Շակիրան դիմել է դատարան՝ Պիկեի հետ երեխաների հանդիպումների կարգը փոխելու պահանջով
Ժերար Պիկեն և Շակիրան կրկին հայտնվել են իրավական վեճի կենտրոնում՝ իրենց աղմկահարույց բաժանումից չորս տարի անց։ Նախկին զույգը դատարանում քննարկել է երեխաների խնամակալության վերաբերյալ գործող պայմանավորվածությունների փոփոխության հարցը։ Այս մասին գրում է France 24-ը։
Շակիրայի իրավաբանական թիմը առաջարկել է վերանայել երեխաների՝ Մայամիի և Բարսելոնայի միջև կարճատև ուղևորությունների կարգը։

Երգչուհու ներկայացուցիչների խոսքով՝ հաճախակի թռիչքները կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների հուզական, ֆիզիկական առողջության վրա։ Շակիրայի առաջարկի համաձայն՝ կարճատև դպրոցական արձակուրդների ընթացքում Պիկեն ինքը պետք է մեկնի Մայամի՝ երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար։
Այդպես տղաները կկարողանան մնալ իրենց առօրյա միջավայրում և խուսափել կարճատև այցելությունների համար Ատլանտյան օվկիանոսը հատելու հետ կապված գործընթացներից։ Երգչուհու ներկայացուցիչները շեշտել են, որ նպատակը երեխաների՝ հոր հետ անցկացրած ժամանակը կրճատելը չէ, այլ այդ ժամանակի կազմակերպման փոփոխությունը։

Դատարան ներկայացված փաստաթղթերում նրա փաստաբանները պնդել են, որ առաջարկվող փոփոխությունը երեխաներին հնարավորություն կտա ավելի երկար պահպանել իրենց դպրոցական, սոցիալական և ընտանեկան առօրյան՝ առանց անընդհատ ճանապարհորդելու։
Երեխաներհ ծնվելուց հետո երկար տարիներ ապրել են Բարսելոնայում։ 2023 թվականի ապրիլին Շակիրան նրանց հետ տեղափոխվել է Մայամի, ինչը երեխաների համար ենթադրել է կենսակերպի և միջավայրի էական փոփոխություն։
Շակիրան և Պիկեն 2022 թվականի հունիսին հայտարարեցին բաժանման մասին, իսկ նույն տարվա ընթացքում համաձայնության եկան երեխաների խնամակալության և տեսակցությունների կարգի շուրջ։








