Սիմոնի բազմաշերտ կերպարը՝ եվրատեսիլյան բեմի համար

12:38 • 20.03.26

Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Paloma Rumba» երգով։ Երգը էներգիայով լի և աշխույժ երգ է, որը խորհրդանշում է  ազատությունը, կյանքի սեփական ռիթմին համընթաց շարժվելու գաղափարը։

Եվրատեսիլից առաջ թեժ կրքերի ու բուռն ստեղծագործական շրջանի մասին Tert.am Life-ը առաջին զրույցն է ունեցել Սիմոնի և տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ:

«Եվրատեսիլ գնալու հետ կապված լուրն իմացել եմ պաշտոնապես հայտարարվելուց գրեթե 1 ամիս առաջ։ Անկեղծ պիտի լինեմ, այդքան էլ անսպասելի չէր, որովհետև 2025 թվականի «Դեպի Եվրատեսիլ»-ից հետո ստացել եմ բազմաթիվ նամակներ, տեսել եմ սոցցանցերում լուրեր ու խոսակցություններ, որ ես եմ լինելու, բայց դրանք զուտ մարդկանց պատկերացումներն էին։ Իսկ պաշտոնական լուրը ստանալուց շատ եմ ուրախացել», -Tert.am Life-ի հետ զրույցում՝ առաջին տպավորությունների մասին պատմել է Սիմոնը։

Երգի հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը: Տեսահոլովակի պարային խորեոգրաֆիան իրականացրել է Կրիստինա Հովակիմյանը: Սիմոնի խոսքով՝ հրաշալի համագործակցություն է ստացվել, թիմում բոլորը միմյանց լրացրել են:

«Լիլիթը շատ լավ է զգում ինձ ու գիտի ես ինչ եմ ուզում։ Ինքը պատկերացնում է իմ ներքին աշխարհը, իմ հնարավորությունները, իմ սերը դեպի յուրահատուկ երաժշտությունը»,- նշեց երգիչն ու հավելեց. «Երգը շատ իմ ոճի է՝ սիմոնական է, շատ իմն է այդ երգը»։

Սիմոնն ընդգծեց, որ ուրախ է, որ երգը նաև լավ արձագանք է ստանում եվրապացիների կողմից։ Երգի խոսքերը գրել են Էվա Ոսկանյանը, Ռոզա Լինն ու Դավիթ Ծերունյանը: Երգչի համոզմամբ՝ նրանք մաքսիմալ փորձել են ներկայացնել այն գաղափարը, որը ցույց ենք տալիս տեսահոլովակում։ Երգի բառերն ու տեսահոլովակը շատ համահունչ են, ու ես մաքսիմալ կարողացել եմ փոխանցել այն, ինչ ռեժիսոր Արթուր Մանուկյանն ուզել է:

Շնորհակալ եմ Արթուրին։ Նա կարողացել է ստանալ այն, ինչ երգին սազական է ու համապատասխան մտքին ու գաղափարին։ Ես շատ եմ սիրել տեսահոլովակն, ու այն իրոք դրական արձագանք է ստացել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ երգիչը:

«Ես հաղթողի հոգեբանությամբ եմ տրամադրված մրցույթին, ուզում եմ պատվով ներկայացնել մեր երկիրն ու ամեն ինչ անելու եմ, որ հաղթանակ բերեմ։ Բացի այդ, սա մեծ հարթակ է՝ և՛ դրական հիշողություններ ունենալու, և՛ նոր ընկերներ ձեռք բերելու համար»։

Թեև Սիմոնի կյանքում այս պահին շատ ծանրաբեռնված ու բուռն ստեղծագործական շրջան է, հասցնում է ստանալ անթիվ նամակներ։  «Մարդիկ շատ դրական են տրամադրված, ու դրական արձագանքները շատ են, ու այդ քանակի մեջ անգամ չեն երևում վատ արձագանքները, որոնք ևս միանշանակ կլինեն»,- նշում է Սիմոնը:  «Ես երախտապարտ եմ ու շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը։ Սա անպայման ուզում եմ նշել, որովհետև ես ընտրվել եմ ներքին որոշմամբ, ինչը ինձ համար շատ պատվաբեր է ու պատասխանատու, ու ամեն ինչ կանեմ, որպեսզի ներկայացնեմ իմ երկիրը պատվով»:

Տեսահոլովակի և ընդհանուր կոնցեպտի մասին Tert.am Life-ին պատմել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը՝ բացահայտելով ստեղծագործական գործընթացի հետաքրքիր մանրամասները։

«Երբ մենք լսում ենք երգը, առաջին հերթին փորձում ենք հասկանալ՝ ինչ լույսի տակ և ինչ ռակուրսից պետք է ներկայացնենք արտիստին։ Կարևոր է ստեղծել առաջին տպավորությունը, որպեսզի ճիշտ ձևով բացենք նրա լավագույն հատկանիշները՝ վիզուալ տեսքը, սթայլինգը, ընդհանուր ներկայությունը»,- նշում է ռեժիսորը։

Նրա խոսքով՝ Սիմոնի դեպքում այդ խնդիրը որոշ չափով ավելի հեշտ է եղել, քանի որ նա դեռ լիովին «ձևավորված» հանրային կերպար չունի․
«Մենք շատ կտրուկ փոփոխությունների չէինք ուզում գնալ, որպեսզի պահպանենք այն հիշողությունը, որ հանդիսատեսն ունի նրա մասին նախորդ նախագծերից»։

Միևնույն ժամանակ, Արթուր Մանուկյանը խոստովանում է, որ գաղափարը միանգամից չի ձևավորվել, սակայն առաջին լսումից հետո արդեն հստակ ուղղություն է տեսել.
«Հասկացա, որ տեսահոլովակում պետք է ունենանք մի քանի շերտ․ ներկայացնենք Սիմոնին այնպես, ինչպես նա կա իրականում, և միաժամանակ ցույց տանք նրա հակառակ՝ ավելի խելառ, արտիստիկ կողմը»։

Այս մոտեցումն, ըստ նրա, հնարավորություն է տվել ընդգծել Սիմոնի բազմաշերտությունը․
«Մենք տեսանք երկու տարբեր Սիմոն՝ մեկում՝ զուսպ ու հավասարակշռված, մյուսում՝ այն ակտիվ, էներգիայով լի կերպարը, որին բոլորս ճանաչում ենք»։

Տեսահոլովակի սյուժետային լուծումների հիմքում դրված է օֆիսային միջավայրը, որը ռեժիսորին հնարավորություն է տվել բազմակողմանի ներկայացնել արտիստին՝ և՛ պարային, և՛ շոուի տեսանկյունից։ Այս գաղափարի զարգացման հարցում կարևոր դեր է ունեցել նաև Դավիթ Ծերունյանը։

«Դավիթը մի շատ լավ միտք առաջարկեց՝ պատկերացնել, որ Սիմոնը հոգնել է այս ամենից։ Դա օգնեց գտնել ճիշտ դրամատուրգիան և կառուցել պատմությունը»,- պատմեց ռեժիսորը:

Նա նաև ընդգծեց, որ Սիմոնի հետ համագործակցությունը նոր չէ․ նա վաղուց է ճանաչում արտիստին և աշխատել է նրա հետ տարբեր նախագծերում։
«Ես գիտեի նրա հնարավորությունները, էներգիան, պլաստիկան։ Իմ կարծիքով նա շատ պատրաստ արտիստ է Եվրատեսիլի համար»։

Արթուր Մանուկյանի համոզմամբ՝ նմանատիպ արտիստները համապատասխանում են մրցույթին.
«Ես սիրում եմ, երբ Եվրատեսիլ ենք ուղարկում մեծ էներգիա ունեցող, դեռ չմաշված արտիստների։ Այդ բեմը ռիսկային է, և արտիստը պետք է պատրաստ լինի ռիսկերի»։

Նա նաև առանձնահատուկ հիացմունքով է նշում Սիմոնի անցած ճանապարհի մասին.
«Դրա մեջ մեծ հուզականություն կա, ես տեսել եմ նրան իմ տեսահոլովակներում այլ դիրքում, իսկ այսօր նա արդեն ներկայացնում է Հայաստանը որպես հիմնական արտիստ»։

Տեսահոլովակում հայտնվում է նաև Իվետա Մուկուչյանը, որի մասնակցությունը, ըստ ռեժիսորի, ավելի շատ ինտուիտիվ որոշում է եղել.
«Երբ մտածում էի առաջին տեսարանի մասին, հենց Իվետան եկավ մտքիս։ Նա սիրված է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական եվրատեսիլյան լսարանի կողմից»։

Արթուր Մանուկյանը վստահ է, որ Իվետայի մասնակցությունն իր ազդեցությունն է ունեցել տեսահոլովակի դրական արձագանքների վրա:
Խոսելով արձագանքների մասին՝ ռեժիսորը նշում է, որ հակասական կարծիքները բնական և նույնիսկ անհրաժեշտ մաս են Եվրատեսիլի համար.
«Եթե չկան կոնֆլիկտներ, ինտրիգներ ու ռիսկեր, ուրեմն ինչ-որ բան չի ստացվել։ Եվրատեսիլը հենց դրա մասին է»։

Նա նաև կտրականապես չի համաձայնում մրցույթի «քաղաքականացված» լինելու տեսակետի հետ.
«Ես երբեք չեմ համարել, որ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է։ Իմ դիտարկմամբ՝ միշտ հաղթել է ամենալավ ու ամենասիրված երգը»։

Ինչ վերաբերում է Սիմոնի ներկայիս արդյունքներին, ռեժիսորը լավատես է.
«Տեսահոլովակը մեծ դեր խաղաց, որպեսզի առաջին տպավորությունը լինի ճիշտ։ Հիմա արդեն ամեն ինչ Սիմոնի դաշտում է՝ կենդանի կատարումը պետք է լինի համոզիչ»։

Միևնույն ժամանակ, արձագանքների ակտիվությունը նա գնահատում է որպես դրական նշան.
«Այս տարի ռեակցիաները շատ ակտիվ են, ինչը նշանակում է՝ կա հետաքրքրություն։ Իսկ եթե կա հետաքրքրություն, դա արդեն լավ նշան է»։

Եվ վերջում՝ նա ընդգծում է եվրոպական լսարանի վերաբերմունքը.
«Եվրոպայում հիմնականում դրական արձագանքներ ենք տեսնում։ Նույնիսկ տարբեր երկրների երկրպագուները փորձում են պաշտպանել Սիմոնին։ Դա հենց Եվրատեսիլի շունչն է՝ ինտրիգ, ֆանատիզմ և մեծ հետաքրքրություն»։