Ինչպես է փոխվել «Ոսկե դպրոց»-ի Էլյան. Լիանա Հակոբյանը՝ կյանքի ու մասնագիտական նոր փուլի մասին

12:30 • 09.10.26

«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Լիանա Հակոբյանը, որը նախագծում մարմանվորում էր հայերենի ուսուցչուհի Էլյային, այսօր հեռացել է էկրաններից ու ուժերը փորձում է նոր ոլորտում մարքեթինգում և զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:

Դերասանուհին նաև մայրացել է ու իր խոսքով՝ որդին՝ Լեոն, դարձել է իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ 

Սակայն դերասանությունը Լիանայի կյանքից երբեք չի հեռացել։ 

«Այն պահը, երբ առաջին անգամ հասկացա, որ սա իսկապես իմ մասնագիտությունն է, եղավ Թատերական ինստիտուտի ուսանողական տարիներին, երբ առաջին անգամ բեմ բարձրացա լուրջ, կերպարային դերով։ Էներգիայի այն փոխանակումը, որը տեղի է ունենում հանդիսատեսի կամ նկարահանման հրապարակում խաղընկերներիդ հետ, և այն զգացողությունը, որ դու կարող ես մեկ ուրիշի կյանքով ապրել ու հավատալ դրան, վերջնականապես փարատեց բոլոր կասկածները։ »,- պատմում է Լիանան։

Թեև հեռուստադիտողը նրան առավելապես ճանաչել է կատակերգական և սիթքոմային ժանրից, դերասանուհուն այսօր ավելի շատ հետաքրքրում են հոգեբանական պատմությունները։ Դրաման ու թրիլլերը այն ժանրերից են, որոնցում Լիանան կցանկանար իրեն նորովի բացահայտել։

«Շատ կուզենայի ուժերս փորձել հոգեբանական թրիլլերում կամ սուր դրամայում՝ խաղալով բարդ ճակատագիր ունեցող, հակասական բնավորությամբ կերպար, որը լիովին կտարբերվի այն ամենից, ինչ արել եմ մինչ օրս»,- ասում է նա։

Այսօր Լիանան պատրաստ է նաև մասնագիտական նոր փորձությունների։ Եթե կերպարը պահանջի, դերասանուհին պատրաստ է փոխել արտաքինն ու նույնիսկ ընդունել իրեն խորթ բնավորության գծեր։ Քաշի փոփոխությունը, վարսերի փոփոխությունը կամ կերպարի համար սեփական կարծրատիպերից դուրս գալը նրա համար մասնագիտական ադրենալին են։

«Եթե կերպարն ունի հիմնավորված ասելիք, ես պատրաստ եմ կոտրել ցանկացած կարծրատիպ»,- ասում է Լիանան։

Իսկ եթե հնարավորություն ունենար հենց ինքն ընտրելու ու գրելու իր հաջորդ դերը, էկրանին կստեղծեր ժամանակակից, ուժեղ ու ինքնաբավ կնոջ կերպար։ Կնոջ, որը սեփական ուժերով հասել է հաջողության, անցել է դժվարությունների միջով, բայց չի կորցրել իր կանացիությունը, նրբությունն ու հումորի զգացումը։

Այդ կերպարում, թերևս, կլիներ նաև այսօրվա Լիանայի մի մասը՝ տարիների փորձը, մայրության բերած նոր պատասխանատվությունը և մասնագիտական նոր բացահայտումների ցանկությունը։

«Դա կլիներ մի դեր, որտեղ կմիախառնվեին իմ այսօրվա կյանքի փորձն ու էներգիան»,- եզրափակում է դերասանուհին։ 

Հեղինակ ՝ Անի Ավետիսյան