Սրտիս երազանքն էր, որ նա տուն ունենա. Տաթև Ասատրյանը Նժդեհին բնակարան է նվիրել

15:50 • 08.10.26

Երգչուհի Տաթև Ասատրյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ ներկայացնելով նոր երգեր և տեսահոլովակներ։ Երգչուհին երեկ ուրախալի նորությամբ է կիսվել՝ հայտնելով, որ բնակարան է նվիրել Նժդեհին։

«Ես վստահ եմ, որ հիմա ձեր սիրտն էլ է հանգիստ, ինչպես և իմը»,- տեսանյութին կից գրել է նա։

Տաթևը պատմել է, որ Նժդեհի ընտանիքի անդամների մահից ամիսներ անց նրա բնակարանի նկատմամբ իրավունքներ են ներկայացրել բարեկամները և այն վաճառել։ Արդյունքում Նժդեհը մնացել է առանց տան, քանի որ նրա տատիկը չի հասցրել բնակարանը կտակել նրան։

Երգչուհու խոսքով՝ իր մեծ ցանկությունն էր, որ Նժդեհը սեփական տուն ունենա, որտեղ իրենից այլևս ոչ ոք չի կարողանա դուրս հանել։

Տաթևը նշել է, որ Նժդեհը չի ցանկանում Էջմիածնից հեռու ապրել, քանի որ այնտեղ են նրա ընկերներն ու հարազատ միջավայրը։ Այդ պատճառով բնակարանը հենց Էջմիածնում է։ Երգչուհին նաև հայտնել է, որ Նժդեհը բնակարանի լիարժեք սեփականատերը կդառնա 18 տարին լրանալուց հետո։