Մահացել է «Կարգին սերիալի» Ջեմման՝ Ժենյա Մկրտումյանը
Այսօր մահացել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Tert.am Life–ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ից, որտեղ մահացել է դերասանուհին։
Թե ինչից է մահացել դերասանուհին, հիվանդանոցից չասացին՝ նշելով, որ այս պահին այլ տեղեկություններ հաղորդել չեն կարող։
Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր: Նա խաղացել է մի շարք հեռուստանախագծերում։ Նրա ամենահիշված դերը «Կարգին սերիալում» Ջեմմայի կերպարն էր: Տկն Ժենյան դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին էր, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը։
Նա խաղացել է «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը...», «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերում և «Կարգին սերիալ», «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» հեռուստանախագծերում։
Tert.am Life–ը ցավակցում է դերասանուհու հարազատներին։







