Բեքսթեյջ. Հանրայինի նոր պատմական դրաման՝ 1919 թվականի Երևանում ու Գյումրիում ապրող երկու ընտանիքների մասին

11:17 • 07.08.26

Հանրային հեռուստաընկերությունը սկսել է նոր՝ մեծամասշտաբ պատմական ընտանեկան դրամայի նկարահանումները։ 16 մասից բաղկացած հեռուստասերիալի գործողությունները հիմնականում ծավալվում են 1919 թվականին՝ Երևանում և Գյումրիում։ Նախագիծը միավորում է պատմական ժամանակաշրջանի մթնոլորտը, ընտանեկան դրաման և մարդկային հարաբերությունների բարդ պատմությունները՝ դրանք ներկայացնելով գեղարվեստական կինոլեզվով։

Սերիալի հիմքում իրական ժամանակաշրջանն ու պատմական միջավայրն են, սակայն հեղինակները ընտրել են գեղարվեստական մոտեցում։ Նկարահանումներն իրականացվում են ավելի քան 100 լոկացիաներում, նախատեսված է 55 նկարահանման օր։ Նախագծի գլխավոր պրոդյուսերը և կոնցեպտի հեղինակը Լիանա Սմբատյանն է։ Ռեժիսորն է Արման Գևորգյանը, սցենարի հեղինակը՝ Արման Գիզյան-Մարտիրոսյանը, երկխոսությունների հեղինակը՝ Լևոն Գալստյանը, իսկ պատմական խորհրդատուն՝ Վահրամ Թոքմաջյանը։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Միլենա Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Հրանտ Հովսեփյանը, Վարուժան Մարգարյանը, Յուլյա Ֆինկը, Մինաս Ասրյանը, Աննա Մանուչարյանը և այլ դերասաններ։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել ստեղծագործական կազմի և դերասանների հետ ու առանձնացրել հետաքրքիր մանրամասներ սպասվող նախագծից։

«Սա պատմական փաստերից ոգեշնչված, բայց գեղարվեստական պատմություն է». Լիանա Սմբատյան

Նախագծի գլխավոր պրոդյուսեր Լիանա Սմբատյանի խոսքով՝ այս մասշտաբի աշխատանքի հիմքում ուժեղ ստեղծագործական թիմն է։ «Նախագծում ներգրավված են փորձառու մասնագետներ՝ սցենարից մինչև արտադրական փուլ։ Կարևոր էր նաև պատմական խորհրդատուի աշխատանքը, որպեսզի ժամանակաշրջանի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը ճիշտ ուսումնասիրվեն»։ Լիանա Սմբատյանն ընդգծեց, որ սերիալը պատմավավերագրական նախագիծ չէ։ «Սա պատմական փաստերից ոգեշնչված գեղարվեստական պատմություն է։ Որոշ իրադարձություններ հարմարեցվել են ստեղծագործական լուծումներին, որպեսզի չտուժի պատմության ամբողջականությունը»։ Սերիալում ներկայացվելու են նաև իրական պատմական կերպարներ և դրվագներ: Հեռուստադիտողը կտեսնի, օրինակ, Հովհաննես Թումանյանին՝ Ազգային ժողովում, Արամ Մանուկյանի հայտնի ելույթը, ինչպես նաև ժամանակաշրջանի մշակութային կյանքին վերաբերող բազմաթիվ դրվագներ»: Պրոդյուսերի խոսքով՝ նախագծում կարևոր տեղ ունեն նաև հարսանեկան ավանդույթները, այդ տարիների երգերն ու պարերը, որոնք այսօր արդեն գրեթե չեն կիրառվում։ «Սերիալը միայն պատմական դրամա չէ։ Սյուժեի առանցքում ոչ միայն սիրային պատմությունն է, այլև հանցագործության բացահայտումը։ Սիրային գիծն ընդամենը պատմության մի մասն է»,- նշեց Լիանա Սմբատյանը:

«Կյանքիս այս փուլում ամբողջովին կենտրոնացած եմ իմ կերպարի վրա». Թելման Խաչատրյան

Թելման Խաչատրյանն, ով մարմնավորում է Վարուժանին, պատմում է, որ կերպարի ստեղծման կարևոր հատվածներից մեկը եղել է Գյումրու բարբառի յուրացումը։ «Սկզբում անհանգստանում էի, որովհետև չէի օգտագործել այդ բարբառը, բայց աշխատանքի ընթացքում սկսեցի սիրել այն։ Հիմա արդեն բավականին լավ եմ տիրապետում»։ Դերասանի խոսքով՝ պատմական կերպար ստեղծելը մեծ ուսումնասիրություն է պահանջում։ «Դու ստեղծում ես մի աշխարհ, որտեղ երբեք չես ապրել։ Այդ ժամանակաշրջանը նորից վերապրելը շատ հետաքրքիր գործընթաց է»։

«Ինձ համար ամենակարևորը սցենարն էր». Հրանտ Հովսեփյան

Հրանտ Հովսեփյանը ֆիլմում մարմնավորում է Արեգին՝ երիտասարդ ոստիկանի։ «Երբ կարդացի սցենարը, հասկացա, որ շատ հետաքրքիր պատմություն է։ Արեգը ազնիվ ու սկզբունքային մարդ է, ով դժվարությամբ է փոխում իր որոշումները»։ Դերասանը նշում է, որ ամենաբարդ տեսարանները հաճախ այն հատվածներն են, որտեղ քիչ խոսք կա։ «Այդ պահերին ամբողջ պատմությունը պետք է փոխանցես ներքին ապրումների միջոցով»։

«Սոնայի կերպարը հենց առաջին հանդիպումից ինձ գրավեց». Միլենա Ղազարյան

Միլենա Ղազարյանը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Սոնային: Երիտասարդ դերասանուհին խոստովանեց, որ նախագծին միանալու առաջարկն իր համար մեծ ուրախություն էր։ «Ինձ շատ հետաքրքրեց այդ ժամանակաշրջանը, որովհետև այն ամբողջովին տարբերվում է մեր առօրյայից։ Որպես դերասան՝ միշտ հետաքրքիր է մտնել նոր աշխարհ»։ Դերասանուհին պատմեց, որ առաջին քասթինգին մասնակցել է բոլորովին այլ կերպարի համար, որը խոսում էր Գյումրու բարբառով։ «Քասթինգից դուրս գալիս մտածեցի՝ ինչ լավ կլիներ, եթե հնարավորություն ունենայի փորձելու նաև Սոնայի կերպարը։ Մոտ կես ամիս անց նորից զանգահարեցին, արդեն Սոնայի դերի համար, իսկ հետո իմացա, որ հաստատվել եմ։ Շատ ուրախացա»։ Նախագծում նրա խաղընկերներն են Հրանտ Հովսեփյանն ու Թելման Խաչատրյանը, որոնց հետ առաջին անգամ է աշխատում։ «Շատ հետաքրքիր փորձառություն է։ Կարծում եմ՝ շատ գեղեցիկ համագործակցություն է ստացվել»։

«Դերասաններին երկար ենք փնտրել, սիրել, հիասթափվել, հետո նորից սիրել». Արման Գևորգյան

Սերիալի ռեժիսոր Արման Գևորգյանի խոսքով՝ նման նախագծերի ամենամեծ առանձնահատկությունը ժամանակաշրջանի ամբողջական վերականգնումն է։ «Կոստյումները, լոկացիաները, լեզուն և միջավայրը ստեղծում են այն մթնոլորտը, որն այսօր նկարել շատ ավելի դժվար է»։ Նա պատմեց, որ դերասանների ընտրությունը բարդ ու երկար գործընթաց է եղել։ «Շատ երկար ենք ընտրել դերասաններին, փնտրել, փորձել, բայց կարծում եմ՝ գտել ենք այն մարդկանց, ովքեր պետք է լինեն այս ֆիլմում, և հիմա ապրում ենք իրենց կերպարներով»։ Ռեժիսորի խոսքով՝ նախագծում ներգրավված են ոչ միայն հանրությանը վաղուց հայտնի դերասաններ, այլև երիտասարդ ու վերջին տարիներին քիչ երևացած արտիստներ։ «Կարծում եմ՝ դա ֆիլմի ուժեղ կողմերից մեկն է լինելու։ Հանդիսատեսը կտեսնի ոչ միայն ճանաչված դեմքեր, այլև նոր բացահայտումներ, ինչը պատմությունը կդարձնի ավելի թարմ ու հետաքրքիր»:

«Միշտ երազել եմ խաղալ պատմական կերպար». Յուլյա Ֆինկ

Յուլյա Ֆինկի համար այս նախագիծը Հանրային հեռուստաընկերության հետ առաջին համագործակցությունն է, իսկ սպասումները մեծ են և խոստումնալից: Յուլյա Ֆինկը մարմնավորում է Թագուհուն՝ Երևանի արիստոկրատ ընտանիքի ներկայացուցչուհուն։ «Միշտ ցանկացել եմ խաղալ հին ժամանակների կերպար։ Այսպիսի նախագծերում հետաքրքիր է ամեն ինչ՝ սկսած զգեստներից մինչև միջավայրը: Կոստյումները հատուկ մեզ համար են կարվել, շատ գեղեցիկ են, բայց նաև բավական ծանր ու տաք։ Այս շոգ եղանակին դա, թերևս, ամենամեծ փորձությունն է»։

«Այս դերն ինձ ստիպեց դուրս գալ իմ շրջանակից». Աննա Մանուչարյան

Դերասանուհի Աննա Մանուչարյանը մարմնավորում է Անուշին՝ կերպար, որն, իր խոսքով, միաժամանակ ուժեղ է, զգայուն և ներքին մեծ պայքար է ապրում։ «Անուշը շատ հետաքրքիր կերպար է։ Նա սիրում է ամուսնուն և փորձում հարմարվել իրավիճակներին»: Դերասանուհու խոսքով՝ այս նախագիծը մեծ աշխատանք է պահանջում։ «Այստեղ շատ բան կա ուսումնասիրելու՝ թե՛ կերպարը, թե՛ բարբառը։ Բայց հենց այդ գործընթացն է դերասանի մասնագիտությունը հետաքրքիր դարձնում»։

«Կերպարի գլխավոր պայքարը ընտանիքի և հայրենիքի միջև է». Վարուժան Մարգարյան

Դերասան Վարուժ Մարգարյանը մարմնավորում է Ռուբենին՝ երևանյան ընտանիքի ավագ որդուն, որը պատգամավոր է և ընտանիքի մյուս անդամներից տարբերվում է իր ավելի զուսպ ու ռացիոնալ մտածողությամբ։ «Ռուբենն ավելի հաշվարկող ու պատասխանատու մարդ է։ Նա ընտանիքի մարդ է, հայրենասեր է, և ամբողջ պատմության ընթացքում փորձում է հավասարակշռել այդ երկու արժեքները՝ ընտանիքն ու հայրենիքը։ Բայց իրադարձությունների զարգացման ընթացքում սկսում է նոր փաստեր բացահայտել, և նրա վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ փոխվում է»։ Դերասանի խոսքով՝ հենց այդ ներքին հակամարտությունն է կերպարի առանցքը։

«Աշոտը հետաքրքիր գծերով կերպար է». Մինաս Ասրյան

Մինաս Ասրյանը հեռուստասերիալում մարմնավորում է Աշոտին՝ ընտանիքի կրտսեր որդուն։ «Սցենարը շատ հավանեցի, և ռեժիսորի հետ հասկացանք, որ հենց այս կերպարն եմ մարմնավորելու։ Աշոտն առանձնանում է իր կտրուկ ու չպլանավորված քայլերով, ինչը նրան ավելի հետաքրքիր է դարձնում»։

Նոր պատմական դրաման նպատակ ունի հանդիսատեսին տեղափոխել 1919 թվականի Երևան և Գյումրի՝ ներկայացնելով ոչ միայն ժամանակաշրջանը, այլև այդ տարիների մարդկանց ընտրությունները, զգացմունքներն ու հարաբերությունները։

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Բեքսթեյջ. Հանրայինի նոր պատմական դրաման՝ 1919 թվականի Երևանում ու Գյումրիում ապրող երկու ընտանիքների մասին