Քանյե Ուեսթի համերգները Ռուսաստանում չեղարկվել են․ որն է պատճառը (լուսանկարներ)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի՝ Ռուսաստանում նախատեսված համերգները վերջնականապես չեղարկվել են։ Համերգների տոմսերը վաճառքի առաջին օրերին ամբողջությամբ սպառվել էին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Քանյե Ուեսթը հոկտեմբերի 10-ին և 11-ին պետք է ելույթ ունենար Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։ Սակայն օգոստոսի վերջին մարզադաշտի ներկայացուցիչները հայտարարել էին, որ համերգների անցկացման վերաբերյալ պայմանագիր չեն կնքել, և արտիստի ելույթներն այդ վայրում նախատեսված չեն։
Այժմ միջոցառման կազմակերպմամբ զբաղվող Say Agency ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Քանյե Ուեսթի համերգները չեն կայանա։ Գնված տոմսերի գումարի վերադարձը հասանելի կլինի հոկտեմբերի 12-ից։

The Guardian-ի փոխանցմամբ՝ համերգների չեղարկման հնարավոր պատճառներից մեկը Քանյե Ուեսթի՝ Ադոլֆ Հիտլերին վերաբերող նախկին հրապարակային հայտարարություններն են։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ նման հայտարարությունների պատճառով ռեփերի համերգների անցկացումն անընդունելի է։
Քանյե Ուեսթը նախկինում այցելել է Ռուսաստան։ 2024 թվականին նա Մոսկվա էր մեկնել ռուսաստանցի դիզայներ Գոշա Ռուբչինսկու ծննդյան տարեդարձին մասնակցելու համար։









