20 տարի անց Սամվելը հանկարծ ամուսնության առաջարկ արեց. Սիրանուշ Լազյանը՝ իրենց սիրո պատմության ու պսակադրության մասին
«Սամվելը երբեք ինձ ամուսնության առաջարկություն չի արել, ես ուղղակի հավաքեցի իրերս ու գնացի Սամվելենց տուն»,- պատմել է դերասանուհի Սիրանուշ Լազյանը՝ անդրադառնալով ամուսնու՝ դերասան Սամվել Դանիելյանի հետ իրենց սիրո պատմությանն ու 20 տարի անց տեղի ունեցած պսակադրությանը։
Սիրանուշն ու Սամվելը ծանոթացել և սիրային հարաբերություններ են սկսել Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Նրանց հարաբերություններն այնքան արագ են զարգացել, որ դասական հարսանիք այդպես էլ չի եղել․ Սիրանուշը հարսի զգեստ չի հագել, Սամվելը փեսայի կոստյում չի կրել, իսկ եկեղեցի մտնելու ու Աստծո օրհնությունը ստանալու ցանկությունը տարիներ շարունակ մնացել է չիրականացված երազանք։

Սիրանուշի խոսքով՝ սկզբում ամեն ինչ պայմանավորված էր նաև իրենց մասնագիտական ակտիվ կյանքով։ Այդ շրջանում դերասանուհին բազմաթիվ ներկայացումներում էր զբաղված, գլխավոր դերեր էր խաղում և ժամանակ չէր մնում հարսանիք կազմակերպելու համար։ Սամվելն էլ առանձնապես չէր սիրում խնջույքներ ու հարսանեկան արարողություններ։
«Այդ շրջանում մենք ունեինք բավականին շատ ներկայացումներ, ես այնտեղ գլխավոր դերերում էի ու ինձ ընդհանրապես ժամանակ չէր տրամադրվում մեր այդ ամուսնությունը կազմակերպելու, իսկ հետո Սամվելն էլ առանձնապես չի սիրում խնջույքներ, հարսանեկան արարողություններ, դրա համար չստացվեց»,- ասել է նա։

Դերասանուհու խոսքով՝ իրենց ներկայիս քավորկինը՝ Մարինա Մնացականյանը, Սիրանուշի ցանկությունից հետո առաջարկել է ամեն ինչ կազմակերպել։ Սկսվել են հարսանեկան պատրաստությունները, սակայն Սիրանուշը չէր պատկերացնում, որ ամեն ինչ այդքան արագ ու լուրջ է ընթանալու։
«Անընդհատ ինձ ուղարկում էր արդեն ծաղկեփունջը, տարոսիկները ու ասում էր՝ ես շատ լուրջ եմ այս ամենին վերաբերվում։ Բայց փաստորեն ես չէի տրամադրված այդքան լուրջ, որովհետև իմ հարսանեկան զգեստը պատրաստ է եղել ամսի 26-ի լուսադեմին»,- պատմել է նա։

Ավելին՝ ամուսնության առաջարկությունը, որը Սիրանուշը 20 տարի շարունակ չէր ստացել, այս անգամ էլ տեղի է ունեցել ամենաանսպասելի պահին։
«Ամուսնության առաջարկություն Սամվելը ինձ երբեք չի արել։ Ամսի 25-ին Էջմիածնում ներկայացում ունեինք, և Սամվելը պնդեց, որ պետք է գնանք եկեղեցի ու այդպես անակնկալ ձևով ինձ ամուսնության առաջարկ արեց»,- ասել է Սիրանուշը։
Սիրանուշի խոսքով՝ պսակադրության ժամանակ հնչող խոսքերը իրենց համար բոլորովին նոր չէին․ նրանք արդեն 20 տարի միասին էին անցել ընտանիք կազմելու ճանապարհը։
«Երբ Տեր հայրը խոսում էր ամուսնության պսակադրության հետևանքների և պատասխանատվությունը կրելու մասին, մենք արդեն ամեն ինչ գիտեինք։ Մենք ուղղակի հիմա ավելի լուրջ և ավելի զգայուն ենք մոտենում այս հարցին՝ միմյանց պատասխանատվությունը, միմյանց պարտականություն հասկանալով ու իրար էլ ավելի ամուր գրկելու այդ զգացողությունը ունենալով մեր մեջ:»,- ասել է նա։

Դերասանուհու համար իրենց ընտանիքի ամենամեծ ձեռքբերումը հենց այս 20 տարիներն են։
«Այս 20 տարիները մեր ամենամեծ հաղթանակն են, իսկ ամենամեծ փորձությունը թերևս մեր երեխաներին այսօր տեսնելն է այնպիսին, ինչպիսին հիմա իրենք կան։ Երբ նայում եմ մեր աղջիկներին, հասկանում եմ, որ այն փորձությունները, որոնց միջով ես անցել եմ իմ ընտանիքը ամուր պահելու համար, դրանք ուղղակի Աստծո զորությամբ են եղել:Այդ օրն էլ նայելով մեր երեխաներին, թե ինչքան ուրախ էին, վստահաբար կարող եմ ասել, որ նրանք էլ մեզ հետ անցել են այդ ընտանիքի ամրացման ճանապարհը՝ լավ և վատ օրերի արդյունքում»,- պատմել է Սիրանուշը։
Նա խոստովանել է՝ ընտանիքը պահպանելու համար ամենօրյա աշխատանք է անհրաժեշտ։
«Իմ ամենամեծ փորձությունն ամեն օր է՝ ամեն օր պարզ կարողանալ նայել քո ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի աչքերի մեջ։ Իսկ մեզ մոտ դա, փառք Աստծո, ստացվում է։ Ես 20 տարի առաջ էլ, հիմա էլ միայն մի բան էի ցանկանում՝ ունենալ այս ընտանիքը, որը հիմա ունեմ։ Իսկ ընտանիք ունենալը ամեն օրվա փորձությունները հաղթահարելու արդյունքում է լինում՝ չկոտրվելու, չհանձնվելու, սերը ավելի ավելացնելու, ոչ թե հիասթափությունները խորացնելու»,- ասել է նա։

Սիրանուշի և Սամվելի սիրո պատմությունը սկսվել է թատրոնում։ Դերասանուհու խոսքով՝ նույն մարդու հետ ոչ միայն կյանքը, այլև ստեղծագործական ճանապարհը կիսելը միաժամանակ և՛ հաճելի է, և՛ բարդ։
«Մեր սիրո պատմությունը սկսել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, և գիտեք՝ որքան հաճելի է և ստեղծագործական, և անձնական կյանքը կիսել նույն մարդու հետ, և շատ բարդ է։ Ինձ համար բավականին դժվար շրջան էր, երբ Սամվելը դուրս եկավ Պատանի հանդիսատեսի թատրոնից, իսկ ես դեռ այնտեղ էի»,- նշել է նա։
Նրանց հարաբերություններում, սակայն, աշխատանքի և անձնական կյանքի սահմանը հստակ է։
«Սամվելի հետ աշխատելն ավելի դժվար է, քան կյանք կիսելը։ Մենք մի լավ բան ունենք․ ոչ ինքն է ինձ իր աշխատանքի տեղում տեսնում որպես իր կին, ոչ ես իրեն՝ որպես ամուսին։ Մենք աշխատանքի տեղում միայն զբաղվում ենք աշխատանքով, անձնական կյանքում և տանը՝ միայն մեր կյանքով»,- ասել է Սիրանուշը։

Այս 20 տարիների ընթացքում, ըստ նրա, ամենակարևոր դասը սերը պահպանելն է եղել։
«Այս 20 տարիների ընթացքում սովորել եմ ամեն օր սիրել՝ իմ ընտանիքը, մարդկանց, գնահատել կյանքը։ Մասնագիտական ոչ մի փորձ չի կարող դա քեզ սովորեցնել՝ անընդհատ սիրել։ Մենք միմյանցից սովորել ենք լսել, վերլուծել, խոսել, քննարկել, պահել այն, ինչ ունեինք 20 տարի առաջ և ավելացնել մեր սերը»,- ասել է նա։
Պսակադրության օրը Սիրանուշի և Սամվելի կողքին էին նաև նրանց դուստրերը։ Դերասանուհու խոսքով՝ աղջիկներն առանձնահատուկ հուզված էին ծնողների համար կարևոր այդ օրվանից։
«Աղջիկս երևի միակ դուստրն է, ով իր մամայի հարսնաքույրն է։ Իմ աղջիկներն ինձանից շատ էին հուզված, որովհետև իրենք էլ էին շատ ուզում մեզ տեսնել պսակադրված, և իրենց աչքերում այդ երջանկության փայլն էր, որ մեզ տեսնում էին այդ կարգավիճակում»,- պատմել է նա։

Սիրանուշը հավատում է, որ իրենց հանդիպումը պատահական չէր։
«Ես հավատում եմ ճակատագրին և պատահականություններին։ Իմ և Սամվելի ժամադրությունները երբեք կոնկրետ ժամադրություն էլ չեն եղել։ Այնքան պատահաբար է ստացվել և այնքան ճիշտ ժամանակին ինքը իմ կողքին գտնվեց իր խորհուրդներով ու ընդհանրապես իր ներկայությունը ինձ համար շատ կարևոր էր։ Վստահաբար կարող եմ ասել, որ նույնը իմ կողմից՝ իմ ներկայությունը իր կյանքում կարևոր որոշում կայացնելու ժամանակ է եղել»,- ասել է նա։
20 տարի անց Սիրանուշը վստահ է, որ նույն ընտրությունը նորից կաներ։
«20 տարի անց, և 40 տարի անց, և 60 տարի անց ես միևնույնն է կասեի այո՝ նույն մարդուն։ Եվ այդ «այո»ն ավելի հուզիչ էր, որովհետև դու ավելի պատրաստ էիր և ավելի գիտես, թե ում հետ ես երկրորդ անգամ՝ Աստծո օրհնությամբ, կապում քո կյանքը»,- ասել է դերասանուհին։

Նա Սամվելին հաճախ մի պարզ, բայց իր համար ամենակարևոր բանն է ասում․
«Ես միշտ Սամվելին այդ նախադասությունն ասում եմ՝ շնորհակալ եմ, որ դու ես իմ երեխաների հայրը։ Եվ ամեն անգամ ես նրան որպես հայր տեսնելով հասկանում եմ, որ երբեք չեմ սխալվել»։
Իսկ եթե հնարավորություն ունենար 20 տարի առաջվա Սիրանուշին մեկ րոպեով հանդիպելու, նրա ասելիքը շատ կարճ կլիներ․
«Ապրես, դու շատ երիտասարդ ես, բայց կարողացել ես ճիշտ ընտրություն կատարել և ապրես քո երեխաների ու քո ընտանիքի համար»։
Հեղինակ ՝ Անի Ավետիսյան









