Զառա Սահակյանը՝ նոր դերերի, բեմական վախի և դերասանի մասնագիտության մասին
Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Զառա Սահակյանի հետ։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է նոր դերերին, բեմական վախին, դերասանի մասնագիտության հանդեպ իր վերաբերմունքին, ինչպես նաև թատրոնի և Women’s Club-ի բեմերում աշխատելուն։
Ամեն նոր դերի մոտենալը Զառա Սահակյանի համար միաժամանակ և՛ ոգևորություն է, և՛ պատասխանատվություն։ Դերասանուհու խոսքով՝ որքան էլ դերեր խաղացած լինի, յուրաքանչյուր նոր կերպար իր համար նոր մարտահրավեր է։

«Ամեն անգամ նոր դերին մոտենալը մարտահրավեր է։ Կապ չունի՝ քանի դեր ես խաղացել, ամեն ինչ քեզ համար նոր է։ Նորովի ես մոտենում, նոր շնչով, երեխայի նման գալիս ես դպրոց, սովորում ես ամեն ինչ, հետո դարձնում քոնը և դառնում մի մարմին այդ դերի հետ»,- ասել է նա։
Զառա Սահակյանի համար դերասանի մասնագիտության ամենակարևոր բաղադրիչներից մեկը պատասխանատվությունն է, որը, նրա խոսքով, պետք է ուղեկցվի մեծ սիրով։ Դերասանուհին նաև պատմել է բեմական վախի մասին։ Նրա խոսքով՝ նախկինում բեմ բարձրանալը լարվածություն և վախ էր առաջացնում, սակայն տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել այդ զգացողությունը։
«Առաջ բեմից շատ էի վախենում, բայց այդ վախը վաղուց հաղթահարել եմ։ Իհարկե, առաջին մի քանի րոպեն լինում է, բայց հետո այդ վախը վերածվում է մեծ, ուժեղ էներգիայի և քեզ մղում առաջ»,- նշել է Զառա Սահակյանը։
Դերասանուհին չի սիրում մտածել այն մասին, թե ինչ կլինի իր կարիերայի հաջորդ փուլում կամ արդյոք ապագայում դերերի առաջարկները կշարունակվեն։ Նրա համոզմամբ՝ ապագայի մասին վախով ապրելու փոխարեն պետք է կարողանալ գնահատել ներկա պահը։
«Ոչ մի բանի մասին չարժե մտածել՝ հետո ինչ կլինի։ Կարծում եմ՝ դա լավագույն լուծումն է, որպեսզի կարողանաս ճիշտ վայելել ներկան։ Եթե ապրես այդ վախով, կարող ես չնկատել, թե ինչ է կատարվում շուրջդ։ Ամենակարևորն այն է, որ կարողանաս ներկա լինել հենց այդ պահին և վայելել այն»,- ասել է նա։

Խոսելով տարբեր հարթակներում իր աշխատանքի մասին՝ Զառա Սահակյանը նշել է, որ հատկապես թատրոնում և Women’s Club-ում իրեն շատ երջանիկ է զգում։ Նրա համար կարևոր է անմիջականորեն զգալ հանդիսատեսի արձագանքը։
«Քո արած կատակը պատասխան է ստանում՝ ծափի, ծիծաղի տեսքով։ Դա անփոխարինելի էներգիա է»,- ընդգծել է դերասանուհին։
Ինչ վերաբերում է երազանքի կերպարին կամ արդեն խաղացած դերերից ամենասիրելիին, Զառա Սահակյանը չի առանձնացնում որևէ մեկը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նոր դերի մոտենում է այնպես, կարծես այն պետք է դառնա իր ամենասիրելին։
«Երբ ինչ-որ բան առաջարկվում է, փորձում եմ զրոյից դարձնել ամենասիրելին։ Տվյալ պահին սա է ամենասիրելին, որովհետև հենց սա եմ պատրաստվում խաղալ»,- ասել է նա։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան









