Ուզում ենք, որ հեռուստադիտողը սիթքոմը դիտելիս շատ ծիծաղի. Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստ»-ում չնկարահանվելու, պրոդյուսերական աշխատանքի ու Հունաստանում նկարահանումների մասին
Հյուրանոցային առօրյա, տարբեր բնավորություններով աշխատակիցներ, անսպասելի իրավիճակներ, շատ հումոր և, այս ամենի ֆոնին, մի պատմություն այն մասին, թե ինչպես կարող են նույնիսկ ամենատարբեր մարդիկ ի վերջո դառնալ մեկ ընտանիք։ Այսպիսին է «Բարի Գալուստ» նոր սիթքոմի աշխարհը, որը հոկտեմբերի 20-ից կլինի Shant TV-ի եթերում։
Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ամբողջությամբ նկարահանվել է Հունաստանում։ Սիթքոմում հանդես են գալիս Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։
Այս անգամ Աղաս Մանուկյանը հեռուստադիտողին չի ներկայանա որպես դերասան։ Նա նախագծի պրոդյուսերն է, ինչպես նաև սցենարի համահեղինակներից մեկը։ Tert.am Life-ի հետ զրույցում Աղասը պատմել է «Բարի Գալուստի» ստեղծման պատմության, Հունաստանում նկարահանումների, դերասանների ընտրության և իր համար նոր՝ պրոդյուսերական աշխատանքի մասին։
Աղասի համար պրոդյուսերական առաջին փորձը, ինչպես ինքն է ասում, հնարավորություն է ստեղծել իրականացնել այն նախագիծը, որը պատկերացնում էր։
«Ես հասկացա, որ ժամանակն է անել մի բան, որի ամեն ինչը քո սրտով կլինի՝ թե՛ սցենարը, թե՛ նկարահանող խումբը, թե՛ դերասանները։ Հենց այսպես էլ այս որոշումը կայացրի»,- նշել է նա։
Նկարահանումներն իրականացվել են Հունաստանի հյուրանոցներից մեկում: Հենց այս իրական միջավայրն էլ ստեղծագործական թիմին հուշել է պատկերացնել հյուրանոցի աշխատակիցների առօրյան։
«Պատկերացրինք, որ այդտեղ կարող են ներգրավված լինել հյուրանոցի տարբեր կերպարներ՝ տնօրեն, մաքրուհի, բարմեն, հյուրընկալ։ Տարբեր ծիծաղելի իրավիճակներ պատկերացրինք, որոնք մեր հեռուստադիտողներին կհետաքրքրեն»,- պատմել է Աղասը։
Սիթքոմի հիմքում, սակայն, միայն զվարճալի իրավիճակները չեն։ Աղասի խոսքով՝ պատմությունն ունի նաև իր գաղափարական շերտը։ Հերոսների հարաբերություններում հաճախ առաջանում են կոնֆլիկտներ, կա նաև աշխատավայրի մթնոլորտը փչացնող կերպար, սակայն ի վերջո տարբեր բնավորություններով մարդիկ կարողանում են համախմբվել։
«Ցանկանում ենք, որ մարդիկ սիթքոմը դիտելիս շատ ծիծաղեն։ «Բարի Գալուստի» յուրահատկությունը հենց դա է լինելու։ «Բարի Գալուստը» ցույց է տալու, որ բարին հաղթում է չարին։ Ի վերջո, մեր սիթքոմում բոլորը, անկախ վեճերից, դառնում են մեկ ընտանիք»,- ասել է նա։
Սիթքոմի դերասանական կազմը Աղասը ձևավորել է ռեժիսոր Արման Մելիքյանի հետ։ Ընտրության գործընթացում, ըստ նրա, որոշակի առավելություն է տվել այն հանգամանքը, որ դերասաններից շատերին պատկերացնում էր դեռ սցենարը գրելիս։
«Սցենարը գրելիս արդեն մտովի գիտեի՝ ով է լինելու։ Հենց դրանով էլ սիթքոմը շատ օրգանիկ կլինի»,- նշել է նա։
Իսկ ինչո՞ւ ինքը որոշեց չնկարահանվել։ Աղասը վստահեցնում է՝ որոշումը ստեղծագործական գործընթացին ավելի մեծ ուշադրություն դարձնելու մասին էր։
«Չնկարահանվելու որոշումը կայացրի, որպեսզի կենտրոնանամ պրոդյուսերական աշխատանքի վրա, որպեսզի այն իդեալական իրականացնեմ՝ առանց վրիպումների։ Կարծում եմ՝ թիմը կփաստի, որ դա ինձ հաջողվեց»,- ասել է նա։
Նկարահանումներն ամբողջությամբ իրականացվել են Հունաստանում։ Աղասի խոսքով՝ աշխատանքային գործընթացը բավական թեթև է անցել, իսկ թիմն այնտեղ հետաքրքիր ու հիշվող ժամանակ է անցկացրել։
«Շատ լավ և թեթև նկարահանումներ ենք ունեցել։ Կարծում եմ՝ սա առաջին հայկական հումորային սիթքոմն է կամ սերիալը, որը նկարահանվում է Եվրոպայում»,- նշել է նա։
Հունաստանում նկարահանումների ընթացքում զվարճալի դեպքեր, իհարկե, շատ են եղել, սակայն Աղասը դժվարանում է դրանցից մեկը առանձնացնել․ ըստ նրա՝ ամբողջ գործընթացն իր հետաքրքիր դրվագներն է ունեցել։
Նախագծի հեղինակների համար կարևոր է եղել նաև, որ սիթքոմը չվերածվի գովազդային հարթակի։ Այդ պատճառով «Բարի Գալուստում» գովազդային placement-ներ չեն լինելու։
«Սա շատ կարևոր նախապայման է։ Ցանկանում ենք, որ հեռուստադիտողը պարզապես շատ ծիծաղի»,- ասել է Աղասը՝ ընդգծելով, որ թիմը փորձել է նաև փոփոխություն մտցնել սիթքոմի սցենարական և հումորային մոտեցումների մեջ։
Իսկ «Բարի Գալուստը» մեկ եթերաշրջանով չի ավարտվելու։ Նախագիծը նախատեսված է որպես շարունակական, և ստեղծագործական թիմն արդեն մտածում է երկրորդ եթերաշրջանի մասին։
«Արդեն մտածում ենք երկրորդ եթերաշրջանի մասին։ Նախատեսում ենք այն ներկայացնել 2027 թվականին»,- հայտնել է Աղաս Մանուկյանը։
«Բարի Գալուստի» առաջին եթերաշրջանը Shant TV-ի եթերում կմեկնարկի հոկտեմբերի 20-ից։









