Կայացել է BAFTA Cymru-ի մրցանակաբաշխությունը․ հայտնի են հաղթողները (լուսանկարներ)
Նյուպորտում կայացել է BAFTA Cymru-ի 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 17 մրցանակ է հանձնվել Ուելսի կինոյի և հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներին։ Այս մասին գրում է BBC-ն։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակին արժանացել է Մեթյու Ռիսը՝ «The Beast in Me» նախագծում ունեցած դերակատարման համար։ Դերասանի համար սա BAFTA Cymru-ում ստացած երկրորդ մրցանակն է․ առաջինը նա ստացել էր 29 տարի առաջ՝ «Bydd yn Wro» («Be Brave») ֆիլմում ունեցած դերակատարման համար։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Գաբրիել Քրիվին, որը երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։ «Y Crwydryn»-ը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, իսկ նույն նախագծի համար Ռիս Էդվարդսը ստացել է «Լավագույն փաստագրական ռեժիսոր» մրցանակը։

Մարի Գրուգն առաջին BAFTA Cymru մրցանակն է ստացել՝ «Mari Grug: Un Dydd Ar y Tro» հաղորդման համար։ «Լավագույն սցենարիստ» է ճանաչվել Մեթյու Բերին՝ «The Guest» նախագծի համար։

Մրցանակների են արժանացել նաև «Amour a Mynydd», «Stori’r Iaith», «Burton», «Gofod Ymennydd - Brain Space» և «Itopia» նախագծերը։ Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվել է նաև երկու հատուկ՝ ստեղծագործական ոլորտում ունեցած ավանդի համար մրցանակ։
Դրանցից մեկը ստացել է Լորեն Էվանսը, որը մասնակցել է «Game of Thrones», «King Lear», «The Danish Girl», «Sex Education» և այլ նախագծերի ստեղծմանը։ BAFTA Cymru-ի մրցանակաբաշխությունն անցկացվել է Ուելսի Նյուպորտ քաղաքի ICC Wales կենտրոնում։








