Սելին Դիոնը բեմում ընկել է Փարիզի համերգի ժամանակ
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը բեմում վայր է ընկել Փարիզում անցկացվող վերադարձի համերգաշարի վերջին ելույթի ժամանակ։ 58-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Նանտերի «Plenitude Arena»-ում։Այս մասին գրում է People-ը։
Համերգի տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Դիոնի տաբատը կառչում կոշիկի կրունկից, ինչի հետևանքով նա վայր է ընկնում։ Սակայն երգչուհին անմիջապես ոտքի է կանգնում և շարունակում ելույթը։ Ըստ տարածված տեղեկությունների, միջադեպը լուրջ վնասվածքներ չի պատճառել նրան։
Ավելի ուշ Դիոնը սկսել է կատարել իր 1995 թվականի հայտնի «Pour que tu m’aimes encore» երգը։ Կատարման ընթացքում նա խոստովանել է հանդիսատեսին, որ մոռացել է բառերը՝ հրավիրելով ներկաներին միանալ իրեն և երգել միասին։ Հանդիսատեսի աջակցությունը հուզել է երգչուհուն, որը ներողություն է խնդրել և շնորհակալություն հայտնել ներկաներին։
Դիոնն այժմ հինգ շաբաթ տևող համերգների շարք է անցկացնում Փարիզի նույն արենայում։ Ելույթները նրա վերադարձն են կենդանի կատարումներին՝ 2022 թվականի դեկտեմբերին հայտնաբերված համախտանիշից հետո։ Նյարդաբանական այդ հազվադեպ խանգարումն ազդում է մկանների վրա։
Երգչուհու հաջորդ համերգների շարքը նույն արենայում նախատեսված է 2027 թվականի մայիսին։









