Ավարտվեց «Հարսնաձորի լեգենդը» ֆիլմը. թիմը սկսում է նոր սերիալի վրա աշխատանքները
«Վերջին ամիսների ընթացքում մենք պատմել ենք ձեզ Հարսնաձորում ծնված մի պատմություն, որ լի էր արկածներով, դավաճանությամբ, հիասթափություններով, ինչպես որ լինում է կյանքում, բայց միևնույնն է, սերը դարձավ այն լույսը, որ մեր բոլոր հերոսներին օգնեց անցնել անծանոթ լաբիրինթներով ու էլի գտնել իրար: Հարսնաձորի լեգենդը պատմում են մինչև այսօր, ու հավատում, որ Սյունաց լեռներում սերը չի մեռնում: Այստեղ հավատում են նաև, որ եթե Հարսնաձորին ես պատմել երազանքներդ, դրանք վիճակված են իրական դառնալու»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը:
Արմենիա հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Հարսնաձորի լեգենդը» Ֆիլմը, որը դարձավ սիրո, հավատարմության և հայրենիքին նվիրվածության պատմություն՝ միահյուսված հայկական լեգենդների ու ժամանակակից կյանքի հետ։

Ֆիլմի պրոդյուսերը Ելենա Արշակյանն էր, ռեժիսոր՝ Գոհար Արշակյան, սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյան։ Դերասանական կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը և այլք։
Թիմը արդեն աշխատում է նոր նախագծի շուրջ, որի մանրամասներին առաջիկայում կարող եք ծանոթանալ Tert.am Life-ում:




















