Ո՞ւր գնալ հանգստյան օրերին․ հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում անցկացվող միջոցառումները

12:29 • 02.10.26

Հանգստյան օրերն արդեն մոտ են, իսկ եթե դեռ չեք որոշել՝ ինչպես անցկացնել հոկտեմբերի 3-ն ու 4-ը, առաջարկում ենք մշակութային ու ժամանցային մի քանի տարբերակ։ 

Շաբաթ երեկոյան թատրոնի սիրահարները կարող են գնալ Բոհեմ թատրոն՝ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացմանը։ Ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին։ Պատմության կենտրոնում Ժորժն է, որը փորձում է սիրուհու ու կնոջից գաղտնի պահել իր երկակի կյանքը։ Ամեն ինչ ավելի է խճճվում, երբ նա ստիպված է լինում օգնության կանչել Մորիսին՝ իրավիճակից դուրս գալու համար։

Կիրակի օրը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կարելի է դիտել «Խրտվիլակը» ներկայացումը։ Վասիլի Ժելեզնիկովի հայտնի վիպակի հիման վրա ստեղծված բեմադրությունը պատմում է դպրոցական միջավայրում ծավալվող հարաբերությունների, ընկերության, ընդունված լինելու ու դավաճանության մասին։ Վիպակը բեմում ստացել է նոր՝ առօրյա խոսքին մոտ լեզու ու յուրօրինակ ձև։

Իսկ երեխաների ու ընտանիքների համար կարելի է ընտրել «Փոքրիկ իշխանը» բեմականացումը, որը հոկտեմբերի 3-ից ներկայացվում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Հանգստյան օրերի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը Լիլիթ Հովհաննիսյանի համերգն է։ Երգչուհին ելույթ կունենա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Իսկ դասական երաժշտության սիրահարների համար հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կբացվի 2026/27 համերգաշրջանը։

Հանգստյան օրերի ամենահամով կանգառներից մեկը կարող է լինել Թեյի, սուրճի և շոկոլադի փառատոնը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 3-4-ը՝ Դիանա Աբգարի այգում։

Փառատոնի ընթացքում նախատեսված են թեյի արարողության վարպետաց դասեր, բարիստաների առաջնություն, սուրճի մրուրով գուշակություն, մրցանակաբաշխություն և կենդանի երաժշտություն։ Այսինքն՝ կարելի է ոչ միայն տաք ըմպելիք վայելել, այլև բացահայտել դրա պատրաստման ու մատուցման տարբեր գաղտնիքները։

Իսկ եթե պատրաստվում եք շաբաթ օրը Երևանից դուրս գնալ, հոկտեմբերի 3-ին Արենիում կանցկացվի Արենիի գինու փառատոնը։ Միջոցառումը մեկնարկում է ժամը 11։00-ին։

Գինու համտեսներին, տեղական արտադրանքին ու տոնական մթնոլորտին այստեղ կարելի է միացնել նաև աշնանային Արենիի զբոսանքը՝ հանգստյան օրն անցկացնելով արդեն Երևանի աղմուկից մի փոքր հեռու։