«Օպա Պապա». ծիծաղի, պատասխանատվության ու վերադարձի պատմություն՝ մեծ էկրանին
Արկածներով, հումորով ու անսպասելի զարգացումներով լի ընտանեկան պատմություն՝ «Օպա Պապա» ֆիլմը մեծ էկրան բարձրացավ «Կինոմոսկվա»-ում: Երիտասարդ թիմի ստեղծած կատակերգությունը ոչ միայն զվարճացնում է, այլ նաև խոսում է ընտանիքի, հայրենադարձության և պատասխանատվության կարևորության մասին։
Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և առանձնացրել կարևոր դրվագները:
Պրեմիերայի ընթացքում ֆիլմի ստեղծագործական կազմը կիսվեց տպավորություններով, աշխատանքային գործընթացի մանրամասներով և ֆիլմի հիմնական ուղերձներով։

«Պատասխանատվությունը երբեմն գալիս է անսպասելի, բայց արժե այն ընդունել». Արսեն Գրիգորյան
Գլխավոր հերոսին մարմնավորող Արսեն Գրիգորյանը պատմում է, որ իր կերպարը՝ Էնդի Բաբայանը, դերասան է, ով կարիերայի հետևից գնալով հայտնվում է արտերկրում, սակայն մի անսպասելի իրադարձություն ամբողջությամբ փոխում է նրա կյանքը։
Դերասանի խոսքով՝ ֆիլմի նկարահանումների ամենակարևոր կողմերից մեկը ստեղծված մթնոլորտն էր․ ամբողջ թիմը երիտասարդ էր, բայց միևնույն ժամանակ՝ պրոֆեսիոնալ և նվիրված։ «Եթե տեսարանը հումորային էր, նույն տրամադրությունը կար նաև կադրից դուրս, եթե հուզական՝ բոլորը ապրում էին այդ զգացողությամբ»,- նշեց դերասանը։
Արսեն Գրիգորյանը կարևորում է նաև ֆիլմի գաղափարական կողմը՝ ընդգծելով, որ այն միայն ժամանցային չէ։ «Ֆիլմը փոխանցում է սեր դեպի ընտանիքը, դեպի տունը, և ցույց է տալիս, որ պատասխանատվությունը, որքան էլ սկզբում վախեցնող թվա, իրականում կարող է հաճելի ու արժանի ճանապարհ լինել»։

«Ֆիլմի հիմքում պատասխանատվությունն ու հայրենադարձությունն են». Գոռ Գրիգորյան
Ֆիլմի ռեժիսոր Գոռ Գրիգորյանի համար «Օպա Պապա»-ն դեբյուտային աշխատանք է, ինչպես նաև շատերի առաջին փորձը մեծ կինոյում։ Նրա խոսքով՝ ֆիլմի գաղափարը ձևավորվել է թիմային աշխատանքի արդյունքում, իսկ սցենարը զարգացվել է սցենարիստների՝ Վարուժան Գալթակյանի, Ռաֆայել Ջալալյանի և Տիգրան Գալստյանի հետ համագործակցությամբ։

«Մեր հերոսը հանկարծ իմանում է, որ երեխա ունի, և ստիպված է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ ֆիլմում կա նաև հայրենադարձության գիծը՝ վերադարձ դեպի սեփական տուն ու արմատներ»։
Խոսելով դերասանների հետ աշխատանքի մասին՝ նա ընդգծեց, որ փորձառու դերասանների՝ Հրանտ Թոխատյանի և Նարեկ Դուրյանի հետ աշխատելը հեշտ է եղել՝ նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

«Սա կատակերգություն է, որը նաև նուրբ զգացմունքների մասին է». Հռիփսիմե Նահապետյան
Դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը ֆիլմում մարմնավորում է վավերագրական ֆիլմեր նկարող ուսանողուհու, ով հայտնվում է գյուղում և ծանոթանում գլխավոր հերոսի հետ՝ անցնելով նրա հետ հայրական զգացմունքների բացահայտման ճանապարհը։
Նրա խոսքով՝ ֆիլմը գրավիչ է հենց իր նրբությամբ․ «Կատակերգությունը հաճախ ավելի բարդ է, քան դրաման։ Այստեղ ոչ միայն ծիծաղ կա, այլ նաև զգացմունքներ, որոնք շատ բնական ձևով են փոխանցվում»։

Դերասանուհին նաև առանձնացնում է նկարահանման ջերմ մթնոլորտը․ «Շատ հեշտ ու հաճելի պրոցես էր, որովհետև թիմը միասնական էր, իսկ Արսեն Գրիգորյանի ստեղծած էներգիան նկարահանման հրապարակում պարզապես չէր թողնում, որ որևէ բան դժվար անցնի»։
Ստեղծագործական թիմի խոսքով՝ «Օպա Պապա»-ն ժամանակակից հայկական կինոյի երիտասարդական շունչն է՝ հումորով փաթեթավորված, բայց խորքային ասելիքով։ Այն հիշեցնում է, որ երբեմն կյանքի ամենակարևոր շրջադարձերը գալիս են անսպասելի, բայց հենց դրանք են մեզ վերադարձնում դեպի մեր արմատները՝ ընտանիք, տուն և ինքնություն։
















Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի











