Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հաղթել է դատարանում (լուսանկար)

15:01 • 02.10.26

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հաջողությամբ բողոքարկել է իր նկատմամբ սահմանված արգելքը, որը նրան թույլ չէր տալիս շուրջ 5 տարի ղեկավարել բարեգործական կազմակերպություններ։ Լոնդոնի դատարանը ամբողջությամբ չեղարկել է այդ որոշումը։Այս մասին գրում է BBC-ն։

Դատավորները եզրակացրել են, որ Քեմփբելը տեղյակ չի եղել հիմնադրամի ֆինանսական խախտումների մասին և ինքն է դարձել իր հիմնադրած Fashion for Relief բարեգործական կազմակերպության մեկ այլ հոգաբարձուի կողմից իրականացված խարդախության զոհը։ Արգելքը Քեմփբելի նկատմամբ սահմանվել էր 2024 թվականին Մեծ Բրիտանիայի բարեգործական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի կողմից։

Որոշման պատճառը հիմնադրամի միջոցների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ բացահայտումներն էին։ Պարզվել էր, որ գումարներ ծախսվել էին շքեղ հյուրանոցների, սպա-ծառայությունների և անձնական կարիքների համար։ Սակայն Լոնդոնի դատարանը որոշել է, որ Քեմփբելը բարեխղճորեն է գործել և կապ չի ունեցել միջոցների ոչ նպատակային օգտագործման հետ։

Դատարանի տվյալներով՝ մոդելը վստահել էր հիմնադրամի իրավաբան և երկրորդ հոգաբարձու Բիանկա Հելմիշին։ Վերջինս, ըստ դատարանի, կեղծ փաստաթղթեր և էլեկտրոնային հասցեներ էր օգտագործել՝ միջոցները գաղտնի փոխանցելու և խախտումները Քեմփբելից թաքցնելու համար։

Քեմփբելը շնորհակալություն է հայտնել դատարանին՝ իր դիրքորոշումը լսելու և գործի հանգամանքները գնահատելու համար։ Այժմ նա պաշտոնապես համարվում է բարեգործական գործունեությամբ զբաղվելու համար պատշաճ անձ և կարող է կրկին զբաղվել մարդասիրական նախաձեռնություններով։